Հանրագիտարան

Քաղաքաշինություն (Վանի թագավորություն)։

Վանի թագավորությունը եղել է զարգացած քաղաքների երկիր, որոնց մի մասը ձևավորվել է բերդերի և ամրոցների շուրջը։ Տուշպան, Էրեբունին, Արգիշտիխինիլին, Թեյշեբաինին և այլն պեղվել են հնագետների կողմից։

Նշանակալից թիվ էին կազմում բերդ-քաղաքները, որոնց՝ քաղաքի վրա իշխող բարձրադիր վայրերում կառուցվում էր հզոր միջնաբերդը՝ պարսպապատված 2-3 շարք պարիսպներով։ Միջնաբերդի շուրջը փռված քաղաքը մեծ մասամբ նույնպես պարսպապատում էին։ Քաղաքները կառուցապատվում էին հատուկ նախագծով, որի արդյունքում նրանք ունեին ուղիղ և զուգահեռ փողոցներ։ Միջնաբերդում կամ ամրոցում բնակվում էր մարզային կառավարիչը՝ իր սպասավորներով և զինվորներով։ Այդ մասում կային նաև արհեստանոցներ ու մառաններ։ Սակայն արհեստավորների մեծ մասը բնակվում էր պարսպապատ քաղաքի տարածքում։

Նվաճված երկրներում բերդաքաղաքները ծառայում էին որպես տնտեսական և ռազմական հենակետեր։ Այստեղ էին կուտակվում արշավանքների ժամանակ ձեռք բերված ավարը և բնակչությունից գանձված հարկերը՝ հացահատիկը, պտուղը և անասունները։ Քաղաքներում գտնվում էին Խալդի աստծո կամ տվյալ քաղաքի հովանավոր աստծո մեհյանները։ Ինչպես ասվել է, Մուծածիրի Խալդի աստծու նշանավոր մեհյանը նախատիպն է Գառնիի ևհամանման տաճարների։ Տաճարների մյուս տեսակը հայտնի է եղել աստծու դարպաս անունով։ Որպես շինանյութ ծառայել են քարը, աղյուսը (մեծ մասամբ չթրծված) և փայտը։ Շինությունները ծածկվում էին երկար ու հաստ գերաններով։ Ամրոցի աշտարակները և տաճար-մեհյանները կառուցելիս օգտագործվում էր տաշած քարը։
 
Աղբյուր`   Lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: