Հանրագիտարան

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

Մինիստրների Խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանի նոյեմբերի 21-ի N491 որոշմամբ, Նալբանդյան 23 /այժմ 21/ հասցեում 1963թ-ին հիմնադրվել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը: Այնտեղ կոմպոզիտորը ապրել է կյանքի վերջին տարիներին`   1926-1928թթ:

Բացվել է 1967թ-ի նոյեմբերի 25-ին: 

Այն Հայաստանում առաջին երաժշտական տուն-թանգարանն էր:
Հիմնադիրն է կոմպոզիտորի դուստր Մարինա Սպենդիարովան, իսկ հիմնադիր տնօրենը՝ կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը:
 
Այս շենքը կառուցվել է 1925թվականին ճարտարապետ Ն. Բունիաթյանի նախագծով: Այն Խորհրդային Հայաստանի առաջին բնակելի շենքերից է: 1926թ-ին ճարտարապետ Ալ. Թամանյանի առաջարկությամբ շենքի կոմունալ բնակարաններից մի փոքրիկ սենյակ հատկացվում է Ալ. Սպենդիարյանին: Այժմ շենքն ընդգրկված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, որպես հանրապետական նշանակության հուշարձան:
 
Տուն-թանգարանի հավաքածուն կազմում է 1317թանգարանային առարկա, որի զգալի մասը նվիրել է Մարինա Սպենդիարովան: Այն ներառում է կոմպոզիտորի անձնական իրերը, փաստաթղթեր ու նամակներ, նոտաներ ու ձեռագրեր, որոնք տեղեկություն են տալիս Սպենդիարյանի կյանքի ու գործունեության մասին:  Դրանք ներկայացնում են նրա փոխհարաբերությունները 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի մշակույթի խոշորագույն գործիչների հետ. ռուս կոմպոզիտորներ Ն. Ա. Ռիմսկի-Կորսակով (Սպենդիարյանի ուսաուցիչը), Ա. Ս. Արենսկի, Ա. Կ. Գլազունով, Ց. Ա.  Կյուի, գրողներ Մաքսիմ Գորկի, Անտոն Չեխով ու Լև Տոլստոյ, հայ գրողներ Հովհաննես Թումանյան ու Ալեքսանդր Ծատուրյան, կոմպոզիտորներ Ն. Տիգրանյան ու Ռոմանոս Մելիքյան, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյան, նկարիչներ Վ. Սուրենյանց, Մարտիրոս Սարյան և այլոք:
 
Տուն-թանգարանն իրականացնում է մշակութային, գիտական, կրթական գործունեություն: Մեծ ուշադրություն է դարձվում կրթամշակութային միջոցառումներին, որոնք նպատակ ունեն երեխաներին կապել տուն-թանգարանի հետ, նրանց մեջ ձևավորել ճաշակ բարձր արվեստի նկատմամբ: Թանգարանում կազմակերպվում են համերգներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ և ավանդական միջոցառումներ. «Ռոմանսի երեկոներ», «պատանի սպենդիարանականների երդում», «Մեկ օր Սպենդիարյանի տուն-թանգարանում» և այլն:
 
Երևան, Նալբանդյան 21
հեռ. 58 07 83, 52 12 99
www.spendiaryanmuseum.am

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: