Հանրագիտարան

ՀՀ Պետական պարգևների մասին ընդհանուր դրույթներ

Պետական պարգևները՝ շքանշանները, մեդալները, պատվավոր
կոչումները, շնորհվում են հայրենիքին և ժողովրդին բացառիկ ու ակնառու ծառայություններ մատուցած անձանց, գիտամշակութային, առողջապահության և տնտեսության բնագավառներում աչքի ընկնող հաջողություններ ու
վաստակ ունեցող գործիչներին և ստեղծագործական կոլեկտիվներին:

 

  •  Հայաստանի Հանրապետությանը, հասարակայնությանը մատուցած ակնառու եւ բացառիկ ծառայությունները նշելու համար հիմնվում են պետական պարգեւներ՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում, Հայաստանի Հանրապետության շքանշաններ եւ մեդալներ:
  •  Հայաստանի Հանրապետության պետական պարգեւները հիմնում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը:
  •  Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհում, Հայաստանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով պարգեւատրում է Հայաստանի Հանրապետության նախագահը՝ դրանց վերաբերյալ հրապարակելով հրամանագրեր:
  •  Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման, շքանշանների եւ մեդալների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունում է օրենքներ, որոնք սահմանում են պարգեւատրման կարգը, պետական պարգեւները կրելու կանոնները:
Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների նկարագրությունները եւ նմուշները հաստատում է                    Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ըստ իր կողմից անցկացված մրցույթի արդյունքների:
 
Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, ստեղծագործական միությունների, գիտական ընկերությունների, հասարակական կազմակերպությունների եւ այլ հաստատությունների հիմնած շքանշանների եւ մեդալների նմուշները չպետք է արտաքին նմանություն ունենան Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների հետ:
 
  •  Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհվում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Հայաստանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով պարգեւատրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք:
  • Հայաստանի Հանրապետության նախագահը, փոխնախագահը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի եւ տեղական խորհուրդների պատգամավորները չեն կարող պարգեւատրվել Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով:
  •  Հայաստանի Հանրապետության պետական պարգեւի տեսակը որոշվում է պարգեւատրվողի անձի ծառայությունների բնույթին ու կարեւորությանը համապատասխան:
 
Պարգեւատրված անձանց նոր ծառայությունները կարող են կրկին նշվել պետական պարգեւով: Նույնանուն պետական պարգեւով մեկից ավելի պարգեւատրում չի կատարվում, բացառությամբ այն շքանշանների, որոնք ունեն աստիճաններ:
 
Շքանշանի նույն աստիճանը մեկից ավելի անգամ չի տրվում:
  • Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրումը կատարվում է նաեւ հետմահու:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: