Հանրագիտարան

Բոսնիա և Հերցեգովինա

Պետական լեզու`   բոսնիերեն, խորվաթերեն, սերբերեն
Քաղաքամայր`   Սարաևո
Պետական կարգ`   դաշնային հանրապետություն
Կրոն`   իսլամ 40%, ուղղափառ 31%, կաթոլիկ 15%, այլք 14%
Մակերես`   51.197 կմ²
Ազգաբնակչություն`   4.590.310 (2008)

Բոսնիա և Հերցեգովինա հանրապետություն է հարավ-արևելյան Եվրոպայում, կազմված Բոսնիա և Հերցոգովինա երկրամասերից։ Ստեղծվել է նախկին Հարավսլավիայի փլուզումից հետո (1992 թ., ապրիլի 5)։ Մայրաքաղաքն է Սարաևոն։ Սահմանակացում է Խորվաթիային, Սերբիային և Մոնտենեգրոյին։ Նեումի մոտ 24 կմ երկարությամբ ափագիծ ունի Ադրիատիկ ծովում։

1992 թ. ապրիլին անկախության հռչակումից հետո բռնկվել է Բոսնիական պատերազմը, որն ավարտվել է Դայտոնի պայմանագրով՝ 1995-ին միջազգային միջամտությունից հետո։ Այս համաձայնագրով երկիրը բաժանված է երկու միավորների. Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունը (Federacija Bosna i Hercegovina) և Սերբական Հանրապետությունը (Republika Srpska)։ Սերբական երկրամասի ամենակարևոր քաղաքն է Բանյա Լուկան։ Բացի այս երկու հանրապետություններից, գոյություն ունի նաև Բրչկոյի դաշնային շրջանը։
Ազգային արժույթն է Բոսնիական մարկը (Konvertibilna Marka):
 
Վարչական բաժանում
Մուսուլմանական-Խորվաթական Դաշնությունը և Սերբական Հանրապետությունը բաժանված են համապատասխանաբար 10 կանտոնների և 7 շրջանների։ Կանտոնները և շրջանները իրենց հերթին բաժանված են համայնքների։
 
Ազգագրություն
Բոսնիա և Հերցեգովինայի քաղաքացիները պաշտոնապես կոչվում են բոսնիացիներ։
 
Լեզու
Բոսնիա և Հերցեգովինան ճանաչում է երեք պաշտոանական լեզու. բոսնիերեն, խորվաթերեն և սերբերեն։ «Բոսնիերեն» լեզվանվանումը վիճարկելի է, քանի որ Բոսնիա և Հերցոգովինայի խորվաթները և սերբերը իրենց լեզուն անվանում են խորվաթերեն և սերբերեն։ Սերբական Հանրապետության սահմանադրությունը այդ լեզուն նշում է որպես «բոսնիակների կողմից խոսվող լեզու» (jezik kojim govore Bošnjaci)։ Սերբիայի կառավարությունը նույնպես օգտագործում է այս եզրը։
 
Աշխարհագրություն
Երկրի հյուսիսային մասը հիմնականում հարթավայրային է, իսկ կենտրոնա-արևմտյան մասը ավելի բլրոտ։ Հարավում և արևելքում գտնվում են երկրի ամենաբարձր լեռները. ամենաբարձր լեռնագագաթն է Մագլիչը (2386 մ) Մոնտենեգրոյի հետ սահմանագծում։ Երկրում շատ անտառներ կան, ինչպես նաև կուսական բնական տարածքներ։ Նեում քաղաքի մոտ Բոսնիան կտրում է Կրոատիայի ափագիծը, ինչի շնորհիվ 20 կմ ծովային սահմանագիծ է ստանում երկիրը։ Թեև երկիրը մեծապես տուժել է պատերազմի ժամանակ, այժմ մեծ աշխատանք է կատարվում երկրի վերակառուցման համար։ Բոսնիա և Հերցեգովինայի միջով հնարավոր է անվտանգ երթևեկել։
 
Քաղաքներ
  • Սարաևո, 297.523 (2005 թ. նախահաշվարկ)
  • Բանյա Լուկա, 173.748
  • Տուզլա, 88.521
  • Զենիցա, 85.649
  • Մոստար, 64.301
  • Պրիյեդոր, 57.166
  • Բիհաչ, 39.195
  • Բրչկո, 38.479
  • Բիյելիանա, 37.692

Տնտեսություն
Բոսնիա և Հերցեգովինայի տնտեսությունը ծանր կացության մեջ էր հայտնվել պատերազմի ժամանակ։ Արդյունաբերություն, որից մեծաբես կախված էր երկիրը մեծ վնասներ է կրել։ Արդյունաբերության հիմնական ճյուղերից են. հանքարդյունաբերությունը (ածուխ, ցինկ) և նավթաքիմիական արդյունաբերությունը։ Երկրի տնտեսության մեջ կարևոր տեղ է զբաղցնում նաև գյուղատնտեսությունը և անասնապահությունը։ Աշխարհագրական դիրքի պատճառով հիմնական առևտուրը կատարվում է հարևան երկրներ Խորվաթիայի, Սերբիայի և Մոնտենեգրոյի հետ։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: