Առողջապահություն

Արևային վիտամինը կօգնի պահպանել ուղեղի աշխատանքը

Պարզվում է`   D վիտամինն ունակ է կանխելու ծերունական թուլամտությունը, որը լայնորեն տարածված է այն երկրներում, որտեղ շատ երկարակյացներ են ապրում։ D վիտամինը կանոնակարգում է օրգանիզմի կողմից կալցիումի յուրացումը և ոսկրերի սնուցումը։ Այն խիստ անհրաժեշտ է փոքր երեխաների ողնաշարի կազմավորման համար։ Գործընթացը բարդ է՝ սկզբում վիտամինը պահեստավորվում է լյարդում`   վերածվելով մեկ այլ նյութի, այնտեղից հասնում երիկամներ։
Երբ վահանագեղձն ահազանգում է արյան մեջ կալցիումի պակասի մասին, այդ վիտամինը կրկին փոխակերպվում է և երիկամներից անցնում արյան մեջ՝ խթանելով սննդից կալցիումի յուրացման գործընթացը։ Այդ ճանապարհին D վիտամինն ազդում է գլխուղեղի աշխատանքի վրա։
 
D վիտամին պարունակում են յուղոտ ձկան միսը, ձուն և մի շարք այլ սննդամթերքներ։ Սակայն մեծահասակները քիչ են օգտագործում այս սննդատեսակները։ Բրիտանացի գիտնականների կարծիքով, D վիտամինի հաբերով ուղղակի կարելի է նվազեցնել ծերունական թուլամտության առաջացումը։
 
Վտանգավոր է նաև այդ վիտամինի ավելցուկը, որից օրգանիզմը կարող է թունավորվել։ Ծերունական թուլամտությունից նախապես պաշտպանվելու նպատակով բժիշկը կնշանակի համապատասխան դեղաչափեր։
 
Աղբյուրը`   Առողջապահություն 01.2009
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: