Հանրագիտարան

Հայրավանք

Հայրավանք վանական համալիրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-արևելյան մասում, Սևանա լճի ափին՝ ժայռեղեն հրվանդանի վրա։ Հայրավանքն ունի նաև մի շարք այլ անվանումներ, որոնցից են Այրիվանք, Հայրիվանք, Հայր Հոհանք, Հայր Հովհան, Հայր Հովհաննավանք, Հայր Հովհաննու վանք, Հայրվանք, Հայրուվանք, Հայր Օհավանք, Հովանավանք, ինչպես նաև Մարդաղավնյաց վանք:

Հայրավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից:

1211-ին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ: Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան XVI դ. տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են: Հայրավանքը գործել է մինչև XIX դ: 1980-ական թթ. վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել:
 
Եկեղեցու տարածքում հնագիտական ուսումնասիրություններ են կատարվել  1952,1972,1973թթ.  Հ.Մնացականյանի  ղեկավարությամբ: Պեղվել են մի շարք բնակարաններ և բնակատեղի: Անենավաղ նյութը վաղբրոնզեդարյան սև փայլեցրած անոթի պատահաբար գտնված կտոր է:Միջին բրոնզի դարին են վերաբերում գունազարդ անոթների երկու բեկորներ, որոնցից մեկը զարդարված է  կարմիր ֆոնի վրա սպիտակ ներկով արված հակադիր սակրերի պատկերներով:
Հուշարձանին առավել յուրահատուկ է երկաթի դարի մշակույթը(բրոնզե,երկաթե,ոսկրե և քարե  զենքեր,գործիքներ  ու զարդեր): Հայտնաբերվել են նաև  կավե կուռք,բազմազան անոթներ,սուզակներ,կրակարաններ  և այլն: Հիմքեր կան ենթադրելու,որ  եկեղեցու առափնյա ժայռին կառուցված կիկլոպյան ամրոցը,որը  եղել է պարսպապատ բնակավայրի միջնաբերդ,վերաբերում է նույն ժամանակաշրջանին:Հայրավանքից գտնվել են նաև միջնադարյան հասարակ ու ջնարակած կավանոթների  նմուշներ:      

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: