Հանրագիտարան

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին հայկական նշանավոր եկեղեցիներից մեկն է Հայաստանի Հանրապետության Էջմիածին քաղաքում: Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցանկում:

Եկեղեցու հիմնադրումը: Ըստ ավանդության՝ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի: V դ. այն ավերել են պարսիկները. Սահակ Պարթևը կառուցել է նորը: Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից: Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»:

1653-ին Փիլիպոս կաթողիկոսն այն վերանորոգել է և արևմտյան մուտքի դիմաց կառուցել բաց գավիթ: Հետագայում եկեղեցին շրջափակվել է աղյուսաշեն պարսպով ու բուրգերով (1776), գավթի վրա կառուցվել է զանգակատունը (1880), շինվել են արևելյան և հարավային սրբատաշ քարե պարիսպները, բնակելի տունը, բակի օժանդակ կառույցները (1894): Զգալի նորոգումներ են կատարվել 1898-ին: 1958-ին մաքրվել է Հռիփսիմեի տաճարի ներսի տեսքը խաթարող սվաղը: Նորոգումների ժամանակ բացվել են որմնասյուների տակ որպես հիմնաքարեր դրված հելլենիստական տաճարի քանդակազարդ քիվի բեկորներ, որոնք վկայում են, որ Հռիփսիմեի տաճարի տարածքում եղել է հեթանոսական տաճար: Եկեղեցու շրջապատի պեղումների ժամանակ բացվել են նախաքրիստոնեական և վաղ քրիստոնեական շրջանի թաղումներ ու վաղ միջնադարի միանավ եկեղեցի՝ արտաքուստ հնգանիստ աբսիդով:
 
Եկեղեցու ճարտարապետությունը: Հռիփսիմեի տաճարը պատկանում է միջնադարյան Հայաստանի եկեղեցական կառույցների առավել կատարելագործված տիպին (ձևավորվել է VI դարում): Ներքուստ խաչաձև է, որն ստեղծվել է գմբեթածածկ ծավալին կցված չորս խորաններով ու շրջանի 3/4 հատվածքի անկյունային խորշերով: Ներքին տարածությունն ամբողջական է, ընդարձակ, ամփոփ ու սլացիկ: Արտաքինից պարփակված է ուղղանկյուն ծավալի մեջ. անկյուններում ստացվել են չորս սենյակներ, որոնք աղոթասրահի հետ կապվում են անկյունային խորշերով: Հռիփսիմեի տաճարը կառուցվածքով քարի ողջ պարագծով տարած միաձույլ համակարգ է, ունի մեծ երկրաշարժակայունություն: Խորանների գմբեթարդների և նրանց տանիքների միջև թողնված են սնամեջ տարածություններ, որոնք նպաստել են եկեղեցու գերազանց հնչականությանը և ծառայել որպես գաղտնարաններ: Հռիփսիմեի տաճարի կառուցվածքային համակարգը՝ չորս խորանների, խորշերի ու նրանց վրա հանգչող գմբեթի կորագիծ մակերևույթներով, նրա գեղ. կերպարի հիմնական միջոցն է: Աղոթասրահը ստացել է խիստ արտահայտիչ տարած. լուծում. ութ զանգվածեղ որմնամույթերի ուղղաձիգ ընդգծումները նրան տալիս են վերսլացություն: Հռիփսիմեի տաճարն իր տիպի կառույցներից առանձնանում է լայնանիստ (10,1 մ) ոչ բարձր թմբուկով, գմբեթային քառանկյան անկյուններում թմբուկին կցված աշտարակիկներով, ցածր ուղղանիստ ծավալից մինչև գմբեթի վեղարը ծավալների ներդաշնակ անցումներով, որով ձևավորվել է հուշարձանի առավել արտահայտիչ ուրվագիծը: Ճակատների սեղանաձև կտրվածքով խորշերն ստեղծել են ուղղաձիգ ուժեղ ընդգծումներ, ճակատների հարթությունը դարձրել ծավալային, թեթևացրել հուշարձանի զանգվածեղությունը: Հռիփսիմեի տաճարին բնորոշ է ծավալների ամփոփ ու ներդաշնակ համակցությունը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: