Հանրագիտարան

Սուրբ Զորավոր եկեղեցի

Սուրբ Զորավոր եկեղեցին Երևանի հնագույն եկեղեցիներից մեկն է, որը սկզբնապես կոչվել է Սուրբ Աստվածածնի անունով, այնուհետև վերանվանվել է Սուրբ Զորավոր:

9-13-րդ դդ. Երևանում`   Անանիա առաքյալի գերեզմանի վրա, մատուռ էր կառուցվել։ Ըստ պատմական աղբյուրների, խուսափելով Մելքիսեթ կաթողիկոսի հալածանքներից, Մովսես Սյունեցի վարդապետն Էջմիածնից եկել էր Երևան`   Կարին տեղափոխվելու նպատակով (որտեղ քարոզչությամբ պիտի զբաղվեր)։ Երևանում նա ծանոթացել էր Ամիրգունա խանի հետ և օգտվելով նրա բարյացկամ վերաբերմունքից`   ապաստանել Անանիա առաքյալի մատուռի շրջակայքում, որտեղ և 17-րդ դ. սկզբին վանք է հիմնել։ Մովսեսը կառուցել է եկեղեցի, ժամատուն, առաջնորդարան և միաբանների համար խցեր։ Ամբողջ տարածքը պարսպապատել և վանական դպրոց է հիմնել։ Ծաղկուն ու լայն գործունեություն ծավալող վանքի համբավն այդ տարիներին հայտնի էր անգամ Հայաստանի սահմաններից դուրս։

Բացի Անանիա առաքյալի մատուռից`   հիշյալ բոլոր կառույցները փայտակերտ էին և հրո ճարակ դարձան 1635-36 թթ. թուրք-պարսկական պատերազմների ընթացքում։ Ըստ դեպքերի ականատես Առաքել Դավրիժեցու`   այդ կառույցները վերստին քարից կառուցեց Փիլիպոս կաթողիկոսը (1632-55 թթ.)։ 1679 թ. երկրաշարժն ավերակների վերածեց վանքն ու կից բոլոր կառույցները։
 
 Նույն տարածքում վեր խոյացած ներկայիս Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1693 թ.`   Խոջա-Փանոսի նվիրատվությամբ։ Այս շինության արձանագրությունը փորագրված է արևմտյան պատի վրա դրսից`   դռան աջ կողմում, մի մեծադիր, պատկերազարդ խաչքարից վեր։ Անապատի վանահայր Ավետիք վարդապետը կառուցել է տվել եկեղեցու խաչկալը, որի արձանագրությունը փորագրված է եկեղեցու ձախակողմյան սյան վրա։
 
 1889 թ. բացվել են հարավային դուռը և լուսամուտները, կառուցվել է նոր խաչկալ, վերնատուն, վերանորոգվել են տանիքն ու պարիսպները և արձանագրությունը փորագրվել է նորաբաց դռան վերին հատվածում։
 
 Ըստ արձանագրության և մատենագիտական աղբյուրների`   եկեղեցու անունը Աստվածածին է, որը Զորավոր անունը ստացել է ավելի ուշ`   այնտեղ պահվող հրաշագործ և զորավոր համարվող մի ձեռագիր մատյանից։
 
 Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցու արևմտյան դռան ձախ կողմում տեղադրված պատկերազարդ խաչքարի վրա հիշատակվում է Գեղամյան տոհմի Մեծ­ Յուզբաշու երրորդ որդի Գաբրիել հարյուրապետի անունը`   որպես տոհմի արժանի ժառանգ։ Արձանագրությունը փաստում է (1793 թ.), որ ի հիշատակ իր տոհմի`   նա վերանորոգել է տվել տաճարի խախտված տանիքը։
 
 Խոջա-Փանոսի կենդանության տարիներին Անանիա առաքյալի գետնափոր դամբարանի մուտքը եկեղեցու միջից է եղել։ 1890 թ. դամբարանը զատվել է եկեղեցուց, վրան առանձին կաթողիկե է կառուցվել, դրսից առանձին մուտք է բացվել, որի մասին վկայում է դամբարանի ճակատի պատի մեջ հագցրած մարմարյա տախտակին փորագրված արձանագրությունը։ 1889 թ. դամբարանը բաժանել են եկեղեցուց, ներսի մուտքը փակել և դամբարանի գլխին եկեղեցուց անկախ գմբեթավոր մի փոքրիկ շինություն կառուցել։ Եկեղեցու արևելյան պատը դրսից նուրբ խաչքարով է զարդարված։ Մովսես Սյունեցու վախճանից հետո այն իբրև նստավայր է ծառայել մինչև 1835 թ., երբ դադարել է մենաստան լինելուց և հանձնվել Մարաղայի գաղթականներին`   որպես ծխական եկեղեցի։
 
Եկեղեցու եզակի գանձերից է նաև նկարիչ Նաղաշ Հովնաթանյանի որմնանկարը, որը պատկերում է Մարիամ Աստվածածինը մանուկ Հիսուսին խաչին զոհաբերած տեսարանը։
 
 Այս եկեղեցին, Պողոս-Պետրոսի և մյուսների նման, 17-րդ դ. վերջին բնորոշ երևանյան հուշարձաններից է։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: