Հանրագիտարան

Անտառային արտույտ

Անտառային արտույտը արտույտների ընտանիքին պատկանող թռչուն է: Նրանց բնորոշ է հետևյալ արտաքին տեսքը. անտառային արտույտի մարմնի վերին մասը, այտերը, պոչը, թևերը դարչնամոխրագույն են, պոչի եզրային փետուրները և աչքի վերին մասով ձգվող հոնքանման շերտերը սպիտակ են, մեջքի և կրծքի վրա կան երկայնակի դարչնագույն բծեր: Գլխի փոփուլը թույլ է արտահայտված, պոչը համեմատաբար կարճ է: Քաշը`   20-25 գ, թևի երկարությունը`   88-101 մմ:

ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է, առանձին դեպքերում`   նստակյաց: Գարնանը վերադառնում է մարտի վերջին, ապրիլի սկզբին, աշնանը չվում է սեպտեմբեր-հոկտեմբերին: Հանդիպում է Երևանի շրջակայքում, Դիլիջանում, Վանաձորում, Ստեփանավանում, Եղեգնաձորի, Վայքի և Կապանի անտառային գոտիներում: Նախապատվությունը տալիս է անտառային բացատներին, լեռնային տափաստաններին, որտեղ շատ թփուտներ կան: Հանդիպում է առավելապես փոքր երամներով կամ զույգերով: Համարվում է փոքրաքանակ: Բնադրվում է գետնին, բույնը սարքում է չոր խոտերից`   թփերի տակ, փոսիկի մեջ: Դնում է 5-6 սպիտակ, կարմրավուն պտերով ձվեր: Բազմանում է ապրիլից մինչև հունիս, օժտված է գեղեցիկ ձայնով, երգում է ճախրելիս`   ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը:

Սնվում է առավելապես խոտաբույսերի սերմերով և հատիկներով, բնադրման շրջանում`   նաև միջատներով:
Տարածված է Եվրոպայում, հյուսիսային Իրանում, Ռուսաստանում`   Վոլոգդայի, Կիրովի և Պերմի մարզերում, Ղրիմում, Անդրկովկասում, Թուրքմենիայում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: