Առողջապահություն

Երեխային բարուրելը չի կարող դրական ազդեցություն ունենալ

1970-ականներին Ճապոնիայում գրեթե բոլորը բարուրում էին նորածիններին: Հենց այնտեղ առաջին անգամ փորձեցին վիճակագրական տվյալներ ստանալ, որի արդյունքներն ապշեցուցիչ էին. այն երեխաները, որոնց չէին բարուրում, զգալիորեն ավելի առողջ էին նորածնային շրջանում բարուրած փոքրիկներից:
Այս ուսումնասիրությունը շատ արագ հեղաշրջեց ճապոնացիների համար վաղուց արդեն սովորական դարձած բարուրելու ավանդույթը: Դրական արդյունքները չուշացան. Ճապոնիայում գրանցվեց կոնքազդրային հոդերի խնդիրներ ունեցող երեխաների թվի կրճատում: Հայաստանում ևս կա նման «միկրոհեղաշրջման» կարիք: Մինչ օրս հատկապես գյուղերում կարելի է հանդիպել ընտանիքների, որոնք բարուրում են նորածիններին:
 
Օրթոպեդիայի ու վնասվածքաբանության գիտական կենտրոնի մանկական օրթոպեդիայի ու վնասվածքաբանության բաժնի վարիչ Արա Այվազյանը նշել է, որ բարուրը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ զարգացող օրգանիզմի հենաշարժիչ համակարգի վրա: Ըստ նրա`   այն պնդումը, թե իբր բարուրն ուղղում է մանկան ոսկրերը, միֆ է:
 
«Բարուրված երեխան չի ստանում արևից սնուցում, այսինքն՝ վիտամին D: Այդ վիտամինի պակասությունը հանգեցնում է նրան, որ մանկան ոսկրերը փափկում են: 1-1,5 տարեկանում ծնողներն իրենց «պարտքն են համարում» երեխային քայլել սովորեցնել, բացում են բարուրը և փափկած ոսկրերով երեխային, որը երբևիցե ազատ չի շարժվել, հատուկ սարքերով փորձում են ստիպել կանգնել ու քայլել:
 
Կտրուկ կանգնելու հետևանքով երեխայի փափուկ ոսկրերը ծռվում են: Սա, իհարկե, չի կարելի տարածել բոլորի վրա: Կան երեխաներ, որոնց առողջության «պաշարը» բավարարում է, և նրանք դիմանում են բարուրի տանջալից շրջանին»:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: