Հանրագիտարան

Ամարասի վանք

Ամարասի վանքը վանքային համալիր է Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ, մասնավորապես Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգահովտում։ Հնում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառի մեջ։

Համաձայն հայ պատմիչների վկայությունների`   Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դ սկզբին։ Եկեղեցու արևելյան կողմում է թաղված Աղվանքում քրիստոնեություն տարածելուն ուղղված իր առաքելության ընթացքում 338-ին նահատակված Գրիգորիսը։ V դ սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը։ Ըստ Մովսես Կաղանկատվացու`   489 թվականին Աղվանքի Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը Ամարասում վերագտնում է Գրիգորիսի գերեզմանի տեղը և վրան մատուռ կառուցում`   միաժամանակ ավարտին հասցնելով նաև եկեղեցու կառուցման աշխատանքները։ V դարից Ամարասի վանքը դառնում է երկրամասի խոշոր կրոնական կենտրոն և եպիսկոպոսանիստ։ 821 թվականին վանքն ասպատակում են արաբները։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի վկայության`   1293 թվականին մոնղոլ-թաթարների Բայտու խանը կողոպտում է վանքը`   որպես ավար տիրանալով Ս. Գրիգորիսի գավազանին ու 36 ակներով ընդելուզված ոսկեձույլ մի խաչին։ Ամարասի վանքն ավերվում է նաև 1387 թվականին`   Լենկթեմուրի արշավանքների ժամանակ։ Վանքն իր անընդմեջ գործող դպրոցով շարունակել է մնալ որպես կրոնական և մշակութային կենտրոն։ XV–XVI դդ այստեղ գրվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր։ XVII դ 3-րդ քառորդին նորոգվում է Գանձասարի Պետրոս կաթողիկոսի կողմից։ XIX դ 2-րդ քառորդին Ամարասի վանքային համալիրը, որն ուներ XVII դ կառուցված բավականին ուժեղ պաշտպանական համակարգ, օգտագործվել է որպես ամրոց, իսկ 1832–47 թթ`   ծառայել է որպես ռուս-պարսկական սահմանի մաքսատուն։ 1848 թվականին վանքը հանձնվել է Գանձասարի մետրոպոլիտ Բաղդասարին։ Խարխլված եկեղեցին վերականգվել է 1858 թվականին`   շուշեցի հայերի օժանդակությամբ, 1898 թվականին պատրաստել է շուշեցի ճարտարապետ Միքայել Տեր-Իսրայելյանցի կողմից պատրաստվել է Գրիգորիսի նոր տապանաքար։ XIX դ վերջին վանքն ուներ կալվածքներ՝ վարելահողեր, այգի, ջրաղաց։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո լքվել և ամայացել է։ Վերաբացվել է 1992 թվականին որպես Արցախի թեմի գործող վանք։ Ամեն տարի հարյուրավուր այցելուներ է ունենում Ամարաս վանքը։ Այժմ կատարվում են պարիսպների վերականգնողական աշխատանքներ։

Վանքը կառուցված է հարթ տեղանքում, ունի կանոնավոր ուղղանկյուն հատակագիծ (59x85 մ)։ Վանքը շրջապատում են հրակնատներով բարձր պարիսպներ, որոնց ներսից ողջ պարագծով կից գտնվում են բնակելի և օժանդակ շինություններ։ Բնակելի խցերի շարքով անջատվող երկու ներքին բակերից արևելյանը տնտեսական նշանակության է (նրա շուրջն են խմբավորված վանքի գոմը, ախոռը, մթերանոցները)։ Արևմտյան`   ավելի ընդարձակ բակի կենտրոնում գտնվում է Ս. Գրիգորիս եռանավ բազիլիկը`   երկու զույգ մույթերով։ Եկեղեցու բեմի տակ գտնվում է Ս. Գրիգորիսի մատուռ-դամբարանը, որն իրենից ներկայացնում է արևելքից արևմուտք ձգվող ուղղանկյուն (1,90x3,75 մ), պայտաձև կտրվածքով թաղով միանավ դահլիճ, որն արևելքում ունի խորշ և երկայնական պատերում՝ մեկական մուտք։ Նախամուտքերի արևելյան պատերին քանդակված են ոճավորված արմավենիներ։ Գրիգորիսի դամբարանը կառուցված է նույն հորինվածքով, որը հատուկ է Էջմիածնում Գայանեի և Օշականում Մեսրոպ Մաշտոցի V դ դամարաններին։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: