Հանրագիտարան

ՀՀ ազգային հերոս

ՀՀ Ազգային հերոսի կոչումն սահմանվել է 1994 թ-ի ապրիլի 22-ին ընդունված ՀՀ օրենքով: Հայաստանի Ազգային հերոսը ՀՀ պետական բարձրագույն կոչումն է:
Այն շնորհվում է ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց՝ երկրի պաշտպանության և իրավակարգի ամրապնդման, ստեղծած ազգային նշանակալի արժեքների և Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար: Հայաստանի Ազգային հերոսի կոչման արժանացած անձանց հանձնվում է Հայրենիքի շքանշան և ՀՀ նախագահի պատվոգիր:

 

Հայաստանի Ազգային հերոսի կոչումն առաջինը շնորհվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ին (28.7.1994 թ.), ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր նախագահ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին (14.10.1994 թ.), Հայկական բարեգործական ընդհանուր միության ցկյանս նախագահ Ալեք Մանուկյանին (14.10.1994 թ.):
 
ՀՀ նախագահի 1996 թ-ի սեպտեմբերի 20-ի հրամանագրով հետմահու Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել 7 ազատամարտիկի՝ Մովսես Գորգիսյանին, Վիտյա Այվազյանին, Գեղազնիկ Միքայելյանին, Մոնթե Մելքոնյանին, Ջիվան Աբրահամյանին, Թաթուլ Կրպեյանին, Յուրա Պողոսյանին:
 
ՀՀ նախագահի 1999 թ-ի դեկտեմբերի 27-ի հրամանագրով հետմահու Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել ԱԺ նիստերի դահլիճում 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին ահաբեկչության զոհ դարձած ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին և վարչապետ Վազգեն Սարգսյանին:
 
ՀՀ նախագահի 2004 թ-ի մայիսի 27-ի հրամանագրով Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել Շառլ Ազնավուրին և Քըրք Քըրքորյանին:
 
ՀՀ նախագահի 2008 թ-ի դեկտեմբերի 6-ի հրամանագրով Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել ԽՍՀՄ պետական և քաղաքական գործիչ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովին՝ Սպիտակի աղետալի երկրաշարժից տուժած բնակավայրերի վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, հայ ժողովրդին դժվարագույն պահերին ցուցաբերած բարոյական բացառիկ աջակցության համար: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: