Հանրագիտարան

Ձմեռ պապի և Ձյունանուշի օր (Ռուսաստան)

Ձմեռ պապի նախատիպերը բազմազան են`   «տեղական» թզուկներից մինչև միջնադարյան թափառական ծաղրածուներն ու խաղալիք վաճառողները: Բայց քրիստոնեության ընդունումից հետո եվրոպական բանահյուսության մեջ Ձմեռ պապի կերպարը նմանեցվել է բյուզանդական եկեղեցու արքեպիսկոպոս սբ. Նիկողայոսի (270-345թթ.) վարքին, որը, ավանդության համաձայն՝ շատ բարի էր, օգնում էր աղքատներին: Հայտնի է, օրինակ՝ մի խեղճ ընտանիքի 3 աղջիկներին օգնելու պատմությունը`   նրանց պատուհանից աննկատ ոսկու կապոցիկներ ներս գցելով: Ասում են`  այդպես է ձևավորվել բարեգործությունը:
Ձմեռ պապն արևելասլավոնական դիցաբանության մեջ ձմեռային սառնամանիքների տիրակալն է`   կապույտ կամ կարմիր քուրքով, երկար ու սպիտակ մորուքով, տաք կաճյակներով (վալենկա) ու գավազանով: Ապրում է սառցե խրճիթում:
 
Սկզբում Ձմեռ պապից վախեցել ու պաշտել են. ձմեռային արևադարձի և գարնան գիշերահավասարի օրերին դուռ ու լուսամուտ լայն բացել են, որ նա անարգել տուն մտնի, նրան նվեր են տվել, սիրաշահել, հատուկ ուտելիք առանձնացրել, որպեսզի խնայի ցանքերը և ցրտահարությամբ չոչնչացնի: 
 
Ձմեռ պապի կերպարը ժամանակի ընթացքում տրամագծորեն շրջվել է. նա վերածվել է նվիրատուի և երեխաների ցանկալի հյուրի: Ավելին՝ Ձմեռ պապի կողքին հայտնվել է նրա թոռնուհին՝ Ձյունանուշը, դարձել Ձմեռ պապի օգնականը:
 
Ձմեռ պապը Ռուսաստանում առաջին անգամ հայտնվել է 1910թ.-ին՝ Ծննդյան տոներին, իսկ խորհրդային տարիներին՝ 1936թ. նա Ձյունանուշի հետ եկել է Մոսկվայի Միությունների տուն ու Ամանորի նվերներ բաժանել երեխաներին:
 
Ռուսաստանում Ձմեռ պապի և Ձյունանուշի օրը նշվում է հունվարի 30-ին: Այդ օրը սովորաբար հեքիաթներ են պատմում Ձմեռ պապի և Ձյունանուշի մասին: Հունվարի 30-ը սիմվոլիկ է նաև այն առումով, որ ազդարարում է ձմռան ավարտը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: