Հանրագիտարան

Մրջյուններ

Մրջյունները թաղանթավորների կարգի միջատների ընտանիք են: Ի տարբերություն կարգի մյուս ընտանիքների՝ մրջյունների կուրծքը փորիկին է միանում 1-2 հատվածներից կազմված բարակ, շարժուն ցողունիկով: Հայտնի է մոտ 7000 տեսակ:

Մրջյունների մարմնի երկարությունը 0,8-30 մմ է, աչքերը՝ պարզ, բարդ կամ բացակայում են: Բեղիկները բարակ են, ծնկաձև, 12-13 հատվածանի: Բերանային ապարատը ծամող է: Կան թևավոր և անթև տեսակներ:

Ջերմասեր են, տեսակների թիվն ու քանակը արևադարձային երկրներում ավելի շատ է, քան բարեխառն գոտում: Զարգացած բնազդներով հասարակական միջատներ են: Մրջյունների գաղութը սովորաբար կազմված է ձու ածող մեկ կամ մի քանի էգերից («թագուհիներ»), սեռապես չզարգացած բազմաթիվ էգերից («չաշխատավորներ») և թևավոր արուներից ու էգերից («աշխատավորներ»): Աշխատանքի բաժանումը կատարվում է խոշոր, միջին ու փոքր մրջյունների միջև: Գաղութի ամենաբազմանդամ խմբի`   աշխատավորների վրա են դրված բույն կառուցելու, սնունդ հայթայթելու, մատղաշներին կերակրելու, թշնամիներից պաշտպանելու պարտականությունները:
 
Տարեկան մեկ անգամ մրջյունների բնում զարգանում են թևավոր արուներ ու էգեր, որոնք ամուսնական թռիչքի համար լքում են բույնը: Բեղմնավորումը տեղի է ունենում օդում կամ գետնի վրա, ապա արուները ոչնչանում են, իսկ էգերը կորցնում են թևերը և սկսում նոր բույն կառուցել:
Բները լինում են բարդ: Կան և մշտապես բույն չունեցող՝ թափառական տեսակներ:
 
Մրջյունները սնվում են բուսական ու կենդանական կերով, որոշ տեսակներ`   առավելապես լվիճների քաղցր արտաթորանքով: Աշխատավոր մրջյունները թագուհուն և թրթուրներին սնում են իրենց թգագեղձերի արտադրած հյութով`   տրոֆոլաքսիսով:
 
Մրջյունները օգտակար են, նպաստում են սերմերի տարածմանը, բույսերի փոշոտմանը, հողառաջացմանը, ոչնչացնում են վնասատուների թրթուրները: Որոշ տեսակները վնաս են հասցնում տեխնիկական կուլտուրաների մթերքներին: Որոշ երկրներում ձեռնարկվում են մրջյունների պահպանման միջոցառումներ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: