Հանրագիտարան

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

Հայ ժողովրդի մեծ զավակ, անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1978թ-ին: Այն կոչված է մեծ արվեստագետի հիշատակը հավերժացնելու և նրա երաժշտական հարուստ ժառանգությունը պահպանելու և ապագա սերունդներին փոխանցելու:

Տուն-թանգարանը ստեղծվեց մարշալ Բաղրամյանի պողոտայի և Պլեխանով /այժմ`   Զարոբյան/ փողոցի հատման հատվածում գտնվող այն առաձնատան հիման վրա, որ 1947 թ-ին Արամ Խաչատրյանին նվիրել էր Խորհրդային Հայաստանի կառավարությունը: Միահարկ առանձնատունը /ճարտարապետ Մարկ Գրիգորյան/ բաղկացած էր հինգ ընդարձակ սենյակներից և ուներ տնամերձ այգի: Այն տուն-թանգարանի վերածելու ՀԽՍՀ մինիստրների խորհրդի որոշումը կայացվել էր 1976 թ-ի հուլիսի 21-ին`   դեռևս կոմպոզիտորի կենդանության օրոք: Նա առիթ էր ունեցել ծանոթանալու ապագա տուն-թանգարանի շենքի նախագծի էսքիզներին, որ ստեղծել էր ճարտարապետ Մարկ Գրիգորյանը և նախագծի ալբոմի տիտղոսաթերթի վրա գրի էր առել իր դիտարկումներն ու առաջարկությունները: 

Ճարտարապետ Մարկ Գրիգորյանի մահից հետո`   թանգարանի շենքի նախագծային աշխատանքներն ավարտեց ճարտարապետ էդվարդ Ալթունյանը: 
Արամ Խաչատրյանը սիրում էր իր այս երևանյան բնակարանը: Այստեղ հիմնականում ապրում էին մայրը, եղբայր Վաղինակը իր ընտանիքով: Ինքն էլ Հայրենիք այցելելիս այստեղ էր կանգ առնում, ընդունում հյուրերին, աշխատում`   ի մի բերելով Հայաստանի տարբեր շրջաններից ստացած տպավորությունները: 
Առանձնատունը պահպանվել է անփոփոխ, իսկ նրան համալրող տուն-թանգարանի երկհարկանի շենքը կառուցվել է այգու տարածքում: Պահպանվել է մի փոքրիկ ներքին բակ, ուր Ա. Խաչատրյանի ծննդյան 105-ամյակի օրը կանգնեցվեց հուշաղբյուր`   ճարտարապետներ Ս. Գյուրզադյանի և Ս. Բարսեղյանի նվերը թանգարանին: Շենքի ճակատային մասում վեր խոյացող հինգ կամարները կամերտոն են հիշեցնում: 
Առաջին հարկում հուշատունն է, ֆոնդադարանը, գրադարանը, աշխատասենյակները: Ճեմասրահից ոլորապտույտ աստիճանները տանում են երկրորդ հարկ, ուր 10 ընդարձակ և լուսավոր ցուցասրահները նախատեսված են մշտական ցուցադրության համար: Երկրորդ հարկում են նաև ձայնադարանը և համերգասրահը: 
1984 թ-ի հունվարի 23-ին բացվեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի առաջին ցուցադրությունը: Այդ օրերին մեր երկրի, ինչպես նաև ամբողջ աշխարհի երաժշտասեր հասարակայնությունը մեծ շուքով նշում էր աշխարհահռչակ կոմպոզիտորի 80-ամյակը: 
Կարճ ժամանակում այն դարձավ սիրված վայր մեծ երաժշտի ոչ միայն հայ, այլև օտարերկրացի երկրպագուների համար: 
 
Տուն-թանգարանի խնդիրներն է հավաքածուի առավելագույն ամբողջականացումը, հավաքածուն անվտանգ պահպանելը և պատշաճ մակարդակով հանրությանը ներկայացնելը: 
Թանգարանում իրականցվող գիտաֆոնդային աշխատանքներն ուղղված են կոմպոզիտորի կյանքի ու ստեղծագործության խորը ուսումնասիրմանը: 
Թանգարանը զբաղվում է կոմպոզիտորին վերաբերող նյութերի հրատարակմամբ: Հավաքածուի նյութերի հիման վրա արդեն լույս են տեսել Ա. Խաչատրյանի նամականին 3 հատորով`   հայերեն և ռուսերեն, թանգարանի բուկլետը, պարբերաբար հրատարակվում են թանգարանի նոր ցուցադրության գովազդային բուկլետները: 
Թանգարանի գիտաշխատողները Ա. Խաչատրյանի կյանքին ու գործունեությանը նվիրված գիտաժողովներում հանդես են գալիս հոդվածներով, որոնք նաև տպագրվում են լրագրերում ու պարբերականներում: 
Տուն-թանգարանի առաջին տնօրեն, հանրապետության վաստակավոր ուսուցիչ Գոհար Հարությունյանի ղեկավարությամբ թանգարանում ընդունված ավանդույթները շարունակվում և նոր լույսի տակ են զարգացվում թանգարանի ներկա տնօրեն`   դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանի ղեկավարությամբ: 
 
Տուն-թանգարանում կազմակերպվում են արդեն ավադական դարձած միջոցառումներ`   փառատոներ, հուշ-երեկոներ, մրցույթներ, հանդիպումներ մշակույթի անվանի գործիչների հետ, կազմակերպվում են ցուցահանդեսներ, հնչում են հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների պրեմիերաներ: 
Տուն-թանգարանի գործունեության յուրաքանչյուր նոր ձեռնարկում քննարկում է թանգարանի գիտական խորհրդը, որի կազմում են անվանի երաժիշտներ, երաժշտագետներ: 
2006 թ-ին կառավարությունը ձեռնարկեց տուն-թանգարանի շենքի հիմնավերանորոգումը, իսկ 2008 թ-ին հունիսի 6-ին բացվեց տուն-թանգարանի նոր մշտական ցուցադրությունը:
 
Երևան, Զարուբյան 3
հեռ. 589418, 580178, 522691
www.akhachaturianmuseum.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: