Առողջապահություն

Ինչի մասին է վկայում մաշկի գույնը

Մաշկն առաջինն է արձագանքում օրգանիզմի տկարություններին: Մաշկի գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները և նախօրոք սկսել կանխարգելումը:
Եթե մաշկը դեղնել է
 
Ուշադրություն դարձրեք լյարդին: Դեղնության պատճառները շատ են՝ հեպատիտ, լեղաքարային հիվանդություն, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի աշխատանքի խանգարում, արյան հիվանդություններ: Մաշկին դեղին գույն է հաղորդում բիլիռուբին կոչվող պիգմենտը:
 
Այն լյարդում առաջանում է հեմոգլոբինի էրիթրոցիտների քայքայման դեպքում: Եթե բիլիռուբինն օրգանիզմից դուր գալու փոխարեն ընկնում է արյան մեջ կամ մնում հյուսվածքներում, ապա մաշկի գույնը կարող է դառնալ դեղին կամ նարնջագույն:
 
Եթե մաշկի գույնը մգացել է
 
Ուշադրություն դարձրեք երիկամներին և մակերիկամներին: Մաշկի մուգ կամ նույնիսկ սև գույնը երիկամների հիվանդության կամ միզապարկի ինֆեկցված ախտահարման ամենահավանական պատճառն է: Հարկ է անպայման այցելել ուրոլոգին:
 
Եթե մաշկն սպիտակել է
 
Ուշադրություն դարձրեք արյան բաղադրության, նյութափոխանակության, մարսողական, սիրտ-անոթային համակարգերի, թոքերի և  վահանագեղձի աշխատանքին:
 
Զննելով չափից ավելի գունատ հիվանդին՝ բժիշկը կարող է ախտորոշել  անեմիա`   հեմոգլոբինի (երկաթի) անբավարարություն, մարսողության կամ նյութափոխանակության խանգարում, ինչն էլ խոչընդոտում է երկաթի յուրացմանը:
 
Մաշկի կարող է գունատվել նաև ցրտից, վախից, ցավից, նաև այտուցներից: Գունատությունը կարող է առաջանալ նաև մաշկի վատ արյունամատակարարումից:
 
Եթե մաշկը կապտավուն է դարձել
 
Ուշադրություն դարձրեք սիրտ-անոթային, շնչառական համակարգերին: Անհապաղ պետք է դիմել սրտաբանին: Այդ գույնը վկայում է արյան մեջ թթվածնի անբավարարության մասին: Սիրտ-անոթային ու շնչառական համակարգերի բնականոն աշխատանքի մասին խոսելն ավելորդ է:
 
Եթե մաշկը կարմրել է
 
Ուշադրություն դարձրեք արյան, սիրտ-անոթային համակարգի, մարմնի ջերմաստիճանի, ուժեղ ազդեցությամբ վտանգավոր նյութերի (որոնք օգտագործվել են կենցաղում) վրա:
 
Եթե ամբողջ դեմքն է կարմրել
 
Հարկ է ստուգել սիրտ-անոթային համակարգը և արյան հետազոտություն անցնել: Դեմքի կարմրությունը կարող է պայմանավորված լինել արյան մեջ էրիթրոցիտների քանակի պաթոլոգիական ավելացմամբ, արյան ճնշման բարձրացմամբ կամ սրտի աշխատանքի խանգարմամբ:
 
Եթե մաշկը մոխրագույն է դարձել
 
Ուշադրություն դարձրեք մարսողությանը: Հողամոխրագույն երանգը սովորաբար պայմանավորված է ստամոքսաղիքային ուղու խնդիրներով: Դա կարող է լինել և՛ գաստրիտ, և՛ փորկապություն: Խորհրդակցեք գաստրոէնթերոլոգի հետ հետագայում բարդություններից խուսափելու համար:
 
Եթե մարսողությունը նորմալ է, նշանակում է մաշկի գույնի վրա ազդում են սթրեսներն ու ծխելը: Դա հանգեցնում է արյունատար անոթների նեղացման՝ նշանակալիորեն նվազեցնելով մաշկին թթվածնի մատակարարումը:
 
Հեղինակ`   Ն.Ա.
Սկզբնաղբյուր`   Առողջապահության լրատու 10 (548) 17.03.2010
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: