Առողջապահություն

Թմրամիջոցների շրջանառության կարգավորումը

Հայաստանի Հանրապետությունը Գերագույն խորհրդի 1993 թ. մայիսի 24-ի Հ.Ն-0836-I որոշմամբ միացել է ՄԱԿ-ի երեք համաձայնագրերին։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառությունը կարգավորվում է ՀՀ Քրեական օրենսգրքով, 2002 թ. ընդունված «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքով, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով, որտեղ սահմանված են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման պետական քաղաքականության իրավական հիմքերը և թմրամոլության դեմ պայքարի հիմնական միջոցները։

 

Հայաստանի Հանրապետությունը Գերագույն խորհրդի 1993 թ. մայիսի 24-ի Հ.Ն-0836-I որոշմամբ միացել է ՄԱԿ-ի երեք համաձայնագրերին։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառությունը կարգավորվում է ՀՀ Քրեական օրենսգրքով, 2002 թ. ընդունված «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքով, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով, որտեղ սահմանված են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման պետական քաղաքականության իրավական հիմքերը և թմրամոլության դեմ պայքարի հիմնական միջոցները։

 

Մարդու կողմից հազարամյակներ շարունակ կիրառվում են տարատեսակ թմրամիջոցներ։ Պատմական սկզբնաղբյուրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մարդկային քաղաքակրթության զարգացման տարբեր շրջաններում տարբեր ժողովուրդներ թե՛ կենցաղում, թե՛ կրոնական արարողակարգերում և թե՛ բժշկության մեջ օգտագործել են ամենաբազմատեսակ թմրամիջոցներ։

 

Բնական միացություններից հաճույք ստանալու, տագնապը պակասեցնելու և գիտակցության մեջ այլ փոփոխություններ կատարելու նպատակով հնում կիրառվել են ափիոնը, կանեփը, ինչպես նաև կոկայենու տերևները, որոնք սերնդե-սերունդ ծամել կամ շնչել են։ Հոգեմետ ազդեցություն ունեցող բույսի առաջին հիշատակումը (Ք.ա. 5000 թ.) վերաբերում է կակաչին։ Շումերական Նիպուրե քաղաքի (ժամանակակից Իրաքի տարածք) պեղումների ժամանակ հայտնաբերվել են կավե ցուցանակներ, որտեղ նկարագրված էր, թե ինչպես պետք է պատրաստել և օգտագործել ափիոնը։ Շումերները ափիոնն անվանում էին «Hul Gil»`   ուրախության բույս։ Կենտրոնական և Հարավային Ամերիկայի հնդկացիների դամբարաններում պատկերված են մարդիկ, որոնք ծամում են կոկայենու տերևները (Ք.ա. 3000 թ.)։

 

Ք.ա. 1300 թ. եգիպտացիները Էխենաթոնի և Թութանհամոնի կառավարման ժամանակ աճեցնում էին կակաչ և վաճառում Հունաստանին։ Բրիտանացի եգիպտագետ Ռ. Թոմսոնը 1924 թ. հայտնաբերել է հին եգիպտական ձեռագրեր, որտեղ նկարագրված են տեղեկություններ կակաչը ցանելու, հավաքելու և բժշկության մեջ կիրառելու մասին. «Առավոտ շուտ մի ծեր կին, տղաներ և աղջիկներ տուփիկի վրայից հյութը հավաքում են երկաթե փոքրիկ գդալիկով, այնուհետև տեղափոխում ուտելիքի սկահակի մեջ»։

 

Կակաչի գլխիկը հիշատակվում է նաև Հին Հունաստանի առասպելներում որպես ցավը անցկացնելու, տանջանքը վերացնելու խորհրդանիշ։ Հին հույները պատկերում էին քնի աստծուն`   Հիպնոսին, գլուխը զարդարված կակաչի պսակով, իսկ երազների աստված Մորֆիուսի ապրելատեղը պատկերում էին կակաչի տուփիկի տեսքով։ Երբ Մորֆիուսը ուզում էր մեկին քնացնել, նրան դիպչում էր կակաչով։

 

Այսպիսի անվամբ դեղ պահպանվել է Գերմանական դեղագրքում մինչև XIX դարի վերջը։

 

Արաբ բժիշկները մի փոքր ուշ (980 -1037 թթ.), բայց նույնպես ինտենսիվորեն ափիոնը կիրառում են բժշկության մեջ։ Աբու Ալի Իբն Սինան`   Ավիցենան, խորհուրդ է տալիս կիրառել ափիոնը փորլուծության, աչքի հիվանդությունների ժամանակ։ Ավիցենայի մահը շատերը կապում են ափիոնով «չափազանց հրապուրվելու» հետ։

 

Պարացելսը (XV դար 1527 թ.) առաջին անգամ հիվանդին որպես ցավազրկող նշանակում է ափիոնի պատրաստուկ, որը պարունակում էր ափիոն, ցիտրուսավոր բույսեր և ոսկի. այն կոչվում էր «լաուդանում»։ Պարացելսը ասում էր, որ չէր ցանկանա լինել բժիշկ, եթե չլիներ ափիոնը։ Թմրամոլության առաջին զանգվածային բռնկումը եղել է Եվրոպայում 1840 թ.։ Անգլիացինեը այդ ժամանակաշրջանում արգելել էին ոգելից խմիչքների օգտագործումը, իսկ ժողովրդական մասսաները շուտ գտան ալկոհոլին փոխարինող ափիոնի սպիրտային լուծույթը, որն ավելի էժան գին ուներ, քան գարեջուրը կամ գինին։ XIX դարի սկզբին գիտությունը ձեռնամուխ եղավ ափիոնի «կիրառական հատկանիշների» կատարելագործմանը և որակի լավացմանը։ Սկսվեց բուսական հումքից մաքուր և գերակտիվ ալկալոիդների անջատման դարաշրջանը։ 1803 թ. դեղագործ Ֆրեդերիկ Սերտյուրներին հաջողվում է ափիոնից անջատել ազդող նյութը, որը տասնապատիկ ուժեղ ազդեցություն ուներ, քան ափիոնը։ Սերտյուրները այդ նյութն անվանում են մորֆին`   ի պատիվ երազների աստված Մորֆիուսի։

 

Թմրամոլության տարածման ազդեցիկ պատմություն ունի Չինաստանը, որտեղ շուրջ մեկ դար՝ 1840-1940 թթ., շարունակվել են այսպես կոչված «ափիոնային պատերազմները»։ Համատարած թմրամոլության հետևանքով Չինաստանի բնակչության թիվը այդ ընթացքում կրճատվեց 11%-ով կամ 47 մլն-ով։ Միայն կոմունիստների իշխանության գալուց հետո հնարավոր դարձավ վերջ դնել նարկոէքսպանսիային։ 80 հազ թմրավաճառներ հայտնվեցին բանտերում, իսկ նրանցից ամենավտանգավոր 800-ը գնդակահարվեցին։ Թմրամիջոցների մասին օրենքներից ամենախիստը այսօր Չինաստանի օրենքն է։

 

Թմրամիջոցների շրջանառության միջազգային կարգավորումը

 

Աշխարհի բազմաթիվ երկրներ, հաշվի առնելով թմրամոլության վտանգը, ընդունել են օրենքներ, հրովարտակներ, կանոններ`   թմրամիջոցների տարածումն ու օգտագործումը սահմանափակելու և կանոնակարգելու նպատակով։ Այս խնդրին են անդրադարձել նաև Բաբելոնի թագավոր Համմուրաբին, Հին Հնդկաստանի օրենսդիր Մանուն, Հին Ռուսիայի իշխան Վլադիմիր Մոնոմախը, հայոց թագավորներ Արտաշեսը, Տիգրանը, Տրդատը։

 

XX դարասկզբին միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացավ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության կանխարգելման ուղղության վրա։ Այս խնդրում մեծ է ԱՄՆ-ի դերը, որը մեծ ուժեր և միջոցներ ներդրեց թմրամիջոցների արտադրության, պահման, կրիմինալացման և թմրամոլության դեմ պայքարի միջազգային համագործակցության ոլորտում։

 

Օպիում անունը հունարենից թարգմանաբար նշանակում է հյութ, հետո հավանաբար ձևավորվում է եբրայերեն ophion-ը, արաբերեն af-yun-ը։ Նման բառեր հանդիպում են ասիական ժողովուրդների մոտ (հայերեն`   ափիոն)։ Ափիոնի բժշկական կիրառման մասին առաջին տեղեկությունները տվել է բժշկագիտության հայր Հիպոկրատը (Ք.ա. 440-377 թթ.)։ Նրա աշխատություններում հիշատակվում է մեկոնին կոչվող նյութը, որին վերագրված է թմրաբեր ազդեցություն։ Հին հույն բժիշկ Դիոսկորիդոսը, որը Եվրոպայում դեղաբանության հիմնադիրն է, իր«Մատերիա մեդիկա» գրքում նկարագրում է կակաչի տուփիկից ստացվող հանուկի ակտիվությունը, որն անվանում է մեկոնին, իսկ պատիճների հյութն անվանում է դիո-կոդիոն (Ք.ա. 90-40 թթ.)։

 

Թմրամիջոցների վերաբերյալ առաջին միջազգային գիտաժողովը գումարվել է Շանհայում 1909թ.


Դրան հաջորդեցին.

 

  • 1912թ. Հաագաի Ափիոնի վերաբերյալ միջազգային պայմանագիրը։ Սույն պայմանագրով Ասիայի գաղութացված ժողովուրդները պաշտպանվեցին թմրամիջոցների ագրեսիայից։ Այս համաձայնագրին են միացել 58 երկրներ։
  • 1925թ. Ժնևի Ծխելու ափիոնի արտադրության, ներքին առևտրի, կիրառման վերաբերյալ համաձայնագիրը, որում առաջին անգամ հղացավ գործունեությունների լիցենզավորման գաղափարը։
  • 1931թ. Բանգկոկի Թմրամիջոցների արտադրության սահմանափակման և կանոնակարգման համաձայնագիրը։ Առաջին անգամ հաշվարկվեցին թմրանյութերի բժշկական և գիտական նպատակների համար անհրաժեշտ քանակները`   քվոտաները։
  • 1936թ. Ժնևի Վտանգավոր դեղերի վաճառքի արգելման համաձայնագիրը։ Այս համաձայնագրին միացել են 37 երկրներ։
  • 1953թ. Նյու-Յորքի Ափիոնային խաշխաշի միջազգային մեծածախ առևտրի և դրա կիրառման վերաբերյալ սահմանափակման և կանոնակարգման համաձայնագիրը։
  • ՄԱԿ-ի թմրամիջոցների հսկողության համաձայնագրերը, որոնք են.

 

1. Թմրամիջոցների մասին 1961 թ. միասնական հանաձայնագիրը.
Այն սահմանափակում է թմրամիջոցների ձեռքբերումը, պահպանումը, օգտագործումը, առևտուրը, առաքումը, ներմուծումը, արտահանումը, մշակումը և արտադրությունը բացառապես բժշկական և գիտական նպատակներին ուղղելու համար։ Այս համաձայնագրի ընդունումից հետո նախորդ բոլոր համաձայնագրերը համարվում են ուժը կորցրած։

 

2. Հոգեմետ նյութերի մասին 1971 թ. համաձայնագիրը.
Համաձայնագրում հաստատվել են հոգեմետ նյութերի և կախյալություն առաջացնելու հատկությամբ օժտված որոշ սինթետիկ միջոցների միջազգային հսկողության համակարգերը և մեխանիզմները։

 

3. Թմրամիջոցների եվ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին 1988թ. համաձայնագիրը
Այս համաձայնագիրն ընդունել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի լայնածավալ, արդյունավետ և օպերատիվ պայքարի սկզբունքները և հիմնական հասկացությունները։ Նաև տրվել են ապօրինի շրջանառության մեջ ներդրված գումարների հայտնաբերման և առգրավման, էքստրադիկցիայի, պատժի և իրավաբանական բազմաթիվ այլ հիմնահարցերի վերաբերյալ միջազգային համագործակցության մեխանիզմները։ Նման միջազգային պայմանագրերի առկայությունը վկայում է այն մասին, որ ոչ մի առանձին վերցրած երկիր չի կարող ունենալ թմրանյութերի դեմ պայքարելու և այն զարգացնելու արդյունավետ ազգային միջոցներ`   առանց հաշվի առնելու միջազգային մակարդակում տիրող իրավիճակը և այդ խնդրի լուծման հարցում առաջադեմ երկրների փորձը։

 

Համաձայնագրերի գործնական նշանակությունը

 

  • Ամբողջ աշխարհում իրականացնում են առողջության համար վտանգավոր մի շարք նյութերի շրջանառության վարչական հսկողություն։
  • Միասնական հիմք են հանդիսանում շատ երկրներում թմրամիջոցների շրջանառությունը կարգավորող օրենսդրության համար։
  • Արգելք են հանդիսանում թմրամիջոցների անվերահսկելի վաճառքի համար։
  • Իրավաբանական հիմք են հանդիսանում ոստիկանության և մաքսային հսկողության միջազգային համագործակցության բնագավառում։
  • Աջակցում են թմրամիջոցների կիրառման գլոբալ իրավիճակի վերլուծության համար տվյալների ապահովմանը։
  • Արգելք են հանդիսանում մի շարք երկրների համար, որոնք ցանկանում են օրինականացնել թմրամիջոցների կիրառումը։

 

 

Հեղինակ. Լիլիթ Ղազարյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 6-7-2008 (13)
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: