Առողջապահություն

Ծուռթաթություն

Հաճախ հանդիպող բնածին ձևախախտումներից մեկն է, որոք տղաների մոտ ավելի հաճախ է նկատվում, քան աղջիկների։ Ախտահարումը կարող է լինել միակողմանի և երկկողմանի։ Երբեմն բնածին Ծուռթաթությունը զուգակցվում է այլ բնածին արատներով։

 

Հաճախ հանդիպող բնածին ձևախախտումներից մեկն է, որոք տղաների մոտ ավելի հաճախ է նկատվում, քան աղջիկների։ Ախտահարումը կարող է լինել միակողմանի և երկկողմանի։ Երբեմն բնածին Ծուռթաթությունը զուգակցվում է այլ բնածին արատներով։

Հիվանդության պատճառագիտությունը վերջնականապես պարզաբանված չէ։ Գոյություն ունեն տարբեր տեսակետներ մեխանիկական գործոնի ազդեցության, նյարդային խանգարումների, արգանդում պտղի ոչ ճիշտ դիրքի, սաղմնային զարգացման արատների վերաբերյալ և այլ։

«Բնածին ծուռթաթություն» հասկացողության տակ միավորվում են ոտնաթաթի բնածին ձևախախտման տարբեր ձևերը, որոնք բաժանվում են երկու խմբի՝

  1. տիպիկ
  2. ոչ տիպիկ։

Ծռաթաթության տիպիկ ձևը արտահայտվում է ձևախախտման երեք բաղադրամասերի պարտադիր առկայությամբ.

  1. ոտնաթաթի առաջնային հատվածի առբերում (adductio), երբ ոտնաթաթի երկայնակի առանցքը և ծայրային հատվածը աղեղնաձև կորացած են դեպի ներս,
  2. ոտնաթաթի վերհակում (supinatio), երբ ներբանային մակերեսը շրջված է դեպի ներս, իսկ թիկնայինը՝ դեպի դուրս,
  3. ներբանային ծալում (aquinus), երբ ոտնաթաթի առաջնային մատնային հատվածը կախված է, իսկ կրունկը բարձրացած, աքիլլեսյան ջիլը լարված է ու կարճացած։

Ծուռթաթության ոչ տիպիկ ձևերն առաջանում են ջրաթաղանթային (ամնիոնային) ձգվածության, արթրոգրիպոզի, ոսկրերի բնածին արատների, բնածին կծկումնային պարալիզների հետևանքով։

Ձևախախտման աստիճանը տատանվում է լայն սահմաններում՝ հազիվ նկատելիից մինչև խիստ արտահայտված ձևը։ Ըստ ծանրության աստիճանի տարբերում են

  1. թեթև,
  2. միջին
  3. ծանր։

Ծծկեր տարիքի երեխաների բնածին ծուռթաթությունների բուժումը սկսում են հետծննդյան շրջանի 7-10-րդ օրվանից։ Միայն ամենաթեթև դեպքերում կարելի է արդյունքի հասնել փափուկ վիրակապային փաթաթաններով անշարժացնելու, ձևախախտումն ուղղող մարզումների և մերսումների օգնությամբ։ Արտահայտված ձևերի դեպքում կիրառվում են փուլային գիպսակապեր։ Սկզբում գիպսակապը փոխում են յուրաքանչյուր 7-րդ օրը, իսկ 3-5 ամիս բուժելուց հետո՝ 9-12-րդ օրը, երբ ոտնաթաթերը միջին դիրք են ընդունում։ Գիպսակապը դնելիս անհրաժեշտ է սրունքի և ոտնաթաթի ցցուն կետերում ու փոսացման շրջաններում այն ձևավորել ուշադիր և խնամքով։ Ոտնաթաթի մատների ծայրերը պետք է թողնել ազատ, որպեսզի հնարավոր լինի հետևել արյան շրջանառության վիճակին։ Բուժման ընթացքում անհրաժեշտ են հատուկ մարզումներ՝ ձևախախտման ուղղման և սրունքի մկանների ամրացման համար։ Ծուռթաթության կոնսերվատիվ բուժման ոչ լիարժեք արդյունքների կամ ձևախախտման սրացումների դեպքում փափուկ հյուսվածքների և ջլակապանային ապարատի վիրահատական միջամտություն է կատարվում։

 

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: