Առողջապահություն

Ձեռք չտա՞լ

Ձեռքերին կատարյալ տեսք տալու համար բնավ պարտադիր չէ, որ, ասենք, Ձեր ընկերուհին մատնահարդարման սրահի տնօրեն լինի։ Գեղեցիկ և խնամված ձեռքեր կարելի է ունենալ նույնիսկ դրանց հանդեպ նվազագույն խնամք և ուշադրություն ցուցաբերելու դեպքում։

 

Նման դիտողութուն շատ հաճախ անում են թանգարանների հսկիչները համառ և հետաքրքրասեր այցելուներին։ Բայց նույնիսկ ամենախիստ հսկիչը չի հանդգնի նման դիտողություն անել`   տեսնելով ձեր նուրբ, խնամված, գեղեցիկ, ասես արվեստի գլուխգործոց ձեռքերը:

 

Ձեռքերին կատարյալ տեսք տալու համար բնավ պարտադիր չէ, որ, ասենք, Ձեր ընկերուհին մատնահարդարման սրահի տնօրեն լինի։ Գեղեցիկ և խնամված ձեռքեր կարելի է ունենալ նույնիսկ դրանց հանդեպ նվազագույն խնամք և ուշադրություն ցուցաբերելու դեպքում։ Սակայն մինչև գեղեցիկ ձեռքեր ունենալու գաղտնիքը բացահայտելը, առաջարկում ենք պատասխանել մի քանի հարցի.

 

  • Կրո՞ւմ եք արդյոք ձեռնոցներ նոյեմբերից մինչև մարտ ընկած ժամանակահատվածում։
  • Հարդարո՞ւմ եք արդյոք մատները 7-10 օրը մեկ։
  • Ունե՞ք արդյոք անձնական մատնահարդար։
  • Մերսո՞ւմ եք արդյոք մատներն ամեն երեկո։
  • Ձեռքերի խնամքի համար արվող ամենամսյա ծախսերը գերազանցո՞ւմ են արդյոք 50 ԱՄՆ դոլարը։ 

 

Յուրաքանչյուր դրական պատասխանի համար դուք վաստակում եք 3 միավոր, բացասականի համար`   1, իսկ «բնավ այդպես չէ» պատասխանի համար`   0 միավոր։ 
Եթե հավաքել եք 16-18 միավոր, ապա տարօրինակ է, որ այս հոդվածն ընդհանրապես հայտնվել է Ձեր ձեռքերում։ Ձեր ձեռքերը վաղուց արդեն պետք է «գնված» լինեին «Cartier» ֆիրմայի կողմից`   իր ոսկերչական իրերի գովազդի համար։ 

Եթե հավաքել եք 8-15 միավոր`   նշանակում է, որ «Ձեռքերը մատնում են կնոջ տարիքը» արտահայտությունը Ձեր մասին չէ։ Ձեզ ավելի կհամապատասխանի «Ձեռքերը կնոջ այցեքարտն են» արտահայտությունը։ Իհարկե, Դուք Ձեր ողջ ազատ ժամանակը մատների հարդարմամբ չեք զբաղվում, սակայն դա չի խանգարում, որ Ձեր ձեռքերը լինեն գեղեցիկ։ 

Եթե հավաքել եք 3-7 միավոր, ապա խորհուրդ ենք տալիս անհապաղ վերանայել ձեռքերի խնամքին վերաբերող Ձեր պատկերացումները կամ... նոր հոբբի դարձնել խմորեղեն թխելը (թթխմորը վերականգնում է վերնամաշկի ջրաճարպային թաղանթը և մաշկը հագեցնում վիտամիններով ու միկրոէլեմենտներով)։ 

Ամեն դեպքում, հոդվածը մինչև վերջ կարդալու պարագայում Դուք հաստատ նոր բաղադրատոմսեր կգտնեք, որոնք կօգնեն Ձեզ ձեռքերի գեղեցկությունն առավել անթերի դարձնելու հարցում։ 

Դեմքի և ձեռքերի խնամքի՝ գրականության մեջ հանդիպող միջոցները գրեթե ոչնչով չեն տարբերվում միմյանցից, սակայն, այնուամենայնիվ, մի փոքրիկ նրբություն գոյություն ունի. դեմքի մաշկը, բարեբախտաբար, գործ չի ունենում տարբեր լվացող միջոցների և միրգ ու բանջարեղեն լվանալու հետ։

 

ԽՈՆԱՎԱՑՈՒՄ

 

Տարիքի հետ մաշկի բնական խոնավացման գործոնները նվազում են, և մաշկի խոնավության աստիճանը մոտենում է. «Չոր է, ինչպես Սահարայի անապատում» սանդղակին։ Եթե խնդիրը վերաբերեր միայն մաշկի վերին շերտին, ապա հարցը կարելի էր լուծել սորբիտոլ պարունակող խոնավացնող քսուքի, հիալուրոնաթթվի և պենտավինի օգնությամբ։ Սակայն, տարիքի հետ մաշկի խոնավությունն ապահովող բնական գործոններն այլևս չեն կարողանում հավուր պատշաճի իրականացնել իրենց անմիջական «պարտականությունները»։ Արդյունքում`   մաշկի ամենախորը շերտերում խոնավության «քաղց» է առաջանում, ինչը կարելի է կանխել միայն իոնոֆորեզի, գերձայնային կամ լազերային թերապիայի միջոցով։ Այս բոլոր միջամտությունները միևնույն նպատակն են հետապնդում. այն է`   խոնավության անհրաժեշտ պաշարներ հասցնել մաշկի ամենախոր շերտեր։

 

ՍՆՈՒՑՈՒՄ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Ինչո՞ւ է տարվա ցուրտ եղանակին կամ սառը ջրի հետ շփումից հետո ձեռքերի մաշկը դառնում կոշտ և ճաքճքած։ Բանն այն է, որ ճարպագեղձերի ֆունկցիան նվազում է, ինչի արդյունքում մաշկի բնական ճարպային շերտը բարակում է, իսկ ջերմային սթրեսի պայմաններում եղջերաթաղանթը հաստանում է։

 

Ձեռքերը ցրտից կարելի է պաշտպանել հասարակ և մատչելի ձևով`   ձեռնոց կրելով։ Եթե օդի ջերմաստիճանի նվազումը պայմանավորված է եղանակային փոփոխություններով, ապա կարող եք կրել բրդյա կամ կաշվե ձեռնոց։ Արտադրության մեջ ձեռքերը խնայելու համար խորհուրդ է տրվում կրել ռեզինե ձեռնոց։

 

Ձեռքերի մաշկի ջրաճարպային հավասարակշռությունը կարելի է կանոնավորել տարբեր քսուքների օգնությամբ, որոնց բաղադրության մեջ մեծ քանակությամբ յուղ կա։ Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել բնական յուղեր պարունակող քսուքներ, քանի որ դրանք շատ մոտ են ճարպագեղձերից արտադրվող ճարպին։ Այդպիսիք են, օրինակ, խաղողի, ծիրանի կամ դեղձի կորիզներից ստացված յուղերը։ Այդ յուղերով պատրաստված քսուքների մեջ առկա խոնավացնող և սնուցող միացություններն իդեալական են ձեռքի մաշկի խնամքի համար։

 

Կան կանայք, որոնց ձեռքերի մաշկի «արմատական խնամք» է ցուցված։ Բուժաշխատողներին (բժիշկներ, դեղագործներ), որոնք օրվա ընթացքում բազմիցս լվանում և ախտահանում են ձեռքերը, խորհուրդ է տրվում օգտագործել մաշկի խնամքի համար նախատեսված մասնագիտական քսուքներ, որոնց մեջ մեծ քանակությամբ պանթենոլ, պենտավին և ջրաճարպային հավասարակշռությունը բարելավող այլ միացություններ կան։

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՈՒՄ

 

Սովորաբար 25 տարեկանից հետո օրգանիզմի վերականգնողական գործընթացները դանդաղում են։ Դա նշանակում է, որ եթե 5 տարի առաջ ժամեր շարունակ կարող էիք սառը ջրով լվացք անել և չմտածել ձեռքերի մաշկի մասին, ապա այսօր նույնիսկ մի գազար մաքրելն էլ բավական է, որպեսզի օրվա կեսն անցկացնեք`   վերքերը մշակելով։ Գոյություն ունեն մաշկի երիտասարդացման մի քանի միջոցներ։

 

ՍԿՐԱԲՆԵՐ ԵՎ ՓԻԼԻՆԳՆԵՐ

 

Ոմանց կարծիքով`   այս երկու կոսմետիկ միջոցները «մահացած» մաշկը հեռացնելու համար են։ Սակայն դա նրանց միակ դրական հատկությունը չէ։ Այս կոսմետիկ միջոցները ոչ միայն հեռացնում են մաշկի եղջերացած շերտը, այլև հարթեցնում և մաքրում են այն։ Սկրաբով և փիլինգով մաշկը մշակելու պարագայում բարելավվում է մաշկի շնչառությունն ու թթվածնային հագեցածությունը, ինչն էլ խթանում է նոր բջիջների աճը։

 

Եթե սկրաբն օգտագործում եք տնային պայմաններում, ապա մտապահե՛ք.
որքան մաշկը նուրբ և զգայուն է, այնքան սկրաբը պետք է մեղմ բաղադրություն ունենա։ Էնզիմային սկրաբները, որոնք հեռացնում են մաշկի եղջերացած շերտը, ինչպես նաև պարաֆինային և ակրիլային գնդիկներ պարունակող սկրաբներն ավելի նուրբ ազդեցության են։ Ծիրանի մանրացրած կորիզ պարունակող սկրաբները նախատեսված են ավելի դիմացկուն մաշկի համար։

 

Ունիվերսալ սկրաբ՝ նախատեսված մաշկի բոլոր տեսակների համար.
2 թեյի գդալ սուրճի մրուրին ավելացնել 1 ձվի դեղնուց և հարել, այնուհետև հավելել 2-3 կաթիլ վարդի կամ եղեսպակի յուղ։ Ստացվածը քսել նախապես մշակված ձեռքերի մաշկին, մի քանի րոպե օվալաձև շարժումներով մերսել և ձեռքերը լվանալ տաք ջրով։
Գեղեցկության սրահների աշխատակիցներն իրենց հաճախորդներին առաջարկում են փիլինգի կամ դերմաբրազիայի մի քանի տարատեսակներ`   մեխանիկական, քիմիական, գերձայնային և լազերային։

 

Առաջին տարատեսակն իր բնույթով մաշկի վրա ագրեսիվ ազդեցություն է թողնում, քանի որ հատուկ նյութերով մշակված սարքի միջոցով մաշկի արտաքին շերտն ամբողջությամբ հեռացվում է։ Շատ սրահներ հրաժարվել են դերմաբրազիայից`   հաշվի առնելով այդ միջամտության վնասվածքներ թողնելու հավանականությունը։

 

Քիմիական փիլինգն ավելի խնայող է։ Վերջինիս ժամանակ մաշկը մշակում են տարբեր աստիճանի խտության ալֆահիդրոքսիդային թթվով։

 

Ամենաարդիականը, սակայն, փիլինգի գերձայնային և լազերային մեթոդներն են։ Դրանց առանձնահատկությունն այն է, որ մաշկը ոչ թե այրվում է, այլ գոլորշիով մաքրվում, ինչի արդյունքում այս միջամտության ընթացքում վնասվածքները բացառվում են։ Մաշկի շոգեմաքրման վերջին սերնդի սարքերը հաշվարկված են միկրոնների ճշտությամբ, ինչը հնարավորություն է տալիս խուսափելու հետվիրահատական բարդություններից և անցանկալի հետևանքներից։

 

Հարկ է նշել, որ այս միջամտությունները ոչ միայն խթանում են վերնամաշկի (էպիդերմիսի) երիտասարդացմանը, այլև կանխարգելում են և բուժում ծերունական պիգմենտացիան։

 

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԿՈՍՄԵՏԻԿ ՄԻՋՈՑՆԵՐ

 

Մասնագետներն այն կարծիքին են, որ 25 տարեկանից հետո ցանկացած կին պետք է օգտագործի քսուքներ, որոնց բաղադրության մեջ, բացի ավանդական խոնավացնող միջոցներից, կան նաև կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք խթանում են մաշկի վերականգնողական համակարգը։ «Ուժեղ» ազդեցության կոսմետիկ միջոցներն ավելի լավ է օգտագործել քնելուց առաջ, երբ օրգանիզմը պատրաստ է այսպես կոչված «վերականգնողական» ռեժիմի։ 40-ից բարձր տարիքի կանանց մասնագետները խորհուրդ են տալիս օգտվել գեղեցկության սրահների կողմից առաջարկվող մեթոդներից, որոնցից ամենաարդյունավետն իոնոֆորեզ կոչվող մեթոդն է։ Այս միջամտությունը թույլ է տալիս կենսաբանական ակտիվ նյութերին թափանցել մաշկի ամենախոր շերտերը։ Այս մեթոդի ժամանակ օգտագործվող սարքերը նպաստում են նյութափոխանակման գործընթացների բարելավմանը և բջիջների աճին, խթանում են կերամիդների ակտիվացումը, ինչն էլ հնարավորություն է տալիս պահպանելու ձեռքերի երիտասարդությունն ու գեղեցկությունը։

 

ՄԵՐՍՈՒՄ

 

Այս մեթոդն ավելի արդյունավետ է, քան մենք ենթադրում ենք։ Մերսումը զգալիորեն բարելավում է արյան շրջանառությունը, անմիջականորեն նպաստում վերնամաշկային լիպիդների աճին և մաշկի ամենախոր շերտերում խոնավության պահպանմանը։ Պետք չէ անտեսել նաև մերսման`   հոգեկան աշխարհի վրա ունեցած բարերար ազդեցությունը։ Հաճելի բույրը, քնքուշ հպումները հանգստացնում են նյարդային համակարգը, ինչի արդյունքում մկանները թուլանում են, որն էլ մերսման բարեհաջող ընթացքի գրավականն է։

 

Մասնագետներն այն կարծիքի են, որ ամեն անգամ մատնահարդարին այցելելիս կանայք պետք է նաև ձեռքերի մերսում ընդունեն։ Մեր օրերում գոյություն ունեն մերսման արդյունավետությունը բարձրացնող մի շարք միջոցներ։ Եթե Դուք նախընտրում եք ինքնամերսումը, ապա մտապահե՛ք դրա հիմնական կանոնը. ինքնամերսումը պետք է սկսել մատների ծայրից, աստիճանաբար հասնել դեպի ափերը և ավարտել ձեռքի երեսային մակերեսով։ Ինքնամերսման ժամանակ աշխատեք վանել բոլոր այն մտքերը, որոնք որևէ առնչություն չունեն տվյալ պահի հետ, այլապես առօրյա կյանքի խնդիրներով պայմանավորված հուզական լարվածությունը կարող է վերածվել մկանային լարվածության, ինչի արդյունքում կառաջանա մաշկի գերձգվածություն։

 

Մատների և ափերի վրա կան բազմաթիվ կենսաբանական ակտիվ կետեր, որոնք պատասխանատու են ներքին օրգանների բնականոն աշխատանքի համար։ Օրինակ, ցուցամատերը տրորելով կարելի է ձերբազատվել վատ տրամադրությունից, իսկ մատնեմատերը մերսելով`   թուլացնել մագնիսական դաշտի բացասական ազդեցությունը։ Ընդհանուր առմամբ ձեռքի բոլոր մասերի պարբերաբար մերսումը թույլ կտա զգալիորեն բարելավել ինքնազգացողությունը։

 

ԵԹԵ ԴՈՒՔ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՔ ԻՆՔՆԱՄԵՐՍՈՒՄԸ, ԱՊԱ ՄՏԱՊԱՀԵ՛Ք ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆԸ. ԻՆՔՆԱՄԵՐՍՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ ՄԱՏՆԵՐԻ ԾԱՅՐԻՑ, ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՀԱՍՆԵԼ ԴԵՊԻ ԱՓԵՐԸ ԵՎ ԱՎԱՐՏԵԼ ՁԵՌՔԻ ԵՐԵՍԱՅԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ։

ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-2008 (11)

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: