Հանրագիտարան

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար

Երևանի գլխավոր եկեղեցին է համարվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը:

Կառուցվել է երջանկահիշատակ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի նախաձեռնությամբ`   նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին: Հայրապետն իր ձեռքով հուշաքար է դրել մայր եկեղեցու կառուցման վայրում: Եկեղեցու հիմնօրհնեքը կատարել է երջանկահիշատակ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն`   1997թ., Սբ. Աստվածածնի ավետման տոնակատարության օրը`   ապրիլի 7-ին:

Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի նախագծով։ Այն եկեղեցական համալիր է`   բաղկացած երեք եկեղեցուց՝ Մայր, Սբ. Տրդատ թագավորի և Սբ. Աշխեն թագուհու մատուռներից։ Եկեղեցու մուտքի առջև տեղադրված են 30-ից ավելի կամարներով կառուցված զանգակատունն ու գավիթը: Գավթում են պահվում Գրիգոր Ա Լուսավորչի մասունքները, որոնք 2000թ. Գարեգին Երկրորդը բերել էր Նեապոլի Սբ. Գրիգոր Հայի եկեղեցուց:

Մայր եկեղեցու ներքևի հարկում ընդունելությունների և եկեղեցուն առնչվող միջոցառումների համար սրահներ կան։ Նախագիծն ունի հավասարաթև խաչի հատակագիծ ու դեպի երկինք ուղղված ադամանդակերպ ծավալ: Այն ամենախոշորն է հայկական եկեղեցիների շարքում: Համալիրի մակերեսը մոտավորապես 3,822 քմ է, իսկ ամենաբարձր կետը՝ մայր եկեղեցու խաչը, հատակից 54 մետր բարձր է։ Համալիրն ամբողջությամբ կառուցված է միաձույլ երկաթբետոնից, երեսպատման համար ընտրվել է Հայաստանի պատմական մայրաքաղաք Անիի բաց նարնջագույն տուֆը:

Այսօր այն իր վեհությամբ ու գեղեցկությամբ տեսանելի է Երևանի բազմաթիվ անկյուններից։ Երևանի մայր եկեղեցին կառուցվել է ճանաչված բարերարներ Ալեք և Մարի Մանուկյանների ու նրանց զավակներ Ռիչարդ և Լուիզ Սիմոն Մանուկյանների կողմից։ Սբ. Տրդատ և Սբ. Աշխեն մատուռները կառուցվել են Նազար և Արտեմիս Նազարյանների, Գևորգ և Լինդա Գևորգյանների, զանգակատունը՝ Էդուարդո Էռնեքյանի նվիրատվություններով։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: