Հանրագիտարան

Սպիտակ արագիլ

Սպիտակ արագիլը արագիլների ընտանիքի թռչուն է։ Տարածված է միջին և հարավային Եվրոպայում, Ասիայի արևմտյան և արևելյան շրջաններում: ՀՀ-ում բնակվում է Արարատյան դաշտում, մասամբ՝ հարավարևելյան շրջաններում: Մինչև 1970-ական թվականները սպիտակ արագիլը բնադրող-չվող էր. ձկնաբուծական տնտեսությունների ստեղծմամբ այլևս չվելու կարիք չունի: Մարմնի երկարությունը մինչև 100–115 սմ է, թեվերի բացվածքը՝ 155–165 սմ, կենդանի զանգվածը՝ 4 կգ:

Բույնը հյուսում են ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ գյուղական տների տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա կամ, նույնիսկ, էլեկտրասյուների ծայրերին: Դնում են 3–7 ձու, ունենում 3–5 ձագ: Սպիտակ արագիլի զույգերն անդավաճան են մինչև կյանքի վերջը: Ձվից նոր դուրս եկած ձագերն ունակ են ձայն արձակելու, որն աստիճանաբար հետ է զարգանում: Հասուն արագիլները հաղորդակցվում են կտուցի կափկափյունով, որով ասես ավետում են նաև գարնան գալուստն ու իրենց բազմացման ժամանակը: Բնադրատեղը պաշտպանելու համար արագիլները պատրաստ են անզիջում կռվի բռնվելու և բնից անգամ անկենսունակ ձագերին դուրս նետելու:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: