Առողջապահություն

Դեմքի մաշկի տիպերը

եմքի մաշկի խնամքի համար շատ կարևոր է որոշել դրա տեսակն ու վիճակը: Տեսակի որոշման համար անհրաժեշտ է հաշվի առնել մաշկի եղջերացման, եղջերահեռացման, ջրակորստի աստիճանը, ճարպագեղձերի և քրտնագեղձերի աշխատանքի ինտենսիվությունը:

Սովորաբար մաշկը լինում է`   նորմալ, չոր, Ճարպոտ, խառը կամ համակցված տիպի:

 

Մաշկային ծածկույթի տեսակի որոշման հիմնական հատկանիշներն են գույնը, առաձգականությունը, խոնավությունը, ճարպարտադրությունը, քրտնարտադրությունը, մազերի և եղունգների վիճակը: Չնայած մաշկն իր կառուցվածքային, ֆունկցիոնալ ու կենսաքիմիական հատկություններով դիտվում է որպես մեկ ամբողջական միավոր, այնուամենայնիվ, մարմնի տարբեր հատվածներում այն ունի որոշակի առանձնահատկություններ և պահանջում է յուրահատուկ խնամք: Այս հանգամանքի հետ է մասամբ կապված նաև մարմնի այս կամ այն հատվածում մաշկային հիվանդությունների տեղակայման հակվածությունը:

 

Դեմքի մաշկի խնամքի համար շատ կարևոր է որոշել դրա տեսակն ու վիճակը: Տեսակի որոշման համար անհրաժեշտ է հաշվի առնել մաշկի եղջերացման, եղջերահեռացման, ջրակորստի աստիճանը, ճարպագեղձերի և քրտնագեղձերի աշխատանքի ինտենսիվությունը:

 

Սովորաբար մաշկը լինում է`   նորմալ, չոր, Ճարպոտ, խառը կամ համակցված տիպի:

 

Նորմալ մաշկ 

 

Նորմալ մաշկին բնորոշ են թարմ, մաքուր, համասեռ նրբերանգը, առաձգականությունը:  Ճարպագեղձերի ծորանները արտահայտված չեն, մակերեսային են, թեփազատում չի լինում: Նման մաշկ ունեցողները անհարմարություն չեն զգում անգամ արտաքին գրգռիչ ազդակների, տարվա եղանակների, կլիմայական պայմանների ժամանակ, որոշ ֆիզիոլոգիական վիճակների (դաշտանային ցիկլ, հղիություն, կլիմակտերիկ շրջան և այլն) դեպքում: Տարիքային փոփոխությունների հետ, ինչպես նաև ոչ ճիշտ խնամքի հետևանքով նման մաշկը կարող է ջրազրկվել, արտաքին ազդակների հանդեպ դառնալ զգայուն:

 

Նորմալ մաշկի խնամքի հարցում առաջնայինը տարիքային փոփոխությունների հնարավորին չափով կանխումն է: Այս հարցում կարևոր է մաշկը արտաքին անբարենպաստ գործոններից պաշտպանելը: 

 

Եթե չկան հակացուցումներ, տնային պայմաններում կարելի է մաշկը պարբերաբար մաքրել, մեռուկացած շերտերից ազատել (պիլինգ) մաքրող քսուքների և լվացումների միջոցով, շաբաթը երկու անգամ դնել սնուցող դիմակներ, ամեն օր դեմքը մաքրել համապատասխան գելով կամ կաթիկով, որից հետո մշակել մաշկի թթվահիմնային հավասարակշռությունը կարգավորող և տոնուսավորող լուծույթներով: Նախընտրելի են նաև դեմքի հիգիենիկ մերսումները նրբաքսուքներով կամ յուղերով: Մաշկը խոնավացնելու, հանգստացնելու, թարմացնելու համար շատ արդյունավետ են դիմակները: Խորհուրդ է տրվում նաև օգտագործել նորմալ մաշկի համար նախատեսված դեկորատիվ կոսմետիկ միջոցներ: 

 

Չոր մաշկ

 

Նման մաշկը լինում է բարակ, թեփոտվող, մանր ճաքերով, անհանգստացնում են հաճախակի ձգման և ծակծկոցի զգացողությունը, զգայունության մասնակի նվազումը, կարմրությունը և այլն: Մաշկի չորանալու պատճառ կարող են դառնալ դրա եղջերային շերտի ջրազրկումը, հաճախակի թեփազատումը, պաշտպանական հատկությունների ու ճարպի քանակի նվազումը: Գոյություն ունեն էկզոգեն`   արտաքին (մաշկի ոչ ճիշտ հիգիենա, արտաքին անբարենպաստ պայմաններ, սխալ սննդակարգ, ալկոհոլի և ծխախոտի չարաշահում, որոշ կոսմետիկ պրոցեդուրաներ և այլն) և էնդոգեն`   ներքին (հիպովիտամինոզ, ավիտամինոզ, լյարդի, երիկամների, վահանագեղձի, մակերիկամների ախտահարում, արյան որոշ հիվանդություններ, հիպոֆիզի ադենոմա, շաքարային դիաբետ, մաշկաբորբեր և այլն) ծագման տարբեր գործոններ, որոնք նույնպես կարող են չոր մաշկի ձևավորման պատճառ դառնալ: Տարբերում են չոր մաշկի երկու տեսակներ`   ձեռքբերովի և կառուցվածքային:

 

Ձեռքբերովի չոր մաշկը ձևավորվում է տարբեր արտաքին գործոնների, օրինակ`   օդերևութաբանական, ուլտրամանուշակագույն ճառագայթների, ինչպես նաև եղջերաթաղանթը քայքայող և վնասակար նյութեր պարունակող միջոցների ազդեցության հետևանքով:

 

Կառուցվածքային չոր մաշկի պատճառը գենետիկական և ֆիզիոլոգիական որոշ առանձնահատկություններն են:

 

Չոր մաշկի խնամքի անհրաժեշտ պայմաններից է այն ամեն օր նրբաքսուքներով կամ էմուլսիաներով մաքրելը: Տնային պայմաններում կարելի է օգտագործել հակաբորբոքային հատկություններով օժտված խոտաբույսերից պատրաստված թուրմեր, օրինակ`   երիցուկի, նարդոսի, հազարաթերթիկի և այլն: Եթե հակացուցումներ չկան, մաշկը կարելի է պարբերաբար մեռուկացած շերտերից ազատել (պիլինգ) մաքրող քսուքների և լվացումների միջոցով (որը կատարվում է մաշկաբան-կոսմետոլոգի խիստ հսկողությամբ), շաբաթը երկու անգամ դնել սնուցող դիմակներ: Ցուցված են նաև մաշկի համար նախատեսված համապատասխան նրբաքսուքներով և յուղերով մերսումները, ինչպես նաև ֆիզիոթերապևտիկ գործողությունները:

 

Ճարպոտ մաշկ

 

Նման մաշկին բնորոշ է խիստ արտահայտված բարձր ճարպարտադրությունը, յուրահատուկ փայլը, մազարմատների բացվածքների լայնացումը:

 

Համակցված կամ խառը մաշկ

 

Խառը մաշկին բնորոշ են մաշկի հաստացումը, լայնացած մազաճարպային ծակոտիները, դեմքի կենտրոնական մասերում ակտիվ ճարպարտադրությունը, մաշկի յուրահատուկ փայլը, որոնք զուգակցվում են դեմքի կողմնային հատվածներում մաշկի թեփոտումով և  բարակացումով:

 

Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ նախապես ստուգեք, թե արդյո±ք նրա բաղադրության մեջ մտնող նյութերից որևէ մեկի նկատմամբ ալերգիա չունեք. պատրաստված խառնուրդից նախապես քսեք մաշկի մի փոքր հատվածի վրա, և եթե որոշ ժամանակ անց մաշկը չգրգռվի, կարող եք օգտագործել:

 

Ճարպահոսական և համակցված մաշկը խնամելու համար պետք է այն կանոնավոր մաքրել, խոնավացնող և արևից պաշտպանող միջոցներ օգտագործել, որոնք (գելեր, կաթիկներ, լուծույթներ, նրբաքսուքներ) չպետք է պարունակեն էթիլային սպիրտ, հեռացնեն թեփուկները և մաշկային ճարպը, ունենան հակաբորբոքային ազդեցություն և եղջերաթաղանթի մեռուկացած շերտերից մաքրող եղջերալուծիչ ազդեցություն:

 

Հակաբակտերային օճառների և գելերի ընտրությունը շատ անհատական է: Հավելյալ խնամքի համար ցուցված են նաև բուժական կոսմետոլոգիական միջոցները: Բարդացած դեպքերում անհրաժեշտություն է լինում կիրառել դեղորայքային բուժում: 

 

Առողջ մաշկն իր էսթետիկ առողջ տեսքով մեծ ազդեցություն ունի կյանքի որակի վրա, ուստի մաշկի տիպի ճիշտ որոշումը և ճիշտ խնամքը օգնում են պահպանել վերջինիս առողջ, թարմ և գեղեցիկ տեսքը: Այդ պատճառով անհրաժեշտ է դիմել մաշկաբան-կոսմետոլոգի ոչ միայն բուժական խորհրդատվության, այլև անցանկալի փոփոխությունները կանխելու նպատակով:

 

Ճարպահոսական տիպի մաշկը ևս կարիք ունի բուժական դիմակների, սակայն պետք է հաշվի առնել, որ որոշ մթերքներ, հատկապես մեղրը, ձուն, ցիտրուսները, հատապտուղները և այլն, կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ: Արտահայտված բորբոքային տարրերի առկայության դեպքում, ինչպես նաև տարվա ցուրտ և արևոտ եղանակներին պիլինգ կատարելը հակացուցված է: Եղջերաթաղանթը մաքրող`   թթու պարունակող բուժական նրբաքսուքների կանոնավոր օգտագործումը թույլ է տալիս խուսափել մեխանիկական պիլինգներից և դրանց հետևանքով առաջացող բարդություններից: Համակցված կամ խառը մաշկի մաքրման դեպքում ցուցված է սալիցիլաթթու, բորաթթու, ռեզորցին, ծծումբ, իխթիոլ, հակաբիոտիկներ պարունակող լոսյոնների և փոշիների օգտագործումը: Ճարպոտ մաշկին ցուցված է նաև խորը մաքրումը, սակայն չպետք է մոռանալ, որ պիլինգները նշանակվում են մաշկաբանի կողմից: Հատկապես չպետք է մոռանալ, որ դաշտանի ընթացքում, ինչպես նաև որոշ ծանր հիվանդությունների դեպքում խորը պիլինգները խիստ հակացուցված են: Ֆիզիոթերապևտիկ միջոցները ևս համարվում են անհրաժեշտ բուժական միջոց:

 

 

եղինակ. Զարուհի Մարգարյան, Լիլիթ Մուրադյան Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2011 (293)
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: