Առողջապահություն

Ինչպես հրաժարվել ծխելու վնասակար սովորությունից

Արտասահմանյան մամուլում նկարագրվում է 5 օրվա ընթացքում ծխելուց հրաժարվելու միջոց, որն ամերիկյան մասնագետներն առաջարկել են աստղագնացների խումբ ընդունված օդաչուներին: Ձեզ ենք ներկայացնում այդ մեթոդը:

Առաջին օր

Արթնանալ սովորականից կես ժամ շուտ, 2-3 բաժակ ջուր խմել, ցնցուղ ընդունել։ Նախաճաշին բավարարվել մրգերով, մրգահյութերով, որից հետո կատարել մի քանի շնչառական վարժություններ (խորը ներշնչել, արտաշնչել)։
 
Ամեն անգամ ծխելու ցանկություն ունենալու դեպքում այն «մարել» 2-3 բաժակ ջրով, մրգահյութով և շնչառական վարժություններով։ Խուսափել ծխողների շրջապատում գտնվելուց։ Ճաշը պետք է թեթև լինի՝ բանջարեղենի աղցան, ապուր, մրգահյութեր ևն։
 
Պարտադիր է ուտելուց անմիջապես հետո զբոսնել։ Ընթրիքը նույնպես պետք է թեթև լինի։ Չպետք է անգործության մատնվել, նստել հեռուստացույցի առջև, օգտվել փափուկ կահույքից, ալկոհոլային խմիչքներ գործածել։
 
 Երկրորդ օր
 
2-3 բաժակ ջուր անոթի վիճակում, այնուհետև շնչառական վարժություններ։ Նախաճաշից հետո (մրգեր, հյութեր) ոտքով գնալ աշխատանքի։ Կրկնել առաջին օրվա ռեժիմը։ Ծխելու ցանկությունը դարձյալ ճնշել ջրով, հյութերով, շնչառական վարժություններով։
 
 Երրորդ օր
 
Նույն սննդակարգը։ Կտրականապես չծխել և հաստատակամ լինել այդ որոշման մեջ։
 
 Չորրորդ օր
 
Երեքօրյա ինտենսիվ ջրային բուժման շնորիվ ծխախոտն այլևս չի ձգում։ Պահպանել նույն ռեժիմն ու սննդակարգը։
 
 Հինգերորդ օր
 
Գրանցած հաջողությունների շնորհիվ երևան են գալիս բավարարվածության զգացում և վստահություն սեփական կամքի հանդեպ։ Ամբողջ օրը պահպանել նախորդ 4 օրվա ռեժիմն ու սննդակարգը։
 
Աղբյուր`   ՀՀ - Ամսագիր «Ֆարմացևտ պրակտիկ» 3-2007 (3)
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: