Հանրագիտարան

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարանը ստեղծվել է ՀՀ Կառավարության 1968 թ. մայիսի 24-ի թիվ 225 որոշմամբ, որի համար գիտական հիմք են հանդիսացել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող նշանավոր 3 հնավայրերից`   Արին բերդից, Կարմիր բլուրից և Շենգավիթից հայտնաբերված գտածոները:

Հանրության առջև թանգարանն իր դռները բացել է 1968թ. հոկտեմբերի 19-ին`   ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Այնուհետև ՀՀ Կառավարության  2003թ.  մարտի 7-ի N  313-Ն որոշմամբ վերանվանվելով  որպես պատմահնագիտական արգելոց-թանգարան`   Էրեբունին այսօր գործում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով`   հանդիսանալով հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:

Թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը`   պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը: 1970թ. շենքի նախագիծն արժանացել է ԽՍՀՄ Ճարտարապետների միության դիպլոմի: Հեղինակներն են ճարտարապետներ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը`   ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանը: 
 
Թանգարանի 1-ին գիտական ցուցադրությունը (հեղինակ`   պատմ. գիտ. դոկտոր Լավրենտի Բարսեղյան) գործել է մինչև 1982թ. : 1982-ից մինչ օրս գործող  գիտական ցուցադրության հեղինակը պատմ. գիտ. դոկտոր Ստեփան Եսայանն է:
 
Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ և օտարերկրյա զբոսաշրջիկներ  այցելում են թանգարան`    իրենց ստացած տպավորությունների մասին  գրառումներ թողնելով թանգարանի հուշամատյանում: Միայն 2009թ. թանգարանն ունեցել է 17 200 այցելու:  
 
020, ք. Երևան, Էրեբունի փող. 38
Հեռ. +374 10 43 26 61
www.erebuni.am

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: