Հանրագիտարան

Բղենո-Նորավանք վանական համալիր

Սյունիքի միջնադարյան վանական համալիրներից մեկն է Բղենո Նորավանք վանական համալիրը, որը գտնվում է Բարձրավան գյուղի մոտ, անտառապատ կիրճերով շրջապատված եռանկյունաձև դարավանդին:

Այս վայրում, ըստ Ստ. Օրբելյանի, X-XI դդ հիմնական կառուցումները երկու անգամ են կատարվել. առաջինը`   ոմն Ստեփանոս քահանան 936 թ սպիտակավուն կրաքարից կառուցել է շենքերի մի խումբ`   բաղկացած եկեղեցուց, սրահից, գավթից և ուրկանոցից (ըստ երևույթին պահպանված հուշարձանից հյուսիս ընկած, դեռևս չպեղված ավերակներն են): Երկրորդ խումբը, ըստ պատմագրի, կառուցվել է առաջինից «յետ սակաւուց» և, ըստ արձանագրության, ավարտվել 1062 թ: Բղենո Նորավանքի դիմաց հիմնվել է բորոտանոց, որտեղ հավաքել են բազմաթիվ հիվանդների: Ստեփանոս եպիսկոպոսը 970 թ վախճանվել է և թաղվել եկեղեցու մոտ: Բղենո Նորավանքում է 989 թ արտագրվել և նկարազարդվել այսպես կոչված «Էջմիածնի ավետարանը»: Սպիտակ կրաքարով կառուցված եկեղեցին XI դ արդեն խարխլված էր, և 1062 թ, Սյունյաց Գրիգոր Ա Աշոտյան թագավորի հրամանով, Գևորգ ու Հովհաննես քահանաները սրբատաշ կապտավուն բազալտով հիմնովին վերակառուցել են այն, որից հետո եկեղեցին հայկական ճարտարապետության մեջ եզակի է դարձել իր հորինվածքով և հարդարանքով: Բղենո Նորավանքը մեզ է հասել բազմիցս ձևափոխված և կիսավեր: Կապտավուն բազալտից եկեղեցին`   3.04մx5.1մx5.5մ ներքին առանցքային չափերով, մեծ լուսամուտ և չորս խորշ ունեցող աբսիդով, հյուսիսային և հարավային պատերին կամարակապ զույգ մեծ բացվածքներով, պայտաձև թաղով ծածկված դահլիճ է, որին հյուսիսից, արևմուտքից, հարավից հետագայոււմ կցվել են «սրահակներ» ու երկու ուղղանկյուն սենյակներ և բոլորը ամփոփվել ընդհանուր երկլանջ կղմինդրյա տանիքի տակ: Արևմտյան ճակատի կոմպոզիցիոն կենտրոնը քանդակազարդ շքամուտքն է: Յուրօրինակ են գավթի որմնասյուների բուսական զարդաքանդակներով խոյակները, հնգախորշ խորանը, երկայնական պատերի զույգ, կամարակապ քանդակազարդ բացվածքները: Հայկական արվեստում բացառիկ են եկեղեցու պատերը ձևավորող, կաթնագույն քարի սալերի վրա արված պատկերաքանդակները, որոնք բովանդակում են Քրիստոսի կյանքի հետ կապված առանձին թեմաներ: Պահպանված ութ քարե տախտակներից երկուսն են իրենց տեղում`   «Ավետումն» ու «Համբարձումը», մնացածը վայր են ընկած: Ախթամարից հետո Բղենո Նորավանքը այդքան հարուստ ավարտուն սյուժետային պատկերաքանդակներով Հայաստանում եզակի հուշարձաններից է: Այս կառույցը հայ ճարտարապետության մեջ արտակարգ տեղ է գրավում ոչ միայն հատակագծային հորինվածքի յուրօրինակությամբ, այլև իր բարձրարվեստ քանդակներով, որոնք, սերտորեն կապված լինելով որմնանկարչության և մանրանկարչության Տաթևի դպրոցի արվեստին, հայկական քանդակագործության պատմության փայլուն նմուշներից են:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: