Հանրագիտարան

Սուրբ Սարգիս եկեղեցի

Սուրբ Սարգիս եկեղեցին համարվում է Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդանիստ եկեղեցին Երևանում:

Երևանի երբեմնի բերդի դիմաց, Ձորագյուղի կամ Խնկելաձորի վերևում`   Հրազդան գետի ձախ ափին, քրիստոնեության վաղ շրջանից գործում էր մի վանք-անապատ: Այն պարիսպներով շրջապատված մի ընդարձակ համալիր էր`   բաղկացած Սուրբ Սարգիս, Սուրբ Գևորգ և Սուրբ Հակոբ եկեղեցիներից, առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, այգուց և այլ կառույցներից: Սուրբ Սարգիս եկեղեցին առաջնորդանիստ էր, անապատը՝ կաթողիկոսական իջևանատեղ: Սբ. Սարգիս եկեղեցին վանք-անապատի հետ միասին ավերվել է 1679թ. մեծ երկրաշարժի ժամանակ և վերակառուցվել նույն տեղում`   եդեսացի Նահապետ կաթողիկոսի գահակալության տարիներին (1691-1705թթ.): Ներկայիս Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1835-1842թթ.: Իր ներքին և արտաքին ճարտարապետական նկարագրով, որպես առաջնորդանիստ եկեղեցի, այն Երևանի բոլոր եկեղեցիներից ամենաանշուքն էր: Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի օրոք այն հիմնովին նորոգվեց ու բարեկարգվեց: Ճարտարապետ Ռ. Իսրայելյանի`   1972թ. կազմած նախագծով սկսվեց Սբ. Սարգիս եկեղեցու նորոգումը: Եկեղեցու հին շենքը պահպանվել է, ճակատները երեսպատվել են Անիի նարնջագույն տուֆով և ունեն եռանկյունաձև խորշեր: Ճարտարապետ Ռ. Իսրայելյանի մահից հետո հետագա աշխատանքները շարունակել է ճարտարապետ Ա. Գալիկյանը: 1971-1976թթ. եկեղեցին հիմնովին բարեկարգվել է, արևմտյան հատվածում երգչախմբի համար կառուցվել է վերնատուն: Հին թմբուկի ու գմբեթի փոխարեն կառուցվել է առավել բարձրադիր գմբեթ`   բազմանիստ թմբուկով և պսակված հովհարաձև վեղարով: 2000թ. ավարտվել է Սբ. Սարգիս եկեղեցու զանգակատան կառուցումը: Քանդակագործ Արտաշես Հովսեփյանի մտահղացումն է արևմտյան շքամուտքը, փայտե դուռը, իսկ շքամուտքից վեր գտնվող հարթաքանդակները Աղթամարի Սբ. Խաչ տաճարի քանդակների թեմաներով են: Քանդակագործներ Ս. Դադոյանի և Մ. Հարությունյանի ջանքերով եկեղեցու ներսում գմբեթի տակ գտնվող առագաստների քանդակազարդ աշխատանքներն Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու առագաստների քանդակների նմանությամբ են ստեղծվել: Սբ. Սարգիս եկեղեցու հիմնական վերակառուցումը կատարվել է լոնդոնաբնակ բարերար Սարգիս Քյուրքճյանի և նրա զավակների նվիրատվությամբ: Եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը կատարվել է 1976թ. նոյեմբերի 3-ին: Վեհափառ հայրապետ Վազգեն Ա կաթողիկոսն իր քարոզում նշել է. «Քաղաքամայր Երևանն օժտվեց մի նոր զարդով, հայկական ճարտարապետության մի նոր կոթողով, աղոթքի սքանչելի սրբավայրով»:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: