Հանրագիտարան

Տեղեր վանական համալիր

Տեղերի վանական համալիրը, որը կառուցվել է XIIIդ.ում, գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում, Արագած լեռան հարավային լանջին գտնվող Տեղեր գյուղում: Համալիրի կազմում են գմբեթավոր եկեղեցին և գավիթը։ Վանական համալիրը հայտնի է նաև Դգիր, Դըղըր, Դըղր, Դըղրի, Դիղիր, Դղեր, Դղըր, Դղըրի, Դղիր, Տեխեր անուններով:

Տեղերի վանքը գտնվում է գյուղի բարձրադիր մասում, ձորաբերանին: Եկեղեցուց և գավթից բաղկացած այս վանական համալիրը կառուցվել է 13-րդ դարի առաջին կեսին`   1206-1232 թթ-ին`   Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի կնոջ`   Հասանի դուստր Մամախաթունի հովհանավորությամբ: Համալիրը կառուցված է ոչ մեծ բլրի վրա, մուգ մոխրագույն բազալտից (1213-1232թթ.), առանձնանում է իր խիստ ձևերով և դեկորատիվ հարդարանքի գրեթե իսպառ բացակայությամբ։ Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը (ըստ սյուներից մեկի վրա պահպանված արձանագրության շինարարությունը տևել է 11 տարի և ավարտվել 1232թ-ին)։ Այն իր չափերով գերազանցում է եկեղեցուն։ Սկզբունքային նորություն և բացառիկ երևույթ են գավթի ծածկի վրա հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան անկյուններում առկա գմբեթավոր մատուռները (մուտքերը բացվում են գավթի ծածկի վրա), որոնք խիստ յուրօրինակ ուրվագիծ են հաղորդում կառույցին։ Երկրորդ հարկի այդ մատուռներն անմիջականորեն առնչվում են գավթում թաղված ննջեցյալների հիշատակի հավերժացման հետ և զուգահեռներ ունեն այդ դարաշրջանում զգալի տարածում գտած երկհարկ դամբարան-եկեղեցիների ընդհանուր հորինվածքի հետ։

Ճարտարապետական հորինվածքով աչքի է ընկնում գավիթը, որի տանիքին`   հարավ-արևմտյան և հյուսիս-արևմտյան անկյուններին կառուցված են մեկական մատուռ-եկեղեցիներ: Հայկական ճարտարապետության մեջ Տեղերի վանքի գավիթը, շնորհիվ իր յուրահատուկ կառուցվածքային մտահղացման, առանձնակի տեղ է գրավում: Համալիրի տարածքից սքանչելի տեսարան է բացվում դեպի Բյուրականի աստղադիտարանը: Վանքի ճարտարապետն ըստ սյուներից մեկի վրա եղած արձանագրության, վարդպետ Աղբայրիկն է:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: