Հանրագիտարան

Փղեր

Փղերը կնճիթավորների կարգի խոշոր կաթնասուն կենդանիներ են: Երկրագնդի վրա գոյություն ունեցող ամենախոշոր ցամաքային կենդանիներն են:

Կան 2 սեռի փղեր՝ աֆրիկական և ասիական (հնդկական): Աֆրիկական փղի սեռն ընդգրկում է 2 տեսակ. սավաննային (զանգվածը՝ մինչև 7,5 տ) և անտառային (ավելի փոքր են): Աֆրիկական փիղն ազատության մեջ ապրում է միայն Աֆրիկայում՝ Սահարայի հարավային շրջաններում: Հնդկականն ապրում է Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Աֆրիկական փղերը հազվադեպ են ընտելանում: Կան նաև ուրիշ, ավելի քիչ նկատելի տարբերություններ:

 
Փիղն ունի վիթխարի մարմին (բարձրությունը՝ մինչև 3,5 մ), թեթևակի սապատավոր մեջք և հաստ, սյունանման ոտքեր, փոքրիկ աչքեր, մեծ ականջներ ու երկար ժանիքներ, լայն ճակատ: Փղի ժանիքները`   փղոսկրերը, մեծացած ատամներ են և աճում են ամբողջ կյանքի ընթացքում, երբեմն հասնում են շատ մեծ չափերի (մինչև 3մ և 100 կգ): Ժանիքները հարձակվելու և թշնամիներից պաշտպանվելու հզոր զենք են:
Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է, որն առաջացել է քթի և վերին շրթունքի սերտաճումից ու վերջանում է քթանցքերով, իսկ նրա տակ տեղավորված են բերանն ու եռանկյունաձև ստորին շրթունքը: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու  մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից): Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Նրա կենսագործունեությունը պահպանելու համար պահանջվում է մեծ քանակությամբ կեր. հասուն անհատն օրական ուտում է 100–200 կգ կեր: Կոշտ բուսական կերը փիղը լավ ծամում է բերանի խորքում տեղադրված խոշոր ատամներով: Եթե հին ատամը մաշվում է կամ վնասվում, նրա հետևում աճում է նորը և հրելով դուրս գցում հինը: Ատամ չունեցող փիղը թուլանում է և մահանում սովից կամ հիվանդություններից: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ:
 
Բավականին զարգացած է փղերի փոխօգնության բնազդը: Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, ջանում են օգնել նրան: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին:
Փղերը շրջում են հոտերով՝ ծեր ու իմաստուն մի փղի առաջնորդությամբ: Երբեմն դա կարող է լինել կռիվներում կոփված արու փիղ, երբեմն՝ ծեր էգ: Հոտոտելիս փղերը վեր են բարձրացնում կնճիթները, իսկ երբ թշնամու ներկայություն են զգում, տագնապած շեփորում են: Նրանք կարողանում են նաև անաղմուկ ու անձայն անհետանալ թավուտում:
Ներկայումս փղերին սպառնում է անհետացման վտանգը: Հողատարածքների ինտենսիվ յուրացման պատճառով փղերը զրկվել են իրենց սովորական ապրելավայրերից: Ժանիքների համար մարդիկ զանգվածաբար ոչնչացրել են փղերին: Փղոսկրից պատրաստում են զանազան առարկաներ, թանկարժեք զարդեր:
Այժմ փղերի որսն ու արտահանումն արգելված են: Շատ փղեր կան Աֆրիկայի արգելոցներում և ազգային պարկերում: Փղերի հետ պետք է զգույշ լինել և չզայրացնել նրանց: Կատաղած փիղն ահարկու է. նա կարող է ոչ միայն ոտնատակ տալ մարդուն կամ կնճիթի հարվածով սպանել նրան, այլև ավտոմեքենա շրջել: Զուր չէ, որ հնում Պարսկաստանի և Կարթագենի բանակներում մարտական փղեր էին պահում:
Փղերն ապրում են 70–80 տարի. մինչև 20 տարեկան փիղը դեռևս ձագ է համարվում:
Վարժեցրած փղերը հաջողությամբ հանդես են գալիս կրկեսում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: