Հանրագիտարան

Ամանոր

Ամանորով նշանավորվում է տարեսկիզբը: Տարին այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ, եթե հիշենք, որ մեկ վայրկյանում անցնում է 30 կիլոմետր։

Տարվա գաղափարն առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում։ Այն պայմանավորված է եղել Նեղոս գետի վարարումով։ Դրանից էր կախված եգիպտացիների կյանքը, երկրագործական աշխատանքները։ Նեղոսի վարարման սկիզբը համընկնում էր Սիրիուս աստղի երևալուն։ Եվ ահա այդ աստղի և Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչվեց տարի։

 

Չնայած տարի հասկացությունը ծնվել է Հին Եգիպտոսում՝ տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ են համարել տարվա առաջին ամիսը, և տարբեր է եղել նրանց նոր տարին։ Ամանորը հայերը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսին, և այն կոչվում էր Նավասարդ: Այս տոնը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր։
 
Նման բազմազանությունը ժողովուրդների տնտեսական ու կուլտուրական փոխհարաբերություններում դժվարություններ էր առաջացնում։ 16-րդ դարի վերջերից սկսած (1582 թվականին)՝ որոշվեց նոր տարվա սկիզբ համարել հունվարի մեկը։ Հենց այդ բանն էլ դրվեց մեր ներկա օրացույցի հիմքում։ Նոր տոմարը մտցվել է Հռոմի պապ Գրիգոր 13-րդի կողմից, Հուլյան օրացույցի փոխարեն։ Այդ երկու տոմարների միջև եղած տարբերությունը կազմում է տասներեք օր։
 
Այսպիսով, հունվարի մեկը Նոր տարվա սկիզբը համարելը բնավ էլ պատմական իրադրության հետ չի կապվում և ընդունված է պայմանականորեն։ Բայց ժամանակի ընթացքում այն ավանդույթի ուժ ստացավ։ Այդ օրը, որը այսօր մեզ համար այնքան հարազատ ու անփոխարինելի է դարձել, ունի համեմատաբար նոր պատմություն:
 
Չնայած միջազգային մասշտաբով հունվարի 1-ը պաշտոնապես ընդունված է Նոր տարի, բայց Միջին և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում (Իրանում, Աֆղանստանում, Արաբական մի քանի երկրներում) շարունակում են պահպանել իրենց ավանդական նոր տարին։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: