Հանրագիտարան

Ուրմիա լիճ

Լճի երկարությունը 140 կմ,
մակերեսը՝ մոտ 5800 կմ²,
խորությունը՝ մինչև 15 մ,
ավազանը՝ մոտ 50000 կմ²
Գտնվում է տեկտոնական իջվածքում, 1275 մ բարձրության վրա:

 

Ուրմիա լիճը Հայկական լեռնաշխարհի ամեմանմեծ լիճն է: Գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում:
Ուրմիա լիճը անվանվել է նաև Կապուտան, Թիլ։ Հունական աղբյուրներում հիշատակված է Մանթիա, Մեդի, Սպավտա կամ Սպաուտա անունները, որոնք նույնպես նշանակում են կապույտ:
Լիճն ուսումնասիրել են Վ.Վ. Բոգաչևը, Գ. Ռիբենը, Կ.Ն. Պաֆենհոլցը և ուրիշներ: Նրանք ենթադրում են, որ լիճն առաջներում հոսուն է եղել դեպի Կասպից ծով`   Ամարդոս (Սեֆիտռուդ) գետի միջոցով: Սոհունդ լեռան արտավիժմամբ կապը Կասպից ծովի հետ կտրվել է: Կարծիք կա, որ Ուրմիան Խոյի դաշտով կապ է ունեցել Արաքս գետի հետ: Լճափից դեպի Խոյ քաղաքը գնացող ճանապարհին կան դարավանդների հետքեր, որը հիմք է տալիս կարծելու, որ լճից գետ է դուրս եկել ու Կարաթափա լեռնանցքով թափվել է Արաքսի մեջ: Մեկ այլ փաստ. Թավրիզի մոտ Կարմիրջուր (Աջի) գետի վրա կան բարձր դարավանդներ, որոնք դեպի լիճն աստիճանաբար ցածրանում են, մտնում լճագետային նստվածքների տակ: Այսինքն`   շրջապատի լեռները բարձրանում են, գոգավորության հատակն իջնում է`   կապված տեկտոնական շարժումների հետ:
 
Գարնանը մակարդակը բարձրանում է: Սնվում է անմիջապես լճի մակերեսին թափվող տեղումներով, գետերի միջոցով և մասամբ ստորերկրյա ջրերով: Ուրմիա են թափվում բազմաթիվ գետեր`   Սալմաստի գետը, Ջահատու, Կարմիրջուր (Աջի), Կադեր, Մարի (Բարանդուզ), Նազլու: Համեմատաբար խոշոր գետերը լճափին դելտաներ են առաջացնում: Գետերի դելտաները հաճախ ճահճացած են`   բերված տիղմի պատճառով, հատկապես Զագրոսի համակարգից իջնող գետերը, ունենալով մեծ անկում կատարում են ուժեղ էրոզիա և բերում են մեծ քանակությամբ տիղմ:
 
Աղիությունը շատ բարձր է`   150-250% է, հիմնականում քլորիդներ են, որ ափամերձ մասերում ամռանը հանդիպում են ինքնանիստ աղի կամ աղուտների ձևով: Ծանծաղ մասերում աղը նստում է նաև ձմռանը, երբ ջերմաստիճանն իջնում է և ջրի լուծողականությունը թուլանում է: Ամռանը ջրի ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ աղի մի մասը նորից լուծվում է և աղիություը մեծանում է: Աղիության պատճառով կենդանական աշխարհը գրեթե բացակայում է: Ձկներ չկան, կան միայն մանր խեցգետնամաններ և որոշ ջրիմուռներ:
Լճի մերձակայքում կլիման շատ չորային է և անհրապույր: Քամու դեպքում օդը հագեցած է աղի փոշով: Լճի ափերին կան բուժիչ ցեխեր և լճի հատակից բխող անուշահամ ջերմուկներ:
Լճում կա 60 կղզի`   գլխավորապես հարավային մասում: Խոշորներն են Էշակ, Թելա, Ձիերի, Շահի:
Նավարկելի է: Արևմտյան ափի մոտ են Ուրմիա, Շահպուր քաղաքները:
1926 թվականին լիճը վերանվանվել է Ռեզայի, ի պատիվ Ռեզա Փեհլեվի շահի: 1970 լճին վերադարձվել է նախկին անունը: 1967թ-ից լիճը ներառվել է Ուրմիա ազգային պարկի մեջ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: