Հանրագիտարան

Հովհաննես Թումանյանի թանգարան

1953թ. ապրիլից, Երևանի Մոսկովյան 40 հասցեում, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով բացվեց մեծ մտածող, հումանիստ, գրող, հեքիաթագիր Հովհ. Թումանյանի թանգարանը, որտեղ խնամքով պահվում է ավելի քան 18000 ցուցանմուշ:

Թանգարանի երկրորդ հարկում գտնվող վեց սրահներում ամենայն մանրամասնությամբ վերարտադրված է Հովհ. Թումանյանի Թիֆլիսյան վերջին բնակարանը: Նույն հարկում առանձին սրահում ներկայացված է թանգարանի մեծագույն արժեքներից մեկը`   Հովհ. Թումանյանի անձնական բացառիկ ու բազմաբնույթ գրադարանը մոտ 8000 գրքով: Գրողի հասարակական գործչի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերը (լուսանկարներ, նամակներ, փաստաթղթեր, ձեռագրեր, հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված նկարազարդումներ) ժամանակագրական կարգով ցուցադրված են առաջին հարկում , որտեղից էլ սկսվում է այցելուի ծանոթությունը թանգարանի հետ: Խորհրդավոր տպավորություն է թողնում Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակը:Թվում է, թե հիմա, ուր որ է`  Թումանյանի գլխավորությամբ այստեղ կհայտնվեն 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի մեր մեծ մտավորականները`   Ղ. Աղայանը, Լ. Շանթը, Դ. Դեմիրճյանը, Կոմիտասը, Բաշինջաղյանը, Իսահակյանը և կսկսվի բուռն և իմաստուն զրույցը: Թանգարանը հարուստ է նաև կերպարվեստի գլուխգործոցներով, որոնք զարդարել են Թումանյանի բնակարանն իր կենդանության օրոք (Գ. Բաշինջաղյան, Թերլեմեզյան), նաև նոր գործերով, որոնք ստեղծվել են մտավորականի կյանքի և ստեղծագործությունների ազդեցությամբ (Մ. Սարյան, Գր. Խանջյան, Ալ.Գրիգորյան և այլոք): Թանգարանի ուշագրավ անկյուններից է նաև «Լոռվա ձորը» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է «Անուշ» օպերայի հնչյուններով`   այցելուին տեղափոխելով Հայաստանի հյուսիսային ամենից գեղեցիկ անկյուններից մեկը: Երկրորդ հարկում գտնվում է ընդարձակ, լուսավոր դահլիճ`   նախատեսված ցուցահանդեսների, միջոցառումների, ներկայացումների համար: Թանգարանի ձմեռային այգին թումանյանական թեմաներով քանդակի յուրատեսակ ցուցահանդես է: Թանգարանի ներքին բակում Թումանյանի սիրած պտղատու ծառերով ու ծաղիկներով բաց այգին է`   փոքրիկ ջրավազանով: Դեպի թանգարան տանող 54 աստիճանը մեծ հայի կյանքի տարիները խորհրդանշող թիվն է:

Երևան, Մոսկովյան փող., 40 շենք
հեռ. 560021
www.toumanian.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: