Առողջապահություն

Մասնագիտական ''բիծ''

Մասնագետի խալաթը պետք է լինի նույնքան մաքուր և անբասիր, որքան նրա հեղինակությունը։ Մինչդեռ... չես հասցնում աչքդ թարթել, մեկ էլ նկատում ես, որ խալաթիդ թևքի վրա դեղաքսուքից, յոդից կամ մեկ այլ դեղամիջոցից լաքա է առաջացել։ Ի՞նչ անել այդ պարագայում, երբ ձեռքի տակ չկա լաքա հանող որևէ ունիվերսալ միջոց։ Պետք չէ հուսահատվել. լաքան հանելու խնդրի լավագույն լուծման համար անչափ կարևոր է հիշել, թե որ լաքան ինչով կարելի է վերացնել։ Ամենակարևորն այն է, որ մի լաքան մյուսի հետ չշփոթեք։ Այսպիսով ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լաքան հանելու կարճ մի «դասախոսություն»։

 

Մասնագետի խալաթը պետք է լինի նույնքան մաքուր և անբասիր, որքան նրա հեղինակությունը։ Մինչդեռ... չես հասցնում աչքդ թարթել, մեկ էլ նկատում ես, որ խալաթիդ թևքի վրա դեղաքսուքից, յոդից կամ մեկ այլ դեղամիջոցից լաքա է առաջացել։ Ի՞նչ անել այդ պարագայում, երբ ձեռքի տակ չկա լաքա հանող որևէ ունիվերսալ միջոց։ Պետք չէ հուսահատվել. լաքան հանելու խնդրի լավագույն լուծման համար անչափ կարևոր է հիշել, թե որ լաքան ինչով կարելի է վերացնել։ Ամենակարևորն այն է, որ մի լաքան մյուսի հետ չշփոթեք։ Այսպիսով ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լաքան հանելու կարճ մի «դասախոսություն»։

 

ԼԱՔԱՆ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Լաքան նկատելուց հետո պետք է հնարավորինս շուտ գործի անցնել։ Խալաթի վրա լաքա՞ կա`   անմիջապես փոխեք խալաթը և հնարավոր միջոցներ ձեռնարկեք խալաթի «վիրավորված հեղինակությունը» փրկելու համար։
2. Աղով շփելը հարցի լուծում չէ։ Հետո ինչ, որ ձեր տատիկը խորհուրդ է տվել լաքաները աղով շփել։ Աղը կարող է օգնել, եթե, ասենք, սփռոցի վրա գինի է լցվել։ Մյուս բոլոր լաքաների դեպքում աղով շփելը բացարձակապես անօգուտ զբաղմունք է։
3. Ուշադրություն դարձրե՛ք ջրի ջերմաստիճանին։ Որոշ լաքաներ իսպառ վերանում են միայն տաք ջրի ազդեցությունից։ Դրան հակառակ`   կան լաքաներ, որոնք դուրս են գալիս միայն սառը ջրով։ Մտապահե՛ք. յուղոտ լաքաների դեպքում ցուցված է տաք ջրով շփումը, հյութերից մնացած լաքաների դեպքում`   սառը ջուրը։
4. Ամեն ջանք պետք է չափավոր լինի։ Լաքան հանելու նպատակով խալաթն անդադար տրորելը կարող է հանգեցնել կտորի վրա անցքեր առաջացնելուն։ Արդյունքում ձեր խալաթին այլևս ոչ մի «վերակենդանացում» չի օգնի։
5. Միշտ հիշե՛ք քիմմաքրման ծառայության մասին։ Եթե լաքան մեծ է և դժվարությամբ է դուրս գալիս, ապա ավելի լավ է այդ գործը վստահել քիմմաքրման ծառայության արհեստավարժ աշխատակիցներին։

 

ՇՐԹՆԵՐԿ

 

Երբ ջրակայուն շրթներկը պատահաբար քսվում է ձեր խալաթին, դժվար թե վերջինիս «հյութեղ գույնը» ձեզ հաճելի թվա...

ՀՐԱՏԱՊ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ.
- Փորձե՛ք լաքան հանել անուշադրի սպիրտի թույլ լուծույթով։ 
ՏԱՆԸ.
- Որակյալ լվացքի փոշին ընդունակ է «ջախջախել» նույնիսկ ամենաորակյալ շրթներկին։
- Եթե լվացքից հետո էլ շրթներկի լաքան չի անցնում, խորհուրդ ենք տալիս ավելորդ հոգսերից ազատվելու համար այդ շրթներկն այլևս չօգտագործել։

 

ՇՈԿՈԼԱԴ

 

ՀՐԱՏԱՊ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ.
- Զգուշությամբ խալաթի վրայից հեռացրե՛ք շոկոլադի շերտը։
- Ինչպես հարկն է ցայե՛ք սենյակային ջերմաստիճանի ջրում այնքան ժամանակ, որ շոկոլադի շերտը կտորի վրայից դուրս գա։
- Մնացած հետքերը առատ օճառե՛ք, այնուհետև լվացե՛ք տաք ջրով։
ՏԱՆԸ.
- Խալաթը տաք ջրով լվացե՛ք։

 

ՔՐՏԻՆՔ

 

ՀՐԱՏԱՊ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ.
- Քրտինքի թարմ հետքերը սովորաբար աղաջրով շփելուց հետո վերանում են (մեկ ճաշի գդալ աղը լուծել մեկ բաժակ տաք ջրի մեջ)։
- Եթե քրտինքի հետքերը աղաջրով շփելուց հետո չեն վերանում, ապա կարելի է աղին ավելացնել նաև բորակ (դարձյալ մեկ ճաշի գդալ բորակը լուծել մեկ բաժակ աղաջրի մեջ)։
ՏԱՆԸ.
- Խալաթը լվացե՛ք սովորական եղանակով։

 

ՍՈՒՐՃ ԿԱՄ ԿԱԿԱՈ

 

ՀՐԱՏԱՊ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ.
- Սուրճի կամ կակաոյի լաքան կարելի է լվալ եռացող ջրի մեջ։
- Մշակե՛ք 1։1 հարաբերակցությամբ ջրի հետ բացված 3%-անոց անուշադրի սպիրտի լուծույթով։
ՏԱՆԸ.
- Լվացե՛ք տաք ջրով և որակյալ լվացքի փոշիով։

 

ՅՈՒՂ

 

ՀՐԱՏԱՊ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ.
- Փորձե՛ք կտորի վրայից յուղը հնարավորինս սրբել-հեռացնել։
- Խալաթը հոսող տաք ջրի շիթի տակ պահե՛ք այնքան ժամանակ, որ յուղային մասը վերանա։
- Յուղային մակերեսը հնարավորինս հեռացնելուց հետո լաքայի հատվածին յուղազերծող որևէ միջոց քսե՛ք (օրինակ աման լվալու հեղուկ) և պահե՛ք հոսող տաք ջրի շիթի տակ։
ՏԱՆԸ
- Խալաթը թրջե՛ք տաք ջրի մեջ, որին նախապես փոքր քանակությամբ քացախ կամ անուշադրի սպիրտ եք խառնել։
- Լվացե՛ք որակյալ լվացքի փոշիով։

 

ԱՐԴՈԻԿԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՅՐՎԱԾՔՆԵՐ

 

- Եթե արդուկի թողած հետքը թույլ է, խալաթը լվացե՛ք սովորական եղանակով։
«Լուրջ այրվածքները» կարելի է մշակել ջրածնի պերօքսիդի և անուշադրի սպիրտի լուծույթով։

 

ԴԵՂԱԹՈՒՐՄ, ԹԵՅ ԿԱՄ ՀՅՈՒԹ

 

Դեղաթուրմը, մրգերը և թեյը պարունակում են տանին։ Իմացա՛ծ եղեք. տանինի դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը «հասարակ» օճառն է։

ՀՐԱՏԱՊ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ.
- Առանց հապաղելու թրջե՛ք և օճառ քսե՛ք կտորի լաքայոտված մասին։
- Լվացե՛ք սառը ջրով։
ՏԱՆԸ.
- Լաքայի վրա լցրե՛ք սպիտակեցնող նյութ։
- Լվացքի մեքենայով լվալու պարագայում նույն սպիտակեցնող նյութը ավելացրե՛ք լվացքի փոշուն։

 

ԱՐՅՈՒՆ

 

ՀՐԱՏԱՊ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ.
- Արյան հետքը մշակե՛ք ջրածնի պերօքսիդի թույլ լուծույթով։
- Ցայե՛ք սառը ջրով։
- Եթե արյան հետքը չի անցնում, օճառե՛ք «Մանկական» օճառով։
- Եվս մեկ անգամ ցայե՛ք սառը ջրով։
ՏԱՆԸ.
- Եթե լվանալուց հետո արյան հետքն այնուամենայնիվ չի անցել, մշակե՛ք այն անուշադրի սպիրտի լուծույթով (մեկ ճաշի գդալ անուշադրի սպիրտը լուծե՛ք մեկ բաժակ ջրի մեջ)։
- Արյան բիծը վերացնելուց հետո խալաթը մանրակրկիտ կերպով ցայե՛ք սառը ջրով, որին նախապես ավելացրե՛ք քացախ։

 

ԹԱՆԱՔ

 

Այս նյութի հանդեպ ինքնուրույն պայքարելու յուրաքանչյուր փորձն անիմաստ է։ Ավելի լավ է խալաթն անմիջապես քիմմաքրման տանել։ Տեղին ենք համարում հիշեցնել, որ քիմմաքրման աշխատակիցն է'լ ավելի լավ կպայքարի թանաքից առաջացած լաքայի դեմ, եթե նրան այդ թանաքի նմուշը հանձնեք։

 

ՅՈԴ

 

ՀՐԱՏԱՊ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ.
- Յոդից առաջացած լաքան մշակե՛ք հիպոսուլֆատի լուծույթով (մեկ թեյի գդալ հիպոսուլֆատի լուծույթը ավելացրե՛ք 1.5 բաժակ տաք ջրին)։
- Խալաթը լվացե՛ք հոսող տաք ջրի տակ։
ՏԱՆԸ.
- Խալաթը լվացե՛ք լվացքի մեքենայի «սովորական ռեժիմով»։

 

ՑԵԽ

 

ՀՐԱՏԱՊ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ.
- Սպասե՛ք այնքան, մինչև ցեխը կտորի վրա չորանա։
- Խոզանակի օգնությամբ հնարավորինս մաքրեք-հեռացրե՛ք ցեխը։
- Խալաթը պահե՛ք սառը ջրի շիթի տակ`   թեթևակիորեն ցայելով ցեխոտված մասը։
ՏԱՆԸ.
- Խալաթի ցեխոտված մասին քսե՛ք լվացքի փոշուց և ջրից պատրաստված խյուս և 10 րոպե պահե՛ք։
- Այնուհետև ցայե՛ք սառը ջրով։
- Խալաթը լվացե՛ք սովորական եղանակով։

 

ԻՆՔՆԱՀՈՍ

 

ՀՐԱՏԱՊ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ.
- Օգտագործե՛ք լաքա հանող նյութ։
- Եթե այդ պահին ձեռքի տակ չունեք նման նյութ, օգտագործե՛ք անուշադրի սպիրտից և կերակրի աղից պատրաստված «կոկտեյլ» (մեկ բաժակ ջրին ավելացրե՛ք 1-2 թեյի գդալ անուշադրի սպիրտ և կերակրի սոդա)։
ՏԱՆԸ.
- Խալաթը լվացե՛ք տաք ջրով և թույլ սպիտակեցնող նյութով։

 

ԱՆՀԱՅՏ ԾԱԳՄԱՆ ԼԱՔԱ

 

Տեսնես որտեղի՞ց այն հայտնվեց…

ՀՐԱՏԱՊ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ.
- Նախ և առաջ թողե՛ք այդ «անհայտ ծագման» լաքան չորանա։
- Փորձե՛ք կտորի վրայից հնարավորինս հեռացնել արտաքին մակերեսը։
- Լվացե՛ք գոլ ջրով և օճառով։
ՏԱՆԸ.
- Խալաթի լաքա ունեցող մասը ընկղմե՛ք սպիտակեցնող նյութի լուծույթի մեջ։
- Լվացե՛ք տաք ջրով և որակյալ լվացքի փոշիով։

 ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 11-12-2007 (8-9)

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: