Հանրագիտարան

Հնդկահավեր

Հնդկահավերը խոշոր հավեր են, որոնք պատկանում են Փասիանների ընտանիքին։ Նրանց ոտքերը՝ երկար են և ամուր, գլուխը և պարանոցի վերին կեսը՝ չփետրավորված։

Կտուցի հիմքի մոտ ունի մսային հավելուկ, իսկ կոկորդի հատվածի վրա՝ մաշկային ծալք։ Հայտնի են Meleagris և Agriocharis սեռերը՝ մեկական տեսակներով։ Սովորական հնդկահավի (M․ gallopavo) մարմնի երկարությունը 100-110 սմ է, արուների միջին կենդանի զանգվածը՝ մոտ 8 կգ։ Տարածված են ԱՄՆ-ում և Մեքսիկայում։ Խոշորաչք հնդկահավերը (A․ ocellatus) տարածված են Կենտրոնական Ամերիկայում։ Որսի օբյեկտ են։

Ընտանի հնդկահավերից վայրիներից տարբերվում են մարմնաչափերի մեծությամբ, գյուղատնտեսական թռչուններից ամենախոշորներն են (կենդանի զանգվածը՝ 12-16, առավելագույնը՝ 20 կգ)։ Բուծվում են բացառապես որպես մսատու։ Տարեկան միջին ձվատվությունը՝ մոտ 90 (առավելագույնը՝ մինչև 150) հատ։ Միսը բարձրորակ է և համեղ։ Սպանդային ելքը՝ 85-90 %։ Հնդկահավաբուծությունն առավել տարածված է ԱՄՆ-ում, Կանադայում ևն։ ՀՀ-ում հնդկահավեր բուծում են գյուղացիական տնտեսություններում։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: