Հանրագիտարան

Թանադե վանք

ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7 կմ հարավ-արևելքում է գտնվում Թանադե կամ Թանատի վանքը, որը հիմնադրվել է վաղ միջնադարում`   որպես ճգնավորական մենաստան:

Ըստ պատմիչ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանի, 795-ին Թանադե վանքում ամփոփել են Ստեփանոս Սյունեցու դին և գերեզմանի վրա փոքրիկ մատուռ կառուցել: 1273-79-ին մատուռի տեղում, Պռոշ իշխանի և նրա ընտանիքի հովանավորությամբ, շրջակայքի բնակիչների ուժերով կառուցվել է ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով (արևելյան կողմինները`   երկհարկ), արտաքուստ ուղղանկյուն, գմբեթավոր հորինվածքով Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Գմբեթի հովանոցաձև վեղարով բազմանիստ թմբուկը զարդարված է բարձրաքանդակներով. հարավային լուսամուտից վերև Պռոշյանների զինանշանն է`   թևատարած արծիվ, մագիլներում`   խոյ, վեղարի տակ`   եզան գլուխ, ցուլի վրա հարձակվող առյուծ, թռչուն, հարավային պատին`  արևի ժամացույցի վրա քանդակված են գավաթից ջուր խմող երկու սիրամարգ, նրանցից ձախ`   թռչունը ձագի հետ և այլն: Սուրբ Ստեփանոս եկեղեցուն հյուսիսից կից է XIII դ., սրբատաշ բազալտից միանավ Սուրբ Նշան կամ Վարագա Սուրբ Նշան կոչվող եկեղեցին (հավանաբար, որոշ ժամանակ այստեղ է պահվել Վարագավանքի հռչակավոր սուրբ Նշանը): Նրա արևմտյան մուտքի ճակատակալ քարին քանդակված է Պռոշյան իշխանական տոհմից երիտասարդ հեծյալ, որը նիզակը խրել է առյուծի երախը, իսկ նրանցից վերև տարբեր թռչուններ են պատկերված: Թանադե վանքի քանդակները միջնադարյան հայկական աշխարհիկ պատկերաքանդակների արժեքավոր նմուշներ են:

Թանադե վանքը XIV դ. ստացել է բազմաթիվ նվիրատվություններ`   հողամասեր, այգիներ, դրամ: 1335-ին Հայրուտը վանքում «աղոթանոց» է կառուցել: Վանքի շուրջը կան XIII-XIV դդ. խաչքարեր և տապանաքարեր: 1971-ին վանքի տարածքը պեղվել է, և բացվել են վանքի գավթի, հարավային կողմում`   խոշոր միանավ եկեղեցու և նրա գավթի ու աշխարհիկ շինությունների հիմքեր (ենթադրվում է, որ այս շենքերում է գործել Գլաձորի համալսարանը): 1984-ին նորոգվել են Սուրբ Ստեփանոս և Սուրբ Նշան եկեղեցիները, և Թանադե վանքի տարածքը բարեկարգվել է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: