Հանրագիտարան

Մուլտիպլիկացիա

Մուլտիպլիկացիան (կամ անիմացիան) կինոարվեստի տեսակ է, որտեղ ֆիլմերն ստեղծվում են նկարված կամ ծավալային օբյեկտների շարժման առանձին հաջորդական փուլերի նկարահանմամբ:

 

Մուլտիպլիկացիոն կինոնկարները լինում են նկարչական (գրաֆիկական) և ծավալային (տիկնիկային): Նկարչական մուլտիպլիկացիան 1908 թ-ին սկզբնավորել է ֆրանսիացի ծաղրանկարիչ Էմիլ Կոլը, իսկ ծավալայինի հիմնադիրը ռուս կինոռեժիսոր, օպերատոր և նկարիչ Վլադիմիր Ստարևիչն է («Գեղեցկուհի Լյուկանիդան», 1912 թ.): Մուլտիպլիկացիոն կինոյի զարգացմանը մեծապես նպաստել է Ուոլտ Դիսնեյը: Այդ բնագավառի նշանավոր ներկայացուցիչներից են նաև ԱՄՆ-ում՝ Դեյվ Ֆլեյշերը, Ջոն Հաբլեյը, Ֆրանսիայում՝ Պոլ Գրիմոն, Բենժամեն Ռաբիեն, Չինաստանում՝ Վան եղբայրները, Ճապոնիայում՝ Օսամց Տեձուկան, Կացուհիրո Կավամատոն, Էձի Կուրին, Անգլիայում՝ Ջոն Հալասը, Ռումինիայում՝ Յոն Պոպեսկու-Գոպոն, Չեխոսլովակիայում՝ Յիրժի Տրնկան, Բուլղարիայում՝ Թոդոր Դինովը, Հարավսլավիայում՝ Դուշան Վուկոտիչը (առաջին մուլտիպլիկատորն է, որ արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «Սուռոգատ» մուլտֆիլմի համար), Ռուսաստանում՝ Ֆյոդոր Խիտրուկը, Իվան Իվանով-Վանոն, Վյաչեսլավ Կոտյոնոչկինը և ուրիշներ: 
 
Հայաստանում առաջին մուլտիպլիկացիոն կինոնկարներն ստեղծել է կինոռեժիսոր Լև Ատամանովը՝ «Շունն ու կատուն» (1938 թ.), «Տերտերն ու այծը» (1939 թ.), «Կախարդական գորգը» (1947 թ., հայկական առաջին գունավոր մուլտֆիլմն է, նկարիչ՝ Հակոբ Կոջոյան):
 
Մուլտֆիլմեր են նկարահանվում և՜ երեխաների, և՜ մեծահասակների համար: Մուլտկինոյի թեմատիկան բազմազան է. էկրանավորվում են առակներ, ավանդազրույցներ, հեքիաթներ, աստվածաշնչյան թեմաներ և այլն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: