Առողջապահություն

А ՎԻՏԱՄԻՆ

Ամեն ինչ սկսվեց մկներից, ավելի շուտ`   նրանց կերակրումից: Անցյալ դարասկզբին գիտնականները նկատել էին, որ լաբորատոր պայմաններում կազեինով և ածխաջրով հագեցած հատուկ խառնուրդով կերակրվող երիտասարդ մկների ու առնետների աճը կանգնում է, արդյունքում ձեռք են բերում նաև աչքի հիվանդություններ: Եվ հակառակը. ձողաձկան յուղով, ձվի դեղնուցով և սերուցքային կարագով հագեցած կերակուրը ակնհայտորեն բարելավում էր նրանց վիճակը: Սերուցքային կարագի և ձկան յուղի նման հատկությունն ապահովող«ակտիվ բաղադրությունը» սկզբնական շըրջանում անվանեցին «ճարպերում լուծվող A գործոն»: Հետագայում այն վերանվանվեց վիտամին A:

 

Ամեն ինչ սկսվեց մկներից, ավելի շուտ`   նրանց կերակրումից: Անցյալ դարասկզբին գիտնականները նկատել էին, որ լաբորատոր պայմաններում կազեինով և ածխաջրով հագեցած հատուկ խառնուրդով կերակրվող երիտասարդ մկների ու առնետների աճը կանգնում է, արդյունքում ձեռք են բերում նաև աչքի հիվանդություններ: Եվ հակառակը. ձողաձկան յուղով, ձվի դեղնուցով և սերուցքային կարագով հագեցած կերակուրը ակնհայտորեն բարելավում էր նրանց վիճակը: Սերուցքային կարագի և ձկան յուղի նման հատկությունն ապահովող«ակտիվ բաղադրությունը» սկզբնական շըրջանում անվանեցին «ճարպերում լուծվող A գործոն»: Հետագայում այն վերանվանվեց վիտամին A:

 

Բազմաֆունկցիոնալ և բազմանուն վիտամին

 

Վիտամին A-ն ինչ-որ բանով նման է հին աստվածներին. ունի մի քանի անվանում`   ռետինոլ, աքսերոֆտոլ, վիտամին A, և բազմաթիվ ֆունկցիաներ: Վիտամին A-ի ազդեցության ոլորտը բավականին լայն է: Այն խթանում է օրգանիզմի կենսագործունեությունն ու աճը, մասնակցում ոսկրային համակարգի ձևավորմանն ու աճին, նաև անփոխարինելի նյութ է տեսողության համար:

 

Որտե՞ղ է «կուտակվում» վիտամին A-ն

 

Վիտամին A-ով հարուստ է կենդանական ծագում ունեցող սննդամթերքը, ընդ որում՝ մսամթերքում վիտամին A-ի պարունակությունը անհամեմատ քիչ է, իսկ լյարդում և երիկամներում նրա քանակությունը շատ ավելի բարձր է: Ամենամեծ քանակությամբ վիտամին A պարունակում են բևեռային արջի լյարդն ու երիկամը: Վիտամին A-ով հատկապես հագեցած են ծովային կաթնասուններից`   կետերի, փոկերի, դելֆինների և որոշ ձկնատեսակների (ձողաձկան, մեծօվկիանոսյան ձկան, վահանաձկան) ճարպն ու լյարդը:



Օրգանիզմում վիտամին A-ի պակասը հնարավոր է լրացնել նաև բուսական սննդով, որում պարունակվող պրովիտամինը`   կարոտինը, օրգանիզմում վերափոխվում է վիտամին A-ի: Մեծ քանակությամբ կարոտին են պարունակում ծիրանը, չիչխանը, կարմիր սնձենին և մասուրը: Ոչ պակաս հագեցած են գազարը, կարմիր պղպեղը, դդումը, լոլիկը, մաղադանոսը, հազարը, սպանախն ու թրթնջուկը:



Մինչև վերջերս համարում էին, որ բուսակերներին խորհուրդ տրվող գազարն ու բրոկկոլի կաղամբն ամբողջովին կարող են ապահովել վիտամին A-ի օրական պահանջը: Սակայն պարզվեց, որ միայն բանջարեղենը բավարար չէ: Նրանց, ովքեր իրենց սննդից իսպառ բացառել են մսամթերքը, խորհուրդ է տրվում սննդային օրակարգ մտցնել կաթը, ձվի դեղնուցը, սերուցքը, թթվասերը, սերուցքային կարագը և պանիրը, որոնք ևս հարուստ են կարոտինով: Ի դեպ, ամռանն ու աշնանը կաթն ու ձուն առավել հարուստ են վիտամին A-ով և կարոտինով: Նրանք, ովքեր հակված են վիտամին A-ի հանդեպ օրգանիզմի պահանջը բավարարել միայն կարոտին պարունակող սննդամթերքով, պետք է հիշեն, որ պրովիտամինի կենսաբանական ակտիվությունը վեց անգամ ավելի պակաս է, քան վիտամին A-ի կենսաբանական ակտիվությունը:

 

Աչքերի և մաշկի համար

 

Հիպովիտամինոզ A-ն օրգանիզմի ախտաբանական վիճակ է, որը բնորոշվում է վիտամին A-ի պակասով: Այս հիպովիտամինոզի ժամանակ առաջին հերթին տուժում է տեսողությունը: Զարգանում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են քսերոֆթալմիան (աչքի եղջերաթաղանթի չորություն) և հեմերալոպիան (մութ միջավայրում աչքի հարմարողականության խանգարում`   հավկուրություն): Երիտասարդ աճող օրգանիզմում հիպովիտամինոզի ժամանակ տեղի են ունենում հատկապես ոսկրային համակարգի աճի կանգ և էպիթելյար բջիջների այլասերում: Արդյունքում մաշկը նմանվում է գորտի մաշկի և կլինիկական բժշկության մեջ այն այդպես էլ անվանում են`   «գորտի մաշկ»:

 

Ամեն ինչ չափի մեջ է լավ

 

Չափից ավելի A վիտամինի կուտակումն օրգանիզմում հանգեցնում է հիպերվիտամինոզի, որի դեպքում կարող են առաջանալ թունավորման երևույթներ՝ սուր գլխացավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն կամ փորկապություն: Քրոնիկ թունավորումը կարող է արտահայտվել մաշկի թեփոտմամբ, մազաթափությամբ, ոսկրային ցավերով կամ հոդացավով: Ռետինոլի չարաշահումը տարեց կանանց մոտ զգալիորեն բարձրացնում է ազդոսկրի վզիկի կոտրվածքի հավանականությունը:



Երեխաների մոտ հիպերվիտամինոզ A-ն արտահայտվում է մաշկի չորությամբ, անհարթությամբ ու քորով, բազուկի շրջանում կեղևանման կոշտացած այտուցներով, որոնք երբեմն կարող են տարածվել ձեռքերի և ոտքերի մաշկի վրա: Երբեմն հնարավոր է նաև լյարդի մեծացում:



Վիտամին A-ի չարաշահումը վտանգավոր է հղիության առաջին եռամսյակում, քանի որ այն կարող է բնածին արատների ձևավորման պատճառ լինել: Սակայն հղիության ընթացքում վիտամին A-ի անբավարար քանակը ևս կարող է վնասել պտղին:



Գիտնականները դեռևս չեն կարողացել պարզել, թե վիտամին A-ի ո՞ր քանակությունն է օրգանիզմի համար անվնաս: Պարզապես չպետք է մոռանալ, որ չափից ավելի հրապուրվելը նույնքան վտանգավոր է, որքան իսպառ հրաժարվելը: Ամեն ինչում լավ է ոսկե միջինը պահպանել:

 

ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 1-2007 (1)

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: