Հանրագիտարան

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

1939 թվականին ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայրական տունը, որը գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղում, վերածվել է տուն-թանգարանի:

Այստեղ պահպանվում են մեծ գրողի կյանքն ու գործը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշներ: Բակում տեղադրված է գրողի կիսանդրին (գործ Ա. Ուրարտուի, 1953թ.) և կառուցված է մատուռ (1994թ.), որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը:

Թանգարանը երկհարկանի է, բաղկացած վեց սենյակից: Առաջին հարկում են գտնվում հացատունը, մեծ օթախը և երկու ցուցասրահ: Վերջին երկուսում ներկայացված ցուցանմուշները պատմում են Թումանյանի տոհմաբանության, ծնողների, Թիֆլիսում և Ջալալօղլիում ուսումնառության տարիների, գրողի գրական-հասարակական գործունեության մասին: Երկրորդ հարկում գտնվող երկու սրահում ցուցադրված են բանաստեղծի մահճակալը, գրասեղանը, հագուստը և անձնական իրեր:
 
Տուն-թանգարանի շենքը վերանորոգված է սփյուռքահայ Գունտագճյան և Պուճիկյան ամուսինների նյութական օժանդակությամբ: Նորացված է նաև ցուցադրությունը: Չնայած տուն-թանգարանը գտնվում է բարձրադիր գյուղական բնակավայրում, սակայն հանճարեղ բանաստեղծի, արձակագրի, մանկագրի ու ազգային խոշոր գործչի անսպառ ձգողական ուժը այստեղ է բերում հազարավոր այցելուների`  հաղորդակցվելու նրա նվիրական մասունքներին:
 
Թումանյանին վերաբերող հիշարժան տարեթվերի և զանազան այլ առիթներով այստեղ կազմակերպվում են խոշոր հանդիսություններ և ամենամյա թումանյանական օրեր…

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: