Հանրագիտարան

Գնդեվանք

Գնդեվանքը միջնադարյան հայկական եկեղեցական համալիր է, որը գտնվում է Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղից դեպի արևմուտք, Արփա գետի ձախ ափին: Եկեղեցական համալիրը կառուցվել է 931-938 թթ-ին, Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ՝ Սոփի (Սոփիա) իշխանուհու աջակցությամբ:

 Նա Արծրունյաց մեծ նախարար Գրիգոր Գ Դերենիկի դուստրն էր, Գագիկ թագավորի քույրը: Իշխանուհին հայտնի էր իր շինարարական գործունեությամբ: Ընդհանրապես, քրիստոնյա հայուհիները՝ մասնավորապես իշխանուհիներն ու թագուհիները հաճախ են կառուցել վանքեր ու եկեղեցիներ՝ նպատակ ունենալով վառ պահել հայ ազգի հավատը:

Գնդեվանքի արևմտյան պատին առկա է իշխանուհու արժանահիշատակ գործունեության վկայությունը: Արձանագրությունն ասում է հետևյալը. «Մատանի էր անակն Վայոց ձոր, շինեցի զսա եւ եդի ակն ի վերայ»:
Բարեպաշտ տիկին Սոփին երբ առաջին անգամ գնում է Գնդեվանք կոչվող խորաձոր վայրը`   մենակյացների մոտ ուխտի, տեսնում է սուրբ նահատակների նշխարներ, միաժամանակ տեղեկանում, որ այդտեղ բազմաթիվ ու մեծամեծ բժշկություններ են կատարվում: Ուստի նա անմիջապես բերել է տալիս ճարտար քարգործ վարպետներին, և սկսվում է շինարարությունը:
 
Հիմնադրվել է որպես ձորի ճգնավորների մենաստան: Առաջնորդ է նշանակվել Սարգիս քահանան, իսկ շինարարության ղեկավարն էր նկարիչ Եղիշե երեցը: Վանքը ճգնավոր Սուփան Գնդունու անունով կոչվել է Գնդեվանք: Կա նաև մեկ այլ տարբերակ, ըստ որի իշխանուհին վաճառել է իր ականջի գինդերը, որպեսզի կարողանան վերջացնել եկեղեցու շինարարական աշխատանքները, և այդ գինդերի համար վանքը կոչվել է Գնդեվանք:
Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936-ին: Կառույցը սրբատաշ բազալտով է, քառախորան՝ արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով: Եղիշե երեցը եկեղեցու ներսը զարդարել է որմնանկարներով, որոնցից խորանի պատին պահպանվել է Քրիստոսի պատկերի մի փոքր հատված: Ներսում`   գմբեթի առագաստների վրա, կան չորս ավետարանիչների բարձրաքանդակները:
 
999-ին, վանահայր Քրիստափորը կառուցել է եկեղեցու արևմտյան գավիթը: Վերջինիս հյուսիսային պատի երկայնքով տեղավորված են ուղղանկյուն հատակագծով երկու սենյակներ: Արևմտյան սենյակը ծառայել է որպես գրատուն:
1008-ին վանահայր Սարգսի մեծ ջանքերով վանքապատկան հողերը ոռոգելու համար 22 կմ երկարությամբ ջրանցք է կառուցվել:
 
1604-ին պարսից շահ Աբբասը ավերել է Գնդեվանքը և Գնդեվազ գյուղի բնակիչներին տեղահան արել: 1691-ին վանահայր Պետրոս վարդապետը նորոգել է վանքի եկեղեցին և գավիթը, վանքը շրջապատել աշտարակավոր պարիսպով և նրան կից կառուցել է բնակելի ու տնտեսական շինություններ: Հավանաբար այդ ժամանակ է կատարվել Աստվածածնի պատկերով որմնանկարը՝ եկեղեցու հյուսիսային ավանդատան պատին: Դա ուշ միջնադարի հայկական կերպարվեստի լավագույն գործերից է:
 
Գնդեվանքի բակում կան 10-16-րդ դարերի խաչքարեր և տապանաքարեր: Պահպանվել են բազմաթիվ վիմագրական արձանագրություններ: Ուշագրավ է նաև համալիրի հարավային կողմում սեղանատունը, որը մեծ դահլիճ է՝ նկուղով, օժանդակ սենյակներով ու կրակարանով:
Գնդեվանքը շրջապատված է Արփա գետի ձորի հիասքանչ բնությամբ, որտեղ նա գրավում է իր ուրույն դիրքը՝ ևս մեկ անգամ հայկական բնության և ճարտարապետության ներդաշնակության ապացույցը դառնալով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: