Հանրագիտարան

Ցաղաց Քար վանական համալիր

Ցաղաց քար վանքը գտնվում է Արտաբույնք գյուղից մոտ 6կմ դեպի հյուսիս արևելք, բարձրավանդակի վրա: Բաղկացած է երկու խմբից, որոնք իրարից հեռու են 200մ:

Ցաղաց քարի արևմտյան խմբի գլխավոր եկեղեցին կոչվում է սբ. Աստվածածին, որը կառուցվել է Սմբատ Բագրատունու օրոք`   10-րդ դարում:  Հուշարձանախմբի հաջորդը ս. Հովհաննես անունով միանավ թաղակապ եկեղեցին է`   շարված  բազալտե  կոպտատաշ քարերով և կրաշաղախով: Եկեղեցու արևելյան որմին փորագրված է թվական`   ՆԼԸ (989թ.): Արևմտյան որմին փորագրված արձանագրությունը հաղորդում է 1222թ. եկեղեցին վերանորոgելու մասին:

Ս. Կարապետ: Ցաղաց քարի արևելյան խմբի gլխավոր եկեղեցին կոչվում է ս. Կարապետ: Կառուցվել է 1041թ.-ին Վարդիկ վանահոր հովանավորությամբ: Գմբեթավոր այս չքնաղ հուշարձանը լավագույններից է Հայաստանում, այն կառուցված է բազալտի զանգվածեղ սրբատաշ քարերով:
Ս. Կարապետի հարավային միակ մուտքի ճակատային քարը հարդարված է խաղողի ու նռան քանդակներով: Հյուսածո քանդակների կատարելությամբ աչքի են ընկնում եկեղեցու արևելյան և արևմտյան պատուհանների շրջանակները:
Արևելյան պատի տակ ընկած է մի քանդակ, որը ներկայացնում է թևատարած արծիվ`   մագիլներում խոյ կամ գառ բռնած (նշան`   տարածքը Սյունյաց գահերեց իշխաններին պատկանելու վերաբերյալ):
 
Ս. Կարապետի հյուիսային որմի վերին մասում զետեղված է մի ուրիշ զինանշան ներկայացնող բարձրաքանդակ, որը պատկերում է առյուծի, եզան կամ ցուլի մենամարտ: Քանդակը Վայոց ձորի Վասակյան ճյուղի ներկայացուցիչների ժառանգական խորհրդանիշներից մեկն է:
Խմբի հաջորդ կառույցը սբ.Նշան երկհարկանի դամբարան եկեղեցին է: Կառույցի առաջին հարկում ուղղանկյուն-քառանկյուն հատակագծով և պայտաձև խորանով եկեղեցին է: Արևմտյան մասում գավիթն է: Երկրորդ հարկում`  գավիթի վրա փոքրիկ մատուռ-աղոթարանն է: Կառույցի արևմտյան ճակատը զարդարում են զույգ գեղաքանդակ խաչքարերը: Ս. Նշանը իր տիպի մեջ հայտնի ամենավաղ կառույցն է Սյունիքում: Ցաղաց Քարի հուշարձանախմբի շուրջը տարածվում է 10-17-րդ դարերի գերեզմանատունը`   բազմաթիվ խաչքարերով և տապանաքարերով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: