Հանրագիտարան

Այծքաղներ

Այծքաղները սնամեջ եղջերավորների ընտանիքի որոճող, երկկճղակավոր կաթնասուն կենդանիներ են: Փոքր այծքաղները, որոնց անվանում են վիթեր, շատ բարեկազմ են, ունեն բարակ ոտքեր, նրբագեղ վիզ և շատ թեթևաքայլ են:

Այծքաղները տարածված են հիմնականում Աֆրիկայում, ավելի քիչ՝ Հարավային և Կենտրոնական Ասիայում, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում: Ապրում են անապատներում, անտառային և ալպյան գոտիներում, տափաստաններում: Անդրկովկասում վիթերից հայտնի է ջեյրանը: Նրա մարմնի երկարությունը 95–115 սմ է, կենդանի զանգվածը՝ մինչև 33 կգ: Արուներն ունեն սև, քնարաձև, մինչև 40 սմ երկարությամբ օղակաձև հաստացումներով եղջյուրներ (էգերը չունեն): Վազում են մինչև 60 կմ/ժ արագությամբ: Ապրում են խմբերով (ամռանը՝ 3–5, ձմռանը՝ 10–20 կենդանի): Ապրիլ-մայիսին էգն ունենում է 1–2 ձագ: Կյանքի տևողությունը 6–7 տարի է: Սայգա այծքաղը վիթից շատ տարբեր է. ունի մեծ գլուխ՝ փքված և փափուկ քթով, սուր հոտառություն, ուժեղ և մկանուտ կարճ ոտքեր: Սակայն սայգան կարող է 1 ժամում տափաստանով կտրել-անցնել ավելի քան 70 կմ տարածություն: Ապրում է Մոնղոլիայի, Արևմտյան Չինաստանի, Ղազախստանի և ստորին Վոլգայի տափաստաններում ու կիսաանապատներում: Քարայծը տարածված է Եվրոպայի լեռներում և Կովկասում: Նա թեթևությամբ սլանում է լեռների գլխապտույտ բարձունքներով: Գնու այծքաղը ապրում է Աֆրիկայում: Նրա մարմինն ու պոչը նման են ձիու մարմնին ու պոչին, իսկ երկկճղակավոր սմբակներն ու եղջյուրավոր գլուխը՝ ցուլի սմբակներին ու գլխին: Նա շատ արագավազ է`   չնայած ծանրաշարժ է թվում: Արտակարգ գեղեցիկ են այծքաղների, օրինակ`   կուդուի`   գալարուն, սև այծքաղի`   թրանման, օրիքսի ուղիղ ու երկար եղջյուրները: Այծքաղներն ունեն արդյունագործական նշանակություն. օգտագործվում է նրանց միսը, մորթին և եղջյուրները: Այդ պատճառով էլ այծքաղների շատ տեսակներ որսի առարկա են դառնում, որը հանգեցրել է նրանց գլխաքանակի կտրուկ նվազման: Ներկայումս այդ կենդանիները պահպանության տակ են վերցված: Այծքաղների մի շարք տեսակներ պահպանվում են հիմնականում արգելոցներում: ՀՀ-ում հանդիպող ջեյրանը նույնպես պահվում է արգելոցներում: Այծքաղները շատ տարբեր են լինում. ամենախոշորները կովի մեծության աֆրիկյան եզնայծերն են, իսկ ամենափոքրերը, որ նույնպես աֆրիկյան են, նապաստակի մեծության դիկ-դիկներն են:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: