Հանրագիտարան

Կինո

Կինոն ստեղծվում է կյանքի իրական փաստերի կամ գեղարվեստական կերպավորմամբ վերարտադրված գործողությունների կամ մուլտիպլիկացիայի միջոցներով արված պատմությունների նկարահանմամբ:

Կինոն միավորում է տարածական և ժամանակային արվեստների, գրականության, երաժշտության, կերպարվեստի, թատերարվեստի հնարավորությունները և միայն իրեն հատուկ արտահայտչամիջոցներով ստեղծում կինոնկարներ:  

«Կինոն» հունարեն է. նշանակում է շարժել:

Կինոգյուտի հեղինակները ֆրանսիացի գյուտարարներ Լյումիեր եղբայրներն են. 1895 թ-ին հայտնագործել են «Շարժվող լուսանկարների» նկարահանման ու պրոյեկտման կինոսարքը, որն արտոնագրվել և անվանվել է կինեմատոգրաֆ: Առաջին կինոցուցադրումը տեղի է ունեցել նույն թվականին, Փարիզում:

Կինոխցիկի և կինոնկարահանման եղանակների բազմազանության շնորհիվ կինոն, ի տարբերություն մյուս արվեստների, կարողանում է որոշակի և հավաստի վերարտադրել կյանքի յուրաքանչյուր դրսևորում՝ փոփոխելով գործողության վայրը, ընտրելով անհրաժեշտ դիտակետեր, և լույսի ու գույնի օգնությամբ հասնել իրադարձությունների տեսապատկերային մեկնաբանության: Նկարահանված տարբեր կադրերի (կինոժապավենի վրա պատկերված անշարժ կամ շարժման մեկ պատկեր) համադրման, մոնտաժման միջոցով խտացվում և կենտրոնացվում է ֆիլմի գործողությունը, ստեղծվում տարաժամանակային, իմաստահուզական նոր՝ էկրանային իրողություն, բացահայտվում և մեկնաբանվում են կերպարները, սցենարիստի ասելիքը: Ստեղծագործական և արտադրական այդ բարդ գործընթացում հիմնականում միավորված են սցենարիստի, ռեժիսորի, դերասանի, օպերատորի, նկարչի, կոմպոզիտորի աշխատանքը: 
Զարգացման ընթացքում ձևավորվել են կինոյի հետևյալ տեսակները. 
  1. գեղարվեստական (խաղարկային), որը դերասանական արվեստի միջոցներով մարմնավորում է գեղարվեստական արձակի ու թատերական դրամատուրգիայի, պոեզիայի երկերը,
  2. վավերագրական, որը կերպարներն ստեղծում է իրականության անմիջական դիտարկումներով,
  3. մուլտիպլիկացիոն, որն ստեղծվում է նկարված կամ ծավալային օբյեկտների շարժման առանձին հաջորդական փուլերի նկարահանմամբ,
  4. գիտահանրամատչելի, որն օգտագործում է նշված 3 տեսակների միջոցները: 
Կինոն բաժանվում է համր և  հնչուն շրջանների:
1930-ական թթ-ի սկզբին դարձել է հնչուն, մշակվել են գունավոր նկարահանման տեխնիկական հիմունքները: 1950-ական թվականներից ստեղծվել են էկրանի տարբեր չափերի համար նախատեսված ֆիլմեր (լայնէկրան, լայնաֆորմատ, համայնապատկերային և այլն): 
Ֆրանսիայում արժեքավոր ֆիլմեր են ստեղծել  ռեժիսորներ Ժ. Մելիեսը (առաջին կինոստուդիայի ստեղծողը), Ժան Ռենուարը, Ռենե Կլերը, Անրի Վեռնոյը, ԽՍՀՄ-ում՝ Սերգեյ Էյզենշտեյնը, Ալեքսանդր Դովժենկոն, Սերգեյ Գերասիմովը, Սերգեյ Բոնդարչուկը, Անդրեյ Տարկովսկին, Լև Կուլիջանովը, ԱՄՆ-ում՝ Չառլի Չապլինը, Քինգ Վիդորը, Ստենլի Կրամերը, Ռուբեն Մամուլյանը և ուրիշներ:
Զարգացած կինոարտադրություն ունեն Անգլիան, Իտալիան, Գերմանիան, Ճապոնիան, Չինաստանը, Հնդկաստանը և այլ երկրներ:
Հայաստանում առաջին կինոնկարահանումներն արվել են 1907–14 թթ-ին: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: