Առողջապահություն

Գեղեցկության ձմեռային ծրագիր

Պաշտպանել և խոնավացնել՝ մաշկը պաշտպանելու գործում սա է Ձեր սրբազան պարտքը: Իսկ եթե որևէ մեկը կարծում է, թե այդ գործում գլխավոր օգնականները ջուրն ու ճարպն են, խորապես սխալվում է: Բնական է այն ընկալումը, որ ջրաճարպային թաղանթը մաշկի կենսաբանական պաշտպանական վահանն է և թույլ չի տալիս, որպեսզի խոնավությունը մաշկից արագ գոլորշիանա, իսկ տարբեր միկրոօրգանիզմներն ու այլ վնասարարներ ներթափանցեն մաշկի մեջ:

Ցավոք, նույնիսկ ինքնապաշտպանական նման իդեալական համակարգը երբեմն հրաժարվում է ծառայել, օրինակ`   փետրվարին, որն ամենանենգ ամիսն է մաշկի համար: Փետրվարյան խիստ սառնամանիքներին հաջորդում են սառը քամիները, որոնք խոնավության հետ միանալով, բնավ չեն լավացնում ջրաճարպային թաղանթի պաշտպանական հատկությունները: Արդյունքում մաշկը խոնավության հսկայական կորուստներ է ունենում ու դառնում խոցելի փոշու, մանրէների, արտանետվող գազերի և գիտատեխնիկական առաջընթացի այլ աղետալի երևույթների հանդեպ:

 

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Դեռևս 20 տարի առաջ ձեզ կհորդորեին լվացվել ջրով, հրաժարվել խոնավացնող միջոցներից և օգտագործել թանձր, յուղային (այսինքն`   ձմեռային) դիմամածուկ:

 

ՍԽԱԼՄՈՒՆՔ ԹԻՎ 1

Առօրյա կյանքում օգտագործվող ջուրը, որքան էլ անտրամաբանական թվա, չորացնում է մաշկն ու այն դարձնում ավելի խոցելի: Այլ բան է հեղուկացրի օգնությամբ սփռված ջուրը, որը, թափանցելով վերնամաշկից ներս, հասնում է մաշկի խորը շերտերին և կարգավորում խոնավությունը:

 

ՍԽԱԼՄՈՒՆՔ ԹԻՎ 2

 Ճարպի մեծ պարունակությամբ մածուկը կիրառելի է միայն ձմեռային երկար զբոսանքների ժամանակ, երբ ջերմաստիճանի իջեցումը շեշտակիորեն վնասում է մաշկը: Նման մածուկը մաշկի վրա բացասաբար է անդրադառնում նաև մշտապես փոփոխվող միկրոմիջավայրի պայմաններում`   թողնելով ջերմոցային ազդեցություն և դժվարացնելով նրա օդափոխանակությունը: Անկասկած, ձմեռային դիմամածուկի խտությունը պետք է լինի սովորականից բարձր:

 

ՍԽԱԼՄՈՒՆՔ ԹԻՎ 3

Ավագ սերնդի խոնավացնող դիմամածուկներն իրոք սառցակալում են մաշկի մակերեսին, հատկապես, եթե այն օգտագործել են դուրս գալուց անմիջապես առաջ: Բաղադրությամբ ավելի կատարելագործված դիմահարդարման միջոցները`   ջրային կամ ջրաճարպային կիթերը (էմուլսիաները), խոնավության պակասը լրացնում են առանց նման վնասակար ազդեցությունների:

 

Ձմռան ամիսներին օգտագործվող լավ դիմամածուկը միայն ցրտից ու քամուց չէ, որ պետք է պաշտպանի մաշկը: Չպետք է մոռանալ ուլտրամանուշակագույն ճառագայթների և ազատ ռադիկալների մասին: Նույնիսկ ձմռանն արևի ճառագայթները ներթափանցում են վերնամաշկը և քայքայում խոնավության արտադրման պատասխանատու շարակցական հյուսվածքը:

 

Ձմեռային դիմահարդարանք ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել պաշտպանական գործոնի վրա: Այն չպետք է լինի 10-ից ցածր: Ազատ ռադիկալները սպառնալիք են այն անձանց համար, ովքեր մեծ քաղաքները նախընտրում են գյուղական վայրերից:

 

Գործարանների ծխարձակումները, արտազատվող գազերը, արտանետվող արդյունաբերական փոշին մաշկի մեջ բերում են անցանկալի փոփոխությունների, որի հետևանքով արձակվում են ագրեսիվ մասնիկներ`   ազատ ռադիկալներ, որոնք էլ շարակցական հյուսվածքի վրա թողնում են կործանարար ազդեցություն, արգելակում վերականգնողական պրոցեսները, այսինքն`   արագացնում մաշկի ծերացումը:

 

ՀԱԿԱՔԱՅՔԱՅԻՉՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱԶԱՏ ՌԱԴԻԿԱԼՆԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԵՆ
 

«ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ»

 

Դիմակները գեղեցիկ և առողջ մաշկի պաշտպանության մեջ ամենաարդյունավետ զենքն են: Եթե պատրաստի դիմահարդարման միջոցներ եք գնում, ուշադրություն դարձրեք`   արդյո՞ք դիմակը պարունակում է խոնավացնող նյութեր (գլիցերին և այլն) ու հակաքայքայիչներ (վիտամիններ E և C):

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: