Առողջապահություն

Գաղձ - Повилика - Cuscuta L.

Գաղձազգիների ընտանիքին պատկանող մակաբույծ, միամյա բույս է, զուրկ արմատներից, տերևներից, նույնիսկ քլորոֆիլից: Ապրում է այլ բույսերի հաշվին, բազմանում սերմերով և վեգետատիվ ճանապարհով: Գաղձի տեակները պարազիտում են երեքնուկին, եղինջին, հմուլին, բամբակին, խաղողին և այլ բույսերին`   ցողունին ամրանալով մանր, գորտնուկաձև ծծիչներով: Գաղձի սերմերը`   աշնանը թափվելով գետնին, ծլում են միայն հաջորդ տարվա գարնան վերջերին, երբ արդեն աճած են լինում զոհ հանդիսացող բոլոր բույսերը: Ուշագրավ է այն, որ եթե ծիլը չի հանդիպում սնող բույսի, ապա այն շատ շուտ ոչնչանում է`   սնունդ չունենալու հետևանքով: Գաղձի ցողունը շատ նուրբ է, թելանման, ճյուղավոր, կարմրավուն կամ նարնջադեղին: Ունի սպիտակ, մանրիկ ծաղիկներ: Պտուղը տուփիկ է: Բույսը ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին: Պտուղները հասունանում են աշնան ամիսներին:

 

Հայկական տարանունները - ավթիմոն, աքշուշ, գայլախոտ, գելուկ, գոճամորուս, գոճմորու, ծտաճինճի, փաթթկենի, փոթորնի, քշութ, քշուշ

 

Դեղաբույսի նկարագրությունը

 

Գաղձազգիների ընտանիքին պատկանող մակաբույծ, միամյա բույս է, զուրկ արմատներից, տերևներից, նույնիսկ քլորոֆիլից: Ապրում է այլ բույսերի հաշվին, բազմանում սերմերով և վեգետատիվ ճանապարհով: Գաղձի տեակները պարազիտում են երեքնուկին, եղինջին, հմուլին, բամբակին, խաղողին և այլ բույսերին`   ցողունին ամրանալով մանր, գորտնուկաձև ծծիչներով: Գաղձի սերմերը`   աշնանը թափվելով գետնին, ծլում են միայն հաջորդ տարվա գարնան վերջերին, երբ արդեն աճած են լինում զոհ հանդիսացող բոլոր բույսերը: Ուշագրավ է այն, որ եթե ծիլը չի հանդիպում սնող բույսի, ապա այն շատ շուտ ոչնչանում է`   սնունդ չունենալու հետևանքով: Գաղձի ցողունը շատ նուրբ է, թելանման, ճյուղավոր, կարմրավուն կամ նարնջադեղին: Ունի սպիտակ, մանրիկ ծաղիկներ: Պտուղը տուփիկ է: Բույսը ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին: Պտուղները հասունանում են աշնան ամիսներին:

 

Սերմերը ծլունակությունը պահում են 6-7 տարի:

 

Քիմիական բաղադրությունը

 

Բույսի մեջ հայտնաբերված են կումարինի ածանցյալներ, կեմպֆերոլ, կուսկուտին գլիկոզիդը, իսկ առանձին տեսակների մեջ`   կուսկուտամին, ֆիտոստերին, կվերցետին, դաբաղանյութեր, ֆլոբաֆեն, սապոնիններ:

 

Բուժական նշանակությունը

 

Բուժման նպատակով օգտագործում են ամբողջ բույսը: Այն հավաքում են ծաղկման սեզոնում, անմիջապես չորացնում հով տեղում`   միջանցուկ քամու տակ, ապա լցնում մառլյայից տոպրակի մեջ և կախված վիճակում պահում չոր տեղում: Հին հույները գաղձն օգտագործել են որպես լեղամուղ և ստնտու կանանց կաթն ավելացնող միջոց:

 

 

 

Գաղձ - Повилика - Cuscuta L. Գաղձ - Повилика - Cuscuta L. Գաղձ - Повилика - Cuscuta L.

 

 

 

Ավիցեննան գաղձն օգտագործել է գլխացավերի, մելանխոլիայի, հոգեկան որոշ շեղումների, գլխապտույտի, կոշմարային քնի, ընկնավորության, անդամալուծության, ականջն ընկած որդերի, բրոնխիալ ասթմայի, սրտային առիթմիաների, վատ ախորժակի, փսխման ժամանակ և այլն: Այս բոլոր դեպքերում նա դեղաբույսն օգտագործել է առանձին կամ այլ դեղամիջոցների հետ խառը: Մխիթար Հերացին նշում է գաղձի («աֆթիմոն» անվան տակ) լեղամուղ հատկության մասին և նրա օգտակարությունը նյարդահոգեկան հիվանդությունների ժամանակ: Խառնելով այլ դեղամիջոցների հետ, Հերացին գաղձն օգտագործել է քառօրյա մալարիայի, տենդային սպիտամիզության, լեղապարկի բորբոքումների և փայծաղի հիվանդությունների ժամանակ: Հաբերի ձևով դեղաբույսը նշանակվել է նաև գլխացավերի, աչքի և ոսկրերի մի շարք հիվանդությունների դեպքերում: Խառնելով լուծողական հավաքածուներին, Հերացին նշում է գաղձի արդյունավետ ներգործությունն աղիների խիթի, աղեփքանքի և ստամոքսի բորբոքումների ժամանակ: Գաղձը մտել է այն ժամանակ շատ տարածված Գալենի դեղահաբերի բաղադրության մեջ, որոնք լայնորեն կիրառվել են վերը նշված հիվանդությունների ժամանակ:

 

Դեղաբույսի ներգործման հետաքրքիր տվյալներ նշում է նաև Ամիրդովլաթ Ամասիացին: Ըստ անվանի բժշկապետի, գաղձն ունի վիժեցնող հատկություն, դրականապես է անդրադառնում ընկնավորության, դեպրեսիվ սինդրոմի և որոշ ուռուցքների բուժման ընթացքի վրա: Միաժամանակ նշում է, որ գաղձը կանոնավորում է լյարդի և փայծաղի ֆունկցիաները, վերացնում դեղնությունը, նորմալացնում միզարձակումը և դաշտանը, ուժեղացնում ստամոքսը, կտրում որձկալու երևույթը: Դեղաբույսի սերմերը`   «պզր քշուշ» անվան տակ, հեղինակն օգտագործել է փորկապության, լյարդի և խայծաղի բորբոքումների, միզակապության, դաշտանի անկանոնության դեպքերում. ինչպես նաև ստամոքսը մաքրելու նպատակով, իսկ բույսի մզվածքը`   շաքարով, ջրգողության և դեղնության ժամանակ:

 

Թուրքմենիայի և Իրանի ժողովրդական բժշկության մեջ գաղձի սերմերի ջրաթուրմն օգտագործվում է որպես ջերմ իջեցնող և լեղամուղ միջոց: Տարբեր ժողովուրդներ գաղձն օգտագործում են սակավարյուն դաշտանի, իսկ հոմեոպաթիայում`   մաշկի ցաների, գրիպի, կանացի մի շարք հիվանդությունների ժամանակ: Եվրոպական որոշ երկրներում հայտնի է գաղձի օֆիցինալ ձևը`   որպես լուծողական միջոց: Գաղձի պտուղների և սերմերի ջրաթուրմը ոչնչացնում է որոշ նախակենդանիների:

 

 

Գաղձ - Повилика - Cuscuta L. 	Գաղձ - Повилика - Cuscuta L. 	Գաղձ - Повилика - Cuscuta L. Գաղձ - Повилика - Cuscuta L. 	Գաղձ - Повилика - Cuscuta L. 	Գաղձ - Повилика - Cuscuta L.

Գաղձ - Повилика - Cuscuta L. 	Գաղձ - Повилика - Cuscuta L. 	Գաղձ - Повилика - Cuscuta L.

 

 

Դեղաբույսի լեղամուղ հատկությունը հիմնավորելու նպատակով կատարել ենք մի շարք հիվանդների դուոդենաժ, լեղապարկի ռեֆլեքս առաջացնելու նպատակով օգտագործելով գաղձի եփուկը`   5 գ չոր հումքը 100 մլ ջրին: Նշենք, որ բոլոր հիվանդների մոտ ստացել ենք լեղու բոլոր բաժինները: Գաղձի եփուկը 12-մատնյա աղի լցնելուց 8-10 րոպե հետո առաջ է եկել լեղապարկի բնորոշ ռեֆլեքս, որն արտահայտվել է լեղու առատ արտահոսով: Ստացված լեղին միանգամայն բավարարել է`   գաղափար կազմելու լեղուղիների առկա հիվանդությունների մասին: Գաղձի այս հատկանիշը, բացի ախտորոշիչ նպատակից, օգտագործել ենք նաև լեղապարկի դիսկինեզիայով հիվանդներին բուժելու համար: Պարզվել է, որ դեղաբույսի եփուկը (20 գ հումքը`   200 մլ ջրին), ընդունելով 1-ական ճաշի գդալ`   օրական 3 անգամ, ուտելուց 10-15 րոպե առաջ, գոլ վիճակում, 2 շաբաթ տևողությամբ, առաջ է բերում լեղապարկի ֆունկցիոնալ աշխուժացում, նրա չափերի փոքրացում: Հիվանդների աջ թուլակողի հատվածում նկատվել են լարվածության, ծանրության զգացման և ցավերի մեղմացում կամ լրիվ վերացում:

 

Կիրառման եղանակները

 

Եփուկ պատրաստելու համար 20 գ չոր հումքը 200 մլ ջրում եռացնում են 20 րոպե, ապա ընդունում 1-ական ճաշի գդալ`   օրական 3 անգամ: Թուրմ պատրաստելու համար 8-10 գ չոր հումքը 2 ժամ թրմում են մեկ բաժակ եռման ջրում, ապա քամում ու ըմպում միանվագ, թեյի ձևով, որպես լուծողական: Սերմերից թուրմ պատրաստելու համար 5-6 գ հումքը 1 ժամ թրմում են մեկ բաժակ եռման ջրում և ընդունում 1-ական ճաշի գդալ`   օրական 3 անգամ:

 

Բույսի այլ հատկանիշները

 

Գաղձը վտանգավոր մոլախոտ է: Այն մեծ վնաս է հասցնում խաղողին, բամբակին, առվույտին, կորնգանին և այլն: Չնայած նրա ոոշակի բուժական նշանակությանը, պետք է պայքար տանել նրա արեալների անսահման տարածման դեմ`   հերբիցիդներով, այրելով, մինչև գաղձի պտուղ տալը նրա զոհը դարձած կերաբույսի վաղ հնձումով և վերջապես, ալտերնարիայով: Վերջինս մակաբույծ սունկ է, որի սպորները սրսկելով գաղձին, ոչնչացնում են նրան: Այս մեթոդն ունի հեռանկարային կիրառում: Գաղձի որոշ տեսակներ թունավոր են, հատկապես գյուղատնտեսական մի շարք կենդանիների համար:

 

 

Հոդվածի հեղինակ`   Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: