Հանրագիտարան

Ձեռագրի տոն

Հունվարի 23-ին ողջ աշխարհում նշվում է Ձեռագրի տոնը ("National Handwriting Day"), որի նպատակն է հիշեցնել բոլորին`   չնայած օրեցօր զարգացող տեխնոլոգիաներին`   ձեռագիրն իր ուրույն տեղն ունի գրագրության ոլորտում:

Տոնի նախաձեռնողն է Գրենական պիտույքներ արտադրողների ասոցիացիան: Հետաքրքիր է, որ հունվարի 23-ին ծնվել է ամերիկյան հայտնի հասարարակական գործիչներից մեկը`   Ջոն Հենքոքը, ով առաջինն է ստորագրել Անկախության հռչակագրի տակ:

Ձեռագրի մասին
 
Շատերը կարծում են, որ մարդուն կարելի է հոգեբանորեն ճանաչել միայն նրա հետ շփվելիս կամ ընկերական հարաբերությունների ժամանակ: Իրականում դա բոլորովին էլ այդպես չէ: Դեռևս 19-րդ դարում Օնորե դը Բալզակը եկել է այն եզրակացության, որ մարդկանց հոգեկան աշխարհը կարելի է բացահայտել նաև ձեռագրի միջոցով:
 
Այս մեթոդը այսօր էլ կիրառելի է: Ձեռագիրը վերլուծելիս պետք է հաշվի առնել որոշակի առանձնահատկություններ՝ տառերի չափը, տառերի ձևը, տողից շեղումը, տառերի հեռավորությունը, խզբզանքները, գրչի ուժգնությունը և այլն:
 
Տառերի չափը
 
Տառերի չափը խոսում է մարդու զսպվածության մասին: Մանր, հասկանալի ձեռագիրը, որտեղ մեծատառերը և փոքրատառերը նույն չափերն ունեն, բնորոշ են ապագայում մեծ պոտենցյալ ունեցող, համեստ և  հանգիստ մարդկանց: Մանր, անընթեռնելի ձեռագիր ունեցող մարդիկ աչքի են ընկնում իրենց չափազանց փակ և զսպված բնավորությամբ:
 
Խոշոր ձեռագիրը բնորոշ է այն մարդկանց, ովքեր ցանկանում են լինել ուշադրության կենտրոնում, մարդամոտ են, երբեմն աչքի են ընկնում ագրեսիվ արարքներով, նրանք սկզբունքային են և  չեն սիրում լինել ենթակայի դերում:
 
Տառերի ձևը
 
Տառերի ձևը կարող է լինել կլորավուն և սուր: Կլորավուն ձեռագիր ունեցող մարդիկ սիրում են լինել հասարակության մեջ, նախաձեռնող չեն, չեն համակերպվում որևէ կարգուկանոնի և չեն սիրում լինել ղեկավարի հսկողության ներքո, ինչպես նաև համագործակցելու հակում ունեն:
 
Խոշոր, հաստ և սուր (անկյունաձև) տառերը վկայում են հեղինակի բռնկուն և ազնիվ բնավորության մասին, իսկ անկյունաձև, բայց մանր տառերը բնորոշ են այն մարդկանց, ովքեր գիտական մտածողություն ունեն, կարող են միանգամից մի քանի գործողություն կատարել՝ կենտրոնանալով դրանց վրա մինչև ցանկալի արդյունքի հասնելը:
 
Տողից շեղումը
 
Երբեմն նայելով տեքստին՝ նկատում ենք, որ հեղինակը տողից շեղվել է դեպի վար կամ վեր: Եթե մարդը գրելու ընթացքում տողից չի շեղվում, ապա կարելի է ենթադրել, որ նա կայուն ու հավասարակշռված անձնավորություն է:
 
Դեպի վեր ուղղված շեղումը խոսում է այն մասին, որ հեղինակը լավատես է, բարյացակամ, հեշտությամբ է հարմարվում նոր միջավայրին: Տողից դեպի վար շեղումը խոսում է հեղինակի հոռետեսության, դյուրահավատության և զգուշության մասին:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: