Հանրագիտարան

Նախնադարյան հասարակության քայքայումը Հայաստանում

Նախնադարում մարդիկ ապրում էին իրար հավասար։ Գոյություն չունեին հարուստներ և աղքատներ։ Հնում առանձին անհատը չէր կարող իր գոյությունը պահպանել մենակ։ Դրա համար ապրում էին խմբերով, աշխատում էին բոլորը միասին և ձեռք բերված բարիքները օգտագործում էին հավասարապես։

Սակայն աշխատանքային գործիքների կատարելագործումը նպաստեց արտադրողականության բարձրացմանը և մարդն սկսեց արտադրել ավելին, քան պետք էր իր գոյությունը պահպանելու համար։ Առաջացավ մթերքների ավելցուկ։ Հասարակության հետագա զարգացման շնորհիվ նախկին համայնքն սկսեց բաժանվել խոշոր ընտանիքների կամ գերդաստանների, որտեղ համատեղ ապրում և աշխատու էին մի քանի արյունակից սերունդներ։ Ընտանիքներն ունեին իրենց սեփական տնտեսությունը։ Այլևս վերացավ ողջ տոհմի անդամների համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը։ Հետևաբար ստացված բերքը դառնում էր տվյալ ընտանիքի սեփականությունը։ Բարձրանում է շահագրգռվածությունն ավելի շատ արտադրելու համար, մեծանում է ընտանիքների միջև մրցակցությունը։ Ինչպես և պետք էր սպապսել, դա հանգեցրեց բնակչության մի մասի հարստացմանը և մյուսների աղքատացմանը։ Նախնադարի հավասարների հասարակությունը շերտավորվեց։ Առաջացան հարուստներ և աղքատներ։ Աստիճանաբար հարստացան հատկապես տոհմացեղային ավագանին, ռազմական և կրոնական առաջնորդները, հեքիմներն ու կախարդները։ Նրանք ձեռք բերեցին լավագույն ու բերրի հողերը, անասունների հոտերը, որսատեղիները, ձկնառատ գետերն ու լճերը, մետաղների հանքերը։

Արդյունքում նրանց հաջողվեց կուտակել հսկայական հարստություն։ Այդ են հավաստում տոհմացեղային ավագանու ու ռազմական առաջնորդների դամբարանների պեղումները, որոնք աչքի են ընկնում իրենց հարստությամբ։ Հնում մահացողի հետ դնում էին բազմաթիվ իրեր, նույնիսկ ձիեր, մարտակառքեր, սայլեր, ստրուկներ ու ծառաներ, որոնք իբր անհարժեշտ էին նրան հանդերձյալ կյանքում։ Այս ամեն, որ գտնվել է Լոռու, Շիրակի, Լճաշենի, Աշտարակի և այլ դամբարանների պեղումների ժամանակ, կարելի է տեսնել պատմության թանգարանում։ Ի հակադրություն սրա՝ տոհմի և ցեղի հասարակ անդամների դամբարանները պարունակում են մի քանի կավե ամաններ, դանակի շեղբեր, հասարակ զարդեր։

Արոտավայրերի, անասունների, գույքի ու սննդամթերքի կողոպուտի համար մղվող միջցեղային կռիվներն ու ընդհարումներն այս շրջանում սովորական երևույթ են դառնում։ Դա հեշտ ճանապարհով հարստություն դիզելու միջոց էր։ Սկզբում այդ կռիվներին մասնակցում էին տոհմի կամ ցեղի բոլոր չափահաս տղամարդիկ։ Հետագայում պատերազմը, թալանը և կողոպուտը նրանց մի մասի համար դարձավ միակ զբաղմունքը։ Առաջացան կռվող ռազմիկների խմբերն իրենց առաջնորդով։

Արտաքին թշնամիների դեմ համատեղ պաշտպանվելու անհրաժեշտությունն ստիպում է Հայկական լեռնաշխարհի տոհմերին և ցեղերին միավորվելու ռազմականապես ավելի ուժեղ ցեղային միությունների մեջ։ Արյունալի և հաճախակի կրկնվող կողոպուտը, մարդկանց ստրկացումը ստիպում էին Հայկական լեռնաշխարհում ապրող ցեղերին ոչ միայն միավորվելու, այլև կառուցելու պարսպապատ ամրություններ՝ ամրոցներ։ Այդ ամրոցները կառուցվում էին մեծ քարերով և ստացել են Կիկլոպյան անունը, իբրև թե հսկաներն են դրանք կառուցել։ Նման բազմաթիվ ամրոցներ կան Սևանի ավազանում, Սյունիքում, Շիրակում և այլուր։

Հայկական լեռնաշխարհում բրոնզի դարի վերջում կազմավորվում են առաջին պետական կազմավոևումները։ Դրանք ավագանու և հարուստների ձեռքում վերածվում են բռնության և շահագործման միջոցի։ Ստեղծվում են կառավարման առաջին մարմինները և հարկադրանքի միջոցները՝ բանտը, դատարանը, բանակը։ Տոհմացեղային ավագանին, ռազմական և կրոնական առաջնորդները իրենց ձեռքը վերցրին կառավարման մարմինները։ Առաջնորդների իշխանությունն սկզբում սահմանափակվում էր ավագների խորհուրդով, ընդհանուր ժողովներով։

Աստիճանաբար նրանց իշխանությունը դառնում է գրեթե բացարձակ, անսահմանափակ։ Նրանց հրամանները ստանում են օրենքի ուժ։ Չենթարկվողներին մահ կամ այլ պատիժ էր սպառնում։ Այսպիսով, նախնադարի հասարակությունը Հայկական լեռնաշխարհում թևակոխում է պետությունների առաջացման փուլը, այսինքն քայքայվում է նախնադարյան հավասարների հասարակությունը։ Ձևավորվում են առաջին պետությունները։ Դրան առավել նպաստեց Ք.ա. ll հազարամյակի կեսին երկաթի հայտնագործումը և դրա լայնորեն կիրառումը աշխատանքային գործիքների, պատերազմի զենքերի պատրաստման ու որսորդության մեջ։

Աղբյուր`  Lib.armedu.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: