Հանրագիտարան

Առափնյա ծիծեռնակ

Առափնյա ծիծեռնակը Ծիծեռնակների ընտանիքին պատկանող թռչուն է:
Առափնյա ծիծեռնակը արտաքին տեսքով նման է Քաղաքային ծիծեռնակին, սակայն նրանից զգալիորեն փոքր է: Գլխի վերին մասը, պարանոցը, մեջքը, թևերը, պոչը և կրծքի լայնակի շերտը մոխրագույն են, կոկորդը, կուրծքը և որովայնը`   սպիտակ: Պոչը սուրանկյուն կտրվածքով է վերջանում: Քաշը`   11-16 գ, թևի երկարությունը`   96-113 մմ:

ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է: Գարնանը վերադառնում է ապրիլ-մայիս ամիսներին: Չուի ընթացքում կազմում է հազարավոր առանձնյակներից երամներ, որոնք հավաքվում են գետերի, լճերի և լճակների ափերին: Խոշոր գաղութներով բնադրվում են զառիթափ ջրափերի փորվածքներում կամ, հաճախ, իրենք են բներ պատրաստում: 

Բնի խորությունը կազմում է 50-60 սմ: Մայիս-հուլիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ ձվեր: Խոշոր բնադրվող գաղութներ են գրանցված Արարատյան հարթավայրի ջրավազանների տարածքում և Սևանա լիճը սնող գետերի ափերին: Սնվում է հատկապես միջատներով, մոծակներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում:
Տարածված է Եվրոպայում, Ասիայի մեծ մասում, Հիմալայներում, Հյուսիսային Ամերիկայում, Ենիսեյի ափերին, Անդրկովկասում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: