Հանրագիտարան

Հաղպատի վանք

Հաղպատի վանքը միջնադարյան համալիր է, որը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Հաղպատ գյուղում: Այն նաև համարվում է մարզի հոգևոր և մշակութային կենտրոնը, որը հիմնադրվել է X դարի 2-րդ կեսին:

Հաղպատի վանքը՝ որպես հոգևոր և մշակութային կենտրոն, ծաղկում է ապրել հատկապես XII դարի 2-րդ կեսից մինչև XIV դարի վերջը՝ Տաշիր-Ձորագետի Բագրատունի կառավարիչների, ապա՝ Զաքարյանների օրոք: XI– XIII դարերում հայտնի էին վանքի գրադարանը, դպրոցը, որտեղ ուսուցանվել են փիլիսոփայություն, հռետորություն, երաժշտություն, ընդօրինակվել և նկարազարդվել են  ձեռագրեր: Վանքը բազմիցս տուժել է սելջուկների ու լեզգիների ասպատակություններից և երկրաշարժերից, որոնց մասին հիշատակում են պատմիչներն ու  վիմագիրները: Հարձակումներից պաշտպանվելու համար վանքը շրջափակվել է պարսպով, ստեղծվել են պաշտպանական հենակետեր, թաքստոցներ և այլ կառույցներ: 

Համալիրի կազմում են Սբ Նշան, Սբ Գրիգոր, Սբ Աստվածածին (Խաթունաշեն) եկեղեցիները, գավիթը, ժամատունը, գրատուն-մատենադարանը, զանգակատունը, սեղանատունը, մատուռ-դամբարանները, խաչքարերը: Հնագույնը և գլխավորը Սբ Նշան եկեղեցին է, որը 976–991 թթ-ին հիմնադրել են Աշոտ Գ Ողորմած թագավորը և նրա կինը՝ Խոսրովանույշը՝ իրենց Կյուրիկե (Գուրգեն) և Սմբատ որդիների արևշատության համար: 
Եկեղեցին դրսից՝ ուղղանկյուն, ներսից խաչաձև գմբեթավոր դահլիճ է՝ 4 անկյուններում երկհարկ ավանդատներով: Աղոթասրահը պատված է որմնանկարներով: Եկեղեցու ճակատները, բացի արևմտյանից, ունեն եռանկյունաձև կտրվածքով զույգ խորշեր, արևելյան ճակտոնի տակ Սմբատի և Կյուրիկեի  բարձրաքանդակն է: Տարբեր ժամանակներում Սբ Նշան եկեղեցուն կից կառուցվել են շինություններ: Կյուրիկյան թագավորների սրահ-տապանատունը (1185 թ.) XIII դարի 1-ին քառորդին վանքի առաջնորդ Հովհաննես Խաչենացին հիմնովին վերակառուցել և վերածել է ընդարձակ գավթի: Եկեղեցու հյուսիսարևելյան մասում է քառակուսի դահլիճ տիպի գրատուն-մատենադարանը: Ներկայիս շենքը 1258–62 թթ-ին  վերակառուցել է Հովհաննես վանահայրը: Միաժամանակ կառուցվել են գրատան սրահը և փոքր գավիթը: 1245 թ-ին Համազասպ վանահայրը կառուցել է վանքի զանգակատունը. բաղկացած է 2 հարկաբաժնից, 7-սյունանի զանգաշտարակից: XIII դարում կառուցված սեղանատունը նորոգվել է 1975–78 թթ-ին: 
 
1025 թ-ին կառուցված Սբ Գրիգոր եկեղեցին դրսից՝ ուղղանկյուն, ներսից՝ խաչաձև հատակագծով, երկթեք կտուրով թաղակապ շինություն է: XIII դարի Սբ Աստվածածին եկեղեցին ցածր համաչափություններով, գմբեթավոր փոքրաչափ կառույց է: Վանքի պարսպի հյուսիսարևմտյան անկյան մոտ գեղաքանդակ խաչքարերով պսակված Ուքանանց տոհմի մատուռ-դամբարանն է՝ կառուցված նույն դարի 1-ին կեսին: Հիմնական հուշարձանախմբից դուրս են Կուսանաց անապատը՝ Սբ Տիրամոր ոչ մեծ եկեղեցով (XIII դար), Սբ Աստվածածին (Ջգրաշեն), Սբ Սիոն, Զորավարք (Սբ Գևորգ) եկեղեցիները (XII–XIII դարեր), Կայանբերդ ամրոցը՝  Դսեվանքի Սբ Աստվածածին եկեղեցով (1233 թ.) և այլ կառույցներ: 1927 թ-ից համալիրում պարբերաբար կատարվել են ամրացման, վերականգնման և բարեկարգման աշխատանքներ: 
1989 թ-ին Հայաստանի կառավարության որոշմամբ վանքը հանձնվել  է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տնօրինությանը:  1996 թ-ին Հաղպատի վանական համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: