Հանրագիտարան

Կարմրավոր եկեղեցի

Կարմրավորը կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է Գրիգոր և Մանաս քահանաների կողմից 7-րդ դարում և գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում:

Այս խաչաձև կենտրոնագմբեթ փոքր եկեղեցու արտաքին չափսերն են 5.9x7.4 մետր: Կարմրավորը Հայաստանում միակ եկեղեցին է, որի կարմիր կղմինդրե տանիքը մինչ օրս պահպանվել է: Ութանիստ թմբուկը պսակված է կղմինդրածածկ կորագիծ վեղարով, որը նույնանյութ և նմանաձև տարրի պահպանված հնագույն օրինակն է։ Կարմրավորը արտաքուստ և ներքուստ խաչաձև գմբեթավոր եկեղեցի է։ Եկեղեցու կղմինդրը ամուր սեղմված է կրային շաղախի մեջ և լրացուցիչ մեխված է: Եկեղեցու արտաքին պատերին պահպանվել են արձանագրություններ, որտեղ նշվում է գյուղի այն բնակիչների մասին, ում միջոցներով կառուցվել է եկեղեցին, ինչպես նաև ոռոգման ջրանցքի կառուցման դժվարությունների մասին: Կարմրավորի շուրջը կան շատ հետաքրքիր խաչքարեր, որոնցից առավել հայտնի է Ծակ-Քարը, որն իր անունը ստացել է պատվանդանում ծակի պատճառով (1268թ.): Հնում Կարմրավորը կուսանաց վանք է եղել: Այնտեղ մինչ օրս պահվում են ուշադրությանը արժանի երկու հնություններ: Դրանցից առաջինը մի հնդկական նկարազարդ վարագույր է, որը բերվել էր 1798-99թթ. Կալկաթայից, իսկ մյուսը՝ Շուխոնց ավետարանը, ձեռագիր ավետարան է, որը 1873թ. նվիրաբերել է աշտարակցի Շուխյանց ընտանիքը: Կարմրավորի կողքին՝ մի գողտրիկ անկյունում է գտնվում նաև հայ մեծ բանաստեղծ Գևորգ Էմինի գերեզմանը:

Եկեղեցու անվան ծագումնաբանությունը: Ըստ ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրերը սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի: Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը: Այս լուրն իմանալով, փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր: Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: