Առողջապահություն

Երբ ըմբոստանում է ենթաստամոքսային գեղձը

Ինչպե՞ս ազատվել պանկրեատիտից: Ի՞ նչ կապ ունի անգինան:
Կա տարածված կարծիք, որ ենթաստամոքսային գեղձի բորբոքումը`   պանկրեատիտը, հարբեցողների, որկրամոլների և տոքսիկոմանների հիվանդություն է, և չի կարող զարգանալ ճիշտ սնունդ ստացող և ալկոհոլ չօգտագործող երիտասարսի մոտ, որը սնվում է ճիշտ սննդամթերքով և չի չարաշահում ալկոհոլային ըմպելիքներով:

 

Ինչպե՞ս ազատվել պանկրեատիտից: Ի՞ նչ  կապ ունի անգինան:

Կա տարածված կարծիք, որ ենթաստամոքսային գեղձի բորբոքումը`   պանկրեատիտը, հարբեցողների, որկրամոլների և տոքսիկոմանների հիվանդություն է, և չի կարող զարգանալ ճիշտ սնունդ ստացող և ալկոհոլ չօգտագործող երիտասարսի մոտ, որը սնվում է ճիշտ սննդամթերքով և չի չարաշահում ալկոհոլային ըմպելիքներով: Սակայն... Պարզվում է, որ պանկրեատիտը կարող է զարգանալ մի քանի այլ, սննդի և սխալ ապրելակերպի հետ կապ չունեցող գործոններից.

 

  • ենթաստամոքսային գեղձի բնածին անատոմիական թերություններից և լեղածորանների խցանումներից,
  • տասերկումատյա աղու, լեղապարկի և լեղուղիների բորբոքային հիվանդություններից,
  • ալերգիկ հիվանդություններից (այդ թվում`   սննդային ալերգիայից),
  • որովայնի վնասվածքներից,
  • ճարպային և ֆերմենտային բնածին խանգարումներից,
  • մուկովիսցիդոզից,
  • լակտազային անբավարարությունից (հաճախ`   ցածր տարիքի երեխաների մոտ),
  • դեղամիջոցների ընդունումից (կորտիկոստերոիդներ, սուլֆանիլամիդներ, միզամուղներ և այլն),
  • վաղ տարիքում տարած վիրուսային և մանրէային հիվանդություններից (խոզուկ, գրիպ և այլն):

 

Ծանր անգինաները հաճախ են առաջացնում սուր պանկրեատիտի զարգացում: Տարած անգինայի վնասակար հետևանքը կարող է բարդանալ սթրեսներով և սննդի ոչ կայուն ընդունումով:

 

Դիմակի ներքո

 

Պանկրեատիտի նոպան կարող է զուգորդվել դիարեայով, սրտխարնոցով և փսխումով, մարմնի ջերմաստիճանի բարձրացումով: Սակայն, հիվանդության կարևորագույն նշանն է ցավը, որը կարող է սկսվել թեթև ծակոցներից և ավարտվել ցավային շոկի առաջացմամբ: Պանկրեատիտին բնորոշ ցավերը տեղակայվում են որովայնի խոռոչի էպիգաստրալ շրջանում: Հենց այդ պատճառով էլ ենթաստամոքսային գեղձի բորբոքումով հիվանդներին հաճախ սխալմամբ բուժում են «գաստրիտից»: Թիկունքին և կրծքավանդակին տարածվող ցավերը առաջացնում են ստենոկարդիայի նոպայի պատկեր, իսկ աջ զստափոս տարածվող ցավը կույրաղիքի բորբոքում է հիշեցնում... Այդ իսկ պատճառով էլ ճիշտ ախտորոշման համար անհրաժեշտ է անցկացնել մի շարք կլինիկական հետազոտություններ.

 

  • արյան ընդհանուր կլինիկական հետազոտություն (լեյկոցիտների բարձր մակարդակը վկայում է բորբոքման մասին),
  • արյան կենսաքիմիական հետազոտություն (ամիլազայի և ենթաստամոքսային գեղձի այլ ֆերմենտների առկայությունը կհաստատի պանկրեատիտը),
  • մեզի հետազոտություն (այստեղ նույնպես կարելի է հայտնաբերել ամիլազա),
  • կղանքի հետազոտություն (ճարպի բարձր քանակը, չյուրացված օսլայի և սպիտակուցների առկայությունը վկայում է քրոնիկական պանկրեատիտի մասին),
  • որովայնի խոռոչի ՈւՁՀ (անհրաժեշտ է ենթաստամոքսային գեղձի, լեղապարկի անցուղիների գնահատականի համար, կիստաների և նորագոյացումների առկայությունը պարզելու նպատակով):

 

Ըստ ցուցումների, նշանակվում են  ֆիբրոգաստրոդուոդենոսկոպիա, ռենտգեն-հետազոտություններ, ենթաստամոքսային գեղձի սեկրետորային գործառույթի հետազոտություններ:

 

Սովն ու ցուրտը

 

Ահա այս երկու սկղբունքներն են`   պանկրեատիտի նոպայի առաջին օգնություն անցկացնելու: Ոչ մի դեպքում չի կարելի դնել ցավոտ հատվածին տաքություն, քանի որ բորբոքային գործընթացը կարող է արագանալ: Անհրաժեշտ է սառույցի պարկ: Սուր պանկրեատիտի դեպքում հիվանդին պարտադիր տեղափոխում են հիվանդանոց: 

 

Բուժումը սկսում են անկողնային օրակարգից, քանի որ բորբոքված ենթաստամոքսային գեղձին անհրաժեշտ է հանգիստ: Բուժման առաջին երկու օր հիվանդը պետք է ընթանրապես չսնվի, սակայն հեղուկներն սահմանափակել պետք չէ: Խորհուրդ են տրվում գազազրկված և գոլացրած հանքային ջրեր: Առաջին սնունդը պետք է լինի գոլ, տրորված և չառաջացնի ստամոքսային հեղուկի արտադրություն: Խորհուրդ են տրվում շիլաներ, ջրիկ արգանակներ, տրորված բանջարեղեն, եփված ոչ ճարպոտ հավի կամ ճագարի միս, դիետիկ կաթնաշոռ:

 

Նշանակվում են ենթաստամոքսային գեղձի աշխատանքը դանդաղացնող դեղամիջոցներ, գլյուկոկորտիկոստերոիդներ և հակամանրէային պատրաստուկներ:

 

Վիրաբուժական բուժումը անհրաժեշտ է միայն ոչարդյունավետ դեղորայքային բուժման կամ օրգանի արագնթաց քայքայման դեպքերում:

 

Ոչ մի ճարպ

 

Բուժման կարևորագույն պայմանն է սննդակարգը, որը հարկ է պահպանել նույնիսկ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո երկար ժամանակ: Սննդակարգի առանձնահատկությունն է ճարպային սննդի և ենթաստամոքսային գեղձի արտադրությունը դանդաղացնող սննդի բացակայությունը: Խնդիրը նրանում է, որ օրգանիզմում ճարպերը յուրացվում են միայն ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների օգնությամբ: 

 

Խրոնիկական պանկրեատիտի ժամանակ արգելված են բոլոր հյութաբեր կերակրատեսակները`   թանձր արգանակները, մսի և ձկան ճարպոտ տեսակները, տապակած և ապխտած կերակրատեսակները, պահածոները, երծիկը, կծուն ու թթուն, թարմ հացը, պաղպաղակը, սառը և գազավորված ըմպելիքները, սուրճն ու շոկոլադը:

 

Հիվանդը պետք է ուտի օրական 5-6 անգամ`   քիչ քանակությամբ սնունդ ընդունելով: Խորհուրդ է տրվում օգտագործել ոչ քաղցր թեյ և գազազրկված հանքային ջուր:

 

Հարկ է զգուշանալ թարմ մրգերից և բանջարեղենից, ինչպես նաև թարմ հյութերից: Անհրաժեշտ է նաև հավելել սննդակարգը A, C, B1, B2, B12, PP, K վիտամիններով և ֆոլաթթվով:

 

 Առողջապահության լրատու 7 (545) 26.02.2010

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: