Հանրագիտարան

Կեչառիսի վանական համալիր

Կեչառիսը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմուտքում գտնվող վանական համալիր է, որը համարվում էր միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից մեկը:

Համալիրը կազմված է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից։ Գլխավոր՝ Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ըստ հարավային մուտքի վերևի արձանագրության, 1033թ.-ին կառուցել է Գրիգոր Մագիստրոսը։ Հորինվածքով գմբեթավոր դահլիճ է՝ բեմի երկու կողմերին երկհարկանի ավանդատներով։ Արտաքին հարդարանքը զուսպ է, արևելյան ճակատը մշակված է երկու «հայկական խորշերով», որոնցից լուսամուտներ են բացված դեպի բեմ։ Ողջ հորինվածքի վրա իշխում է 10,4մ տրամագծով գմբեթը։ Եկեղեցուն արևմուտքից կից է ուղղանկյուն հատակագծով (14,8մ×16,5մ), չորս սյուներով կենտրոնակազմ գավիթը (XIIդ. վերջ), որի կենտրոնական մասը ծածկված է երդիկավոր ութանիստ գմբեթով։ Ի տարբերություն ճակատների պարզության, ներսի հարդարանքը բավականին հարուստ է։

Կեչառիսում կան XII-XIIIդդ. բազմաթիվ խաչքարեր, որոնք գունագեղություն են հաղորդում վանքային համալիրին՝ դառնալով նրա բաղկացուցիչ տարրերը։ Համալիրի կարևոր կառույցներից է Վեցիկ ճարտարապետի մահարձան-խաչքարը (XIIIդ.), որը կանգնեցրել են նրա ճարտարապետ եղբայրները։ Կեչառիսի վանքում են թաղված նաև սելջուկների դեմ մղված ճակատամարտում զոհված Ապիրատյան Գրիգոր իշխանը (1099թ.), Մեծ իշխան Պռոշը (1284թ.)։

Կեչառիսի վանքը ողջ կերպարով համահնչուն է շրջապատի բնապատկերին։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: